Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

Երեխայի ապօրինի որդեգրման գործը ՄԻԵԴ-ում է

Հունվար 20,2025 13:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ քարտուղարությունում ստացվել է Ս.Պ.-ի դիմումը:

Դատարանը տեղեկացրել է դիմումատուին, նրա ներկայացուցչին՝ փաստաբան Ա. Պապիկյանին, որ առաջին իսկ հնարավորության դեպքում քննության կառնի տվյալ գործը. «Ձեր անձնական ներկայությունը կպահանջվի միայն դատարանի համապատասխան հրավերի դեպքում»:

Դատարանը նաեւ տեղեկացրել էր, որ գործի պատրաստման փուլում հնարավոր է դիմումատուն ստանա գրավոր հարցումներ՝ տեղեկատվություն, կամ փաստաթղթեր ներկայացնելու խնդրանք. «Այդ հարցումներին անպատասխան թողնելը կարող են դատարանին հանգեցնել հետեւության, որ դիմողն այլեւս շահագրգռված չէ հետամուտ լինել իր դիմումին, հետեւաբար այն կարող է հանվել դատարանի գործերի ցուցակից»:

Դիմումատուն տեղեկացրել է, որ քսանհինգ տարի առաջ ծնվել է իր աղջիկ երեխան, սակայն օգտվելով իր անչափահաս լինելու հանգամանքից, բուժանձնակազմը նրան հավատացրել է, որ երեխան չի ապրի, ստիպել են հայտարարել երեխայից հրաժարվելու մասին:

Տասնմեկ տարի առաջ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցվեց քրեական գործ, ապա կասկածյալ բժիշկների նկատմամբ որոշում կայացվեց հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճել, քրեական հետապնդումը դադարեցնել:

Պետք է նշեմ, որ բժիշկները հանրապետության ամենահայտնիներից էին, որոնց մասին, երբ նոր էր այս գործը վարույթ ընդունվում, ապա որոշումները դատարաններում բողոքարկվում, խուսափում էին լրատվականները գրել:

«Առավոտը» բացառություններից է, քանի որ դատական գործընթացները, բողոքարկումները, մոր ապրումները կարողացել է պատշաճ ներկայացնել:

Հետագայում, թե դիմումատու մայրը, թե նրա ներկայացուցիչ փաստաբանները կարողացել են ձեռք բերել, հավաքել բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք վարույթն իրականացնող մարմինների կողմից քննության չեն առնվել, անտեսվել են:

ՄԻԵԴ են ներկայացվել տասնյակ միջնորդությունների մերժման մասին որոշումները նույնպես, այդ թվում, նաեւ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազին ուղղված միջնորդությունը, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության ավագ քննիչին ուղղված, նրա կողմից մերժված միջնորդությունները:

Նշեմ, տասնյակ դատարաններում այս գործը պտույտներից հետո ՀՀ վճռաբեկ դատարանում հանգրվանեց, Վճռաբեկ դատարանն էլ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին որոշում է կայացրել՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ դիմումատուի ներկայացուցչի հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին:

ՄԻԵԴ-ում վիճարկվում է արդար դատաքննության իրավունքի ոտնահարման մասին, այն սահմանված է «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի» առաջին հոդվածով:

Նշված էր. «Դիմողի համար պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում ինքն այլեւս չի կարող հուսալ, որ իր նկատմամբ կգործի արդար դատաքննության իրավունքը: Հատկանշական է, որ առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ քրեական դատարանն իրենց կայացրած դատական ակտերի մեջ դիմողի բողոքը մերժելու նպատակով կիրառել եւ օգտագործել են այն անձի՝ երեխային վաճառած բուժաշխատողի փաստաբանի պնդումները, ով ենթադրաբար վաճառել է դիմողի երեխային: Այս հանգամանքն էլ ավելի է հավաստում, որ դիմողի արդար դատաքննության իրավունքը խախտված է»: Քննության օրը հայտնի չէ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանկավաճառության համցանքի համար առաջին քրեական գործը հարուցվել է 2013թ. այդ մասին հաղորդում տալուց հետո միան 8-9 ամիս հետո եւ միայն մեր համառ ջանքերից հետո, բայց եւ «բարեհաջող» կարճվել է հանցանքն իրականացողների նկատմամբ ՀՀ Գլխավոր դատախազության եւ դատական մարմիններիˋ առավել քան հոգատար վերաբերմունքի հետեւանքով

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031