«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի դեմ 1,5 մլրդ ռուբլու հայց է ներկայացվել վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի մահվան առնչությամբ, հայտնում է «Kommersant»-ը:
Գործարարի այրու և երկու դստրերի անունից վնասի հատուցման հայց ներկայացվել է թե՛ արտադրողի, թե՛ ՌԴ-ում նրա ներկայացուցչի՝ «Ջերմուկ հանքային ջուր» ՍՊԸ-ի, և թե ապրանքն իրացնողի դեմ։
Ըստ դիմումատուների՝ 2024 թվականի փետրվարի 11-ի առավոտյան Օլեգ Գուսովը Վլադիկավկազի «Ֆարն» շուկայի տաղավարից գնել է 12 շիշ հանքային ջուր: Մոտ մեկ ժամ անց՝ տանը, տղամարդը բացել է շշերից մեկը, մի կում խմել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է:
Հիշեցնենք՝ դեռևս 2024 թվականի փետրվարին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրված ցավալի դեպքի հանգամանքների բացահայտմանը նպաստելու նպատակով, ստուգում է իրականացնել «Ջերմուկ» հանքային ջրի արտադրող «Ջերմուկ գրուպ» ընկերությունում և խախտումներ չեն հայտնաբերվել:
Կարդացեք նաև
ՍԱՏՄ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ստուգման ընթացքում արձանագրվել է, որ արտադրվող սննդամթերքը նույնական է ըստ անվանման, տեսողական, զգայորոշման և վերլուծական մեթոդով։
Հստակեցվել է, որ արտադրական շինություններում չեն պահվում սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող ցանկացած նյութ և պարագա, այդ թվում՝ լվացող և ախտահանող նյութեր, բացառությամբ արտադրական շինությունների և սարքավորումների ընթացիկ լվացման և ախտահանման համար անհրաժեշտ լվացող և ախտահանող միջոցների։
Ակնհայտ է դարձել, որ չի արտադրվում վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր»: