Լրահոս
Հո զոռով չի՞
Օրվա լրահոսը

«1989 թվականի դեկտեմբերի վերջին՝ նոր տարուն ընդառաջ, բակի բարձր բարդիներից մեկը «տոնածառ» դարձրին ու որպես «խաղալիքներ»՝ գլխիվայր կախեցին հայերին»

Հունվար 20,2025 13:30

Ահասարսուռ հիշողություններ՝ Բաքվի ջարդերից

«Առավոտի» զրուցակիցն է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

– Տիկին Ավագյան, լրանում է Բաքվի հայերի ջարդերի 35-րդ տարելիցը։ Ի՞նչ տվյալներ կներկայացնեք, ի՞նչ վայրագություններ են տեղի ունեցել այդ օրերին։

– Բաքուն անպայման հիշում է թե 1905 թվականի, թե 1918 թվականի հայերի կոտորածը։ Այս երրորդ կոտորածը վերջնական զրկեց Բաքվին նրա նվիրյալ բնակչից, կառուցողից, արարողից։ 1988 թվականի փետրվարի Սումգայիթին հետեւեց հայերի ջարդերը Բաքվում՝ արդեն 1988 թվականի մարտից։ Այդ ջարդերը մերթընդմերթ ակտիվանում էին ոչ միայն Բաքվում, այլ Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված բոլոր հայկական բնակավայրերում։ Բաքվի հայերի ջարդի վերջին փուլը սկսվեց 1989 թվականի դեկտեմբերին, 1990 թվականի հունվարի 11-ին հայերի ջարդերը ստացան կուռ կազմակերպված  ընթացք, որը տեւեց մինչեւ հունվարի 19-ը։ Հայերի հարցը լուծելուց հետո հաշվեհարդարի հարվածը ուղղվեց Բաքվի ռուսական բնակչության կողմ, այստեղ, իհարկե, Մոսկվան միջամտեց եւ թափ ստացած ցեղասպան զանգվածին սաստեց միայն տանկերով։

Թե Բաքվից փախստականների գրավոր վկայությունները, թե իմ հարցազրույցները վկայում են, թե որքան հեռատես ու պայծառատես էր ամենայն հայոց բանաստեղծը 1918 թվականի նոյեմբերին՝

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան,

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,

Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան։

Այո, նույն թուրքն էր թե 1905-ին, թե 1918-ին, թե 1990-ին։

Հիշեցնենք, որ Բաքվից դեպի Կրասնովոդսկ (Թուրքմենբաշի) լաստանավերով փախչող հայերի համար լաստանավերը դարձել էին ջարդի, նսեմացման, ոչնչացման նոր վայր։ Բաքվից լաստանավով 1990-ի հունվարին փախած պետանվտանգության մայոր Ա-եվա Սիրանուշը պատմեց, որ իր ականջների մեջ Կասպիի վրա լողացող ցիստեռնից երեխաների աղաղակն է։ Նելլի Ավակովան պատմում է, թե ինչպես 1989 թվականի դեկտեմբերի վերջին՝ նոր տարուն ընդառաջ, բակի բարձր բարդիներից մեկը «տոնածառ» դարձրին ու որպես «խաղալիքներ»՝ գլխիվայր կախեցին հայերին, նրանց մեջ էր երիտասարդ հարեւանուհին… Նրանց բակում 1990 թվականի հունվարին բռնաբարելուց հետո խարույկի մեջ նետեցին սկզբում աղջնակին, ապա մորն ու տատիկին, պապիկին, որոնք թեեւ ազգությամբ պարսիկ էին, բայց նրանց փեսան՝ աղջնակի հայրը, հայ էր…Ավակովան գիրք ունի՝ «Լաստանավ», ահասարսուռ հիշողություններ են լաստանավով իր փախուստի մասին։

Կարեւոր է հիշեցնել, որ Հայկական ԽՍՀ ԳԽ-ն 1990թ. փետրվարի 13-ին հայերի կոտորածը Ադրբեջանական ԽՍՀ վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայկական բնակավայրերում որակել է ցեղասպանություն, ցեղասպանության շարունակություն։ Երբ ՀՀ երրորդ նախագահը կամ ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը խոսում են, որ իրենց թույլ չեն տվել Մինսկի խմբի բանակցություններում խոսել 1988-1992 թվականների ցեղասպանության դրվագների մասին՝ Սումգայիթում, Գարդմանքում, Գանձակում, Նախիջեւանում, Բաքվում, Շահումյանի շրջանում, ապա ո՞վ էր խանգարում կամ ո՞վ է արգելում այսօր ՀՀ ԱԺ-ին,  հայ  պատմաբաններին, ցեղասպանագետներին  խոսել ու տալ գնահատական, շրջանառության մեջ պահել այդ ողջ ընթացքի մասին տեղեկությունները։ Թրքական փափուկ ուժի մխրճումը Երեւան ու Ստեփանակերտ միշտ է եղել ակնառու, այսօր եւս՝ արդեն միայն Երեւանում։

-Բաքվի, Սումգայիթի, այլ բնակավայրերի հայերի ջարդերի հետեւանքով քանի՞ մարդ է բռնի տեղահանվել ու զոհվել, կա՞ն  հաշվարկներ, թե ի՞նչ կորուստներ են կրել հայերը։

– Թե որքան հայ է սպանվել 1988-1992 թվականներին Ադրբեջանում՝ Ապշերոնում, Բաքվում, մնացած հայկական բնակավայրերում, Կուրի ձախափնյա տարածքում, Կուրի աջափնյա տարածքում, չկա որեւէ փորձագիտական գնահատական։ Իսկ Եվգենի Սատանովսկին վերջերս տված իր մի հարցազրույցում հարց է տալիս՝ «Քանի՞ մարդ է զոհվել Ադրբեջանում Սումգայիթի եւ այլ վայրերի ջարդերի ժամանակ» եւ ինքն էլ պատասխանում է՝ «Հարյուր հազարավոր»։ Բայց RUSARM INFO -ն վերնագրի մեջ դնում է «հարյուր հազարավոր փախստականներ»- «րՏՑվՌ Ցօրÿփ ոպՋպվՓպՉ», ինչո՞ւ, պատահականությո՞ւն, թե՞ չհասկացվածություն։ Ես վստահ եմ, որ նման թիվը Սատանովսկին պատահական չի արտաբերում, ես վստահ եմ, որ նման թվի մասին կվկայեն ՀՀ ԱԱԾ-ում պահպանվող արխիվները, ես վստահ եմ, որ այսօր ՀՀ-ում կան մարդիկ, որ քաջատեղյակ են այդ թվից։

Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների թվի շուրջ մենք ունենք բազում տպագրված նյութեր։ Մեր փորձագիտական հետազոտությունների արդյունքում՝ Բաքվի հայերի թիվը 1988-ի նախօրեին ընդունելով 300 հազար, ստացանք 660 հազար թիվը։ Այս թիվը բարձրաձայնելուց հետո իշխանական օղակներից մեզ հուշեցին 2017 թվականի նոյեմբերին Այազ Մութալիբովի տված հարցազրույցի մասին, որտեղ նա ասում է, որ Բաքվում 1988 թվականի նախօրեին ապրում էր 500 000 հայ։ Այազ Մութալիբովը 1988 թվին Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալն էր, եւ շատ լավ պետք է իմանար հայերի իրական թվի մասին թե Բաքվում, թե Ադրբեջանական ԽՍՀ-ում՝ հայերի ցեղասպանությունը արդյունավետ կազմակերպելու համար։ Բաքվի 500 հազար թվի կիրառումից հետո մենք սկսել ենք բարձրաձայնել Ադրբեջանական ԽՍՀ-ից ավելի քան 820 հազար հայ փախստականների մասին։ Ու ոչ միայն, մենք խոսել ենք նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ից այն 70 հազար փախստականների մասին, որոնք 1988-1990 թվականներին հայության դեմ իրականացված ոճրագործության վկան էին եւ իրենց կյանքը այլեւս մարդասպան Բաքվում չէին տեսնում,  փախան Իրան, կամ 300 հազար ռուս փախստականների մասին, 150 հազար հրեա փախստականների մասին։ Այսօր Իսրայելում ապրող Ադրբեջանական ԽՍՀ-ից հրեա փախստականները վախից լուռ են, նույնիսկ տեսախցիկի առաջ հարցազրույց չեն տալիս, քանի որ Իսրայելում «ադրբեջանցիները» քիչ չեն։

Բայց հիմա կուզեմ անդրադառնալ ինձ համար կարեւոր մի հանգամանքի, երբ հայկական «պատմագիտական» աղբյուրներում կհանդիպեք Բաքվի հայերի 200 հազար թվին։ Բանն այն է, որ հայկական «պատմագիտական» միտքը ու դրան հետեւող քաղաքական վերնախավը ակտիվ 35 եւ ավելի տարիներ շրջանառության մեջ են պահում թուրք-ադրբեջանական կեղծ, այսպես կոչված՝  «պաշտոնական»  տվյալները։ Ու հարց՝ սա ի՞նչ անհետեւողական մեթոդաբանություն է, ինչո՞ւ են ընտրողական կիրառում թրքական հակահայ քարոզի կողմից մատուցվող  «պաշտոնական» տվյալները։ Դե եթե թվերը ընդունում ու շրջանառում են, ապա թող մնացածն էլ «կիրառեն»։  Նման վերաբերմունքը նաեւ վկայում է Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված տարածքների հայության ճակատագրի հանդեպ հայ «պատմագիտական» մտքի ամուլ, անտարբեր պահվածքը։

Հաջորդ պահը, որ կուզեի հրավիրել ընթերցողի ուշադրությունը,  դա Բաքվի հայերի ջարդերի ժամանակ սպանված հայերի թիվն է, երբ ասում են, թե «սպանվեցին հարյուրավոր հայեր», սա իրականում ոչինչ չասող արտահայտություն է։ Մեկը  հարցնի, թե ինչի՞ հիման վրա են նման բան ասում։ Այո, տխուր է, երբ մտքի ու վերլուծության բացակայություն է, կոտորված հայերի համար ցավի պակաս է։ Հիշենք, որ 1918 թվականի սեպտեմբերի 15-18-ը՝ երեք օրում, Բաքվում, ըստ տարբեր հաշվարկների, սպանվեցին 10000-30000 հայ։ Իսկ որեւէ հետազոտություն չի արվել՝ հասկանալու համար, թե 1988 թվի մարտից 1990 թվի հունվարի 19-ը կազմակերպված ու համակարգված ջարդերի արդյունքում որքան հայ է սպանվել, տպավորություն կա, որ «պատմագիտական» միտքը իսպառ բթացել է կոտորածների շարունակական ցավից, ու չկա սպանդի մասշտաբները հասկանալու կարիք։

Մի առիթով Զիա Բունիաթովը հպարտացել էր, թե Սումգայիթում սպանվել է 700, Բաքվում՝ 9000 հայ (վկայել է պատմաբան, բաքվեցի Լեւոն Ադյանը)։  1988 թվականի մարտից մինչեւ 1990 թվականի հունվարի 19-ը տեւած կոտորածի մեր փորձագիտական քննությունը, ըստ սպանդի մեջ ներառված հայասպանների թվի, խմբերի թվի, սպանդի մասշտաբների, հայության Բաքվում բաշխվածության, բերում է այն եզրահանգման, որ սպանվել են մեկ տասնյակ հազարից շատ, միգուցե մի քանի տասնյակ հազար հայ։ Սումգայիթցի ընտանիքի եւ մի քանի վկաների տված հարցազրույցները, որոնց կարող եք գտնել «Փափուկ ուժ» հաղորդաշարում, բերում են այն եզրահանգման, որ Սումգայիթում սպանվել է առնվազն 3000 հայ։

– Ի՞նչ շարժառիթ ունեին այդ գործողությունները հայերի նկատմամբ։

– Ո՞րն էր համիդյան ջարդերի շարժառիթը, ո՞րն էր 1905, 1909, 1918-1920, 1988-1992, 2020-2023 թվականների հայերի ջարդերի, կոտորածների, բռնագաղթի շարժառիթը։ Ակնհայտ է, որ շարժառիթը նախ եւ առաջ թրքական տարրի հաստատվելն է հայության կենսատարածքում, հայության դուրս մղելն է նրա կենսատարածքից, նրա բնական միջավայրից։ Թուրքը մրցակցության մեջ է բնիկ ժողովուրդների հետ, հայության հետ։ Բնիկ ժողովրդի տարածքում նրան վերացնելով՝ հափշտակում է նրա ունեցվածքը, նրա մշակույթը, կենցաղը, կամ էլ իշխում է ու նրան շահագործում։ Սա թրքական տարրի կենսունակությունը ապահովող հիմնական հանգամանքն է այնքանով, որ դրա համար հային ոչնչացնելը դարձել է դրանց ինքնության մաս, «ժառանգական» հաստատագրված մղում։ Դրա մասին են վկայում թե իմ երջանկահիշատակ հոր պատմությունները, որոնց նա բախվել էր իր աշխատանքային կյանքում, կամ այսօր Երեւանում ապրող բնիկ շուշեցու պատմությունը, որ թուրքի համար հայ սպանելը ինքնության, որպես թուրքի՝ ինքնահաստատման կարեւոր բաղադրիչ է։

Ահա շարժառիթը, ահա թե ինչու են կեղծ «խաղաղության» շուրջ բանակցությունները, որոնց ես անձամբ ընկալում եմ հայությանը քնացնող ու բթացնող ընթացք, իսկ դա նշանակում է դիմադրության անկում ու հայության նոր կոտորած։

-Հայաստանի իշխանություններն այդ հարցերը պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել այս 35 տարիների ընթացքում, նաեւ փախստականների հարցերն են անտեսել։ Դրա հետեւանքն այսօրվա իրավիճակն է։ Ի՞նչ պետք է անել։

– Այո, այդ հարցերը շրջանցվել են նախ եւ առաջ հայկական իշխանությունների կողմից, այսօր էլ «փափուկ» շրջանցվում են։ Եթե ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն է տարածում Բաքվի ջարդերի մասին, ապա դա շատերի մոտ նույնիսկ զարմանք է հարուցել։ Ես սոցցանցում տեսա ահազանգ, որ karabakhrecords.info, karabakhfacts.com, xocali.net կայքերը քանի օր է՝ չեն աշխատում, որ Սումգայիթի հսկայական արխիվը վաղուց հանվել է գլխավոր դատախազության կայքից, «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ» կայքի Արցախյան հակամարտությանն ու 44-օրյա պատերազմին վերաբերող բաժինները փակվել են, չի աշխատում անգամ Ադրբեջանի ռազմական  հանցագործությունների մասին կայքը, որ ստեղծվել է 2021 թվականին։ Սա իրականում խիստ անհանգստացնող իրավիճակ է, գորշությունը՝ թանձրացնող։

Ինչ վերաբերում է փախստականների հարցին, ապա հայկական իշխանությունները ոչ միայն չեն խոսել հայ փախստականության մասին՝ ընդհանրապես, նաեւ որպես ցեղասպանության հետեւանք, այլեւ իրենց դավադիր պահվածքով տեղ են թողել, որ Բաքվում հորինեն «ադրբեջանցի» փախստականի եզրույթը։ Բաքուն՝ համաձայն ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի, որով սահմանվում է «… ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի կամ քաղաքական կարծիքի հարելու պատճառով հետապնդվելու հիմնավորված երկյուղի…» մասին, ոչ Հայկ. ԽՍՀ-ից, ոչ երբեմնի ազատագրված 7 շրջաններից, ոչ էլ ԼՂԻՄ-ից փախստական չունի։ Բայց Բաքուն ճկուն հորինեց եւ հայկական քաղաքական անհեռատես, ապազգային ու հակապետական մտքի պարագայում, հանգիստ շրջանառության մեջ պահեց ինչ-որ «ադրբեջանական փախստականների» հարցը՝ հասցնելով այն «արեւմտյան Ադրբեջան» նախագծի մշակմանն ու շրջանառմանը։ Ու կրկին հայկական քաղաքական ողջ վերնախավը չունի ամենօրյա հակադարձման մոտեցում, չունի նախաձեռնողական դիրքորոշում։

Հերիք չէ այս ամենը, Արցախի հայության դեմ տարվել է շատ խուճուճ, ասենք՝ կոռուպցիոն քաղաքականություն, երբ Արցախի հայը կարծես թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բայց եւ քաղաքացի չէ։ Հիմա էլ, երբ ՄԱԿ-ը ճանաչել է նրանց  փախստական, հայաստանյան իշխանությունները պարտադրում են դառնալ ՀՀ քաղաքացի, իսկ իրականում դրա արդյունքը կլինի նույնը, ինչ որ 820 հազարից ավելի հայ փախստականների հետ էր, երբ նրանք պարզապես արտագաղթեցին նաեւ Հայաստանից։ Այսօր էլ Արցախի հային են «դեմ տվել» հարկադիր արտագաղթի պայմանները, ասես արտագաղթը նվազել էր վերջին երեսուն տարիների ընթացքում։

Ի՞նչ անել, արդեն չգիտեմ։ Քաղաքական վերնախավը, իշխանական համակարգը այս հարցերում ունեն իրենց խորհրդատուները, որոնց պլանները, հավանաբար, հայկական պետությունը գորշ միջավայրի մեջ լուծելն է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031