Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը նվեր կարպետն ուսերին գցած նկարվում է և լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել

Հունվար 20,2025 11:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրականության և արվեստի թանգարանում «Պատում մեկ իրի» ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում ներկայացվել է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր, հավաքորդ Մարկոս Գրիգորյանին պատկանող կարպետը, որը վերջինիս նվիրել է անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը:

1988թ.-ի աշնանը բացառիկ հրավերով Սերգեյ Փարաջանովը մեկնում է Նյու Յորք՝ մասնակցելու 26-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով:

Փառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթանում և բարեկամանում է Մարկոս Գրիգորյանի հետ: Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության,  մեղվակարպետ է նվեր ուղարկում՝ հայտնելով, որ այդ գործողությունը իշխանություններից գաղտնի է: Ի պատասխան՝ Մարկոս Գրիգորյանը կարպետը ուսերին գցած լուսանկարվում է և լուսանկարն ուղարկում Փարաջանովին՝ ակնարկելով, որ «գաղտնի» բեռը տեղ է հասել:

«Տարին հագեցած է լինելու Մարկոս Գրիգորյանի հոբելյանին նվիրված միջոցառումներով։ Այս ցուցադրությունը գործելու է մեկ ամիս։ Այս մեկ կարպետը երկու հսկաների, երկու հայորդիների ամուր ընկերության վկայությունն է։  Նյու Յորքում Մարկոս Գրիգորյանը Փարաջանովին նվիրել էր շատ թանկ կինոտեխնիկա, և Թիֆլիս վերադառնալուն պես Փարաջանովը նրան պատասխան նվեր է ուղարկում։ Այս ցուցադրությամբ բացահայտում ենք նաև Մարկոսի բազմաժանր գործունեության ևս մեկ ոլորտ․ նա նշանավոր է եղել հատկապես Իրանում՝ կինոյի ասպարեզում»,- իր խոսքում նշեց Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը՝ տեղեկացնելով, որ թե՛ կարպետը և թե՛ լուսանկարը պահպանվում են ԳԱԹ-ում։

Ցուցադրությանը ներկայացվել են նաև Մարկոս Գրիգորյանի մասնակցությամբ ֆիլմերից կադրեր։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031