«Դուք գիտեք, որ ես խոսքի արտահայտման ազատության կողմնակից եմ, եւ եթե որեւիցե մեկի մոտ հարցեր են առաջացել առ այն, թե այս կամ այն անձի հրապարակումները վիրավորում են կամ զրպարտում են այս կամ այն անձին, վերջինս կարող է սահմանված ընթացակարգերով ստանալ իր հարցերի պատասխանը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ-ն ատելություն ու վիրավորական արտահայտություններ տարածող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ընտրում ԲԴԽ անդամ։
Նշենք, որ Սիրունյանին ԲԴԽ անդամ ընտրելու հարցը ներառված է ԱԺ այս նստաշրջանի օրակարգում։
Վլադիմիր Վարդանյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է թեկնածուին, խմբակցության մոտ դիրքորոշում ձեւավորվում է բացառապես լիագումար նիստերի դահլիճում՝ նրա ելույթն ու քննարկումը լսելուց հետո։ Ինչ վերաբերում է հարցին, թե ծանո՞թ եմ նրա հայտարարություններին, թե ծանոթ չեմ, ես ֆեյսբուքյան ոչ բոլոր հրապարակումներին եմ ծանոթանում։ Եվ պարզապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ քանի դեռ անձը չի զբաղեցնում իր պաշտոնը, որը պահանջում է, որ վերջինս ունենա քաղաքական զսպվածություն, մարդը կարող է օրենքով եւ միջազգային նորմերով արտահայտել այն մտքերը, որոնք կարող են նաեւ հաճելի չլինել այս կամ խմբի համար։ Խոսքը այն լեգիտիմ շեմի մասին է, որը Եվրոպական դատարանը դիտարկում է որպես ընդունելի խոսքի ազատության տեսանկյունից»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ