Վճռաբեկ դատարանը բեկանեց վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Երեկ՝ հունվարի 17-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը հրապարակեց գրավոր ընթացակարգով քննության առնված, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ Մ. Բեգլարյանի պաշտպաններ Մ. Թամազյանի, Ա. Մանթաշյանի, մեղադրյալ Ն. Բեգլարյանի պաշտպան Զ. Սակովայի վճռաբեկ բողոքների հիման վրա իր որոշումը:
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր Տավուշի մարզի դատախազի տեղակալ Վ. Լազարյանի վերաքննիչ բողոքները, բեկանել էր Մ. Բեգլարյանի, Ն. Բեգլարյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումները, թիվ ՏԴ/0023/01/22 քրեական գործը փոխանցել էր նույն դատարան՝ նոր քննության, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել բացակայելու արգելքը։
Նշենք, որ 2022թ. փետրվարի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Կարդացեք նաև
Ինը հատորանոց գործը Վճռաբեկ դատարան էր ներկայացվել 2023-ի հոկտեմբերի 23-ին:
Ծանոթանալով այդ գործի նյութերին, պարզում ես, որ բազմադրվագ այս գործով մի քանի անգամ մեղադրանքը փոխվել, լրացվել է, մասնավորապես, 2022թ. փետրվարի 22-ին Մ. Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ՝ նախնական համաձայնության գալով Ա. Հարությունյանի եւ Ն.Բեգլարյանի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ին, երկաթյա ձողով բացել է Դիլիջան քաղաքի բնակչի տան դիմաց կայանված, տուժող Ա. Օ.-ի ավտոմեքենայի դուռը, շարժի է գցել ավտոմեքենան, հափշտակել այն եւ մեքենայի մաս կազմող էլեկտրական ճախարակը, պատճառելով խոշոր չափերի՝ 2.570.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեկ այլ դրվագով, նրանք տուժող Ա. Ա.-ին պատկանող խանութ-սրահի եվրոպական արտադրության դուռը բացելով, մուտք էին գործել այնտեղ եւ հափշտակելով 4.644.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, 1 հատ տեսագրառում կատարող սարք եւ 1 հատ համակարգչի մոնիտոր:
2022թ. փետրվարի 23-ին Ն.Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը նույնպես փոփոխվել ու լրացվել էր, եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել նշված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Հետագայում տուժողները դատարան են ներկայացնում մեղադրյալների հետ հաշտվելու վերաբերյալ դիմումներ՝ նշելով, որ իրենց եւ մեղադրյալների միջեւ հաշտության վերաբերյալ առկա է ինքնուրույն եւ ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն եւ չեն ցանկանում, որ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության, հաշտվել են, ներել են, նրանց նկատմամբ որեւէ բնույթի բողոք կամ պահանջ չունեն եւ խնդրել են քրեական հետապնդումը դադարեցնել՝ իրենց միջեւ առկա հաշտության հիմքով։
Իրենց վճռաբեկ բողոքներում պաշտպանական կողմը պնդել էր, որ վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է ամբողությամբ բեկանման: Նրանք նշել էին, որ համանման գործով Երեւան քաղաքի դատարանը քրեական հետապնդումը դադարեցրել էր, քրեական գործի վարույթը կարճել էր տուժողի հետ հաշտության հիմքով, որը չի բողոքարկվել, մտել էր օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս գործով «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության, ինչպես նաեւ տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման եւ իրավունքի զարգացման խնդիր, դատարանն անդրադարձել էր հաշտության ինստիտուտին, կարեւորելով «հանցանք կատարած անձի եւ տուժողի միջեւ ինքնուրույն եւ ազատ կամարտահայտության վրա հիմնված հաշտությունը»:
Վճռաբեկը նշում է, որ «առաջին անգամ հանցանք կատարած անձի» համար օրենսդրորեն նախատեսվել են «որոշակի արտոնյալ կարգավորումներ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.01.2025