Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց, որտեղ տեղի է ունեցել Դինքի սպանությունը, այսօր՝ հունվարի 19-ին Դինքի մահվան 18-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»-ից, նախատեսված ժամին հազարավոր քաղաքացիներ «Այստեղ են ախպարիգ» բացականչություններով և հայերեն, թուրքերեն և քրդերեն պաստառներով մոտեցել են «Ակոս»-ի գրասենյակի մոտ։
Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը, Բահչելիէվլերի քաղաքապետ Հաքան Բահադըրը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Օզգյուր Չելիքը, CHP–ի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, քրդական կուսակցության ներկա և նախկին պատգամավորներ, բազմաթիվ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։
Ինչպես տեղեկացնում են «Հրանտ Դինք» հիմնադրամից, արարողության ժամանակ Տյուլին Օզենը կարդաց Գեզիի դատավարության շրջանակներում 2022 թվականի ապրիլից անազատության մեջ գտնվող Չիգդեմ Մատերի՝ Բաքըրքյոյի բանտից ուղարկված նամակը։ Չիգդեմ Մատերն իր նամակում գրել է. «Այսօր ես վստահ եմ, որ Սեբաթի շենքի դիմաց են նրանք, ովքեր դեռ չեն ծնվել, երբ սպանվեց Հրանտը: Սերունդները փոխվում են, բայց «որտե՞ղ ենք մենք» հարցի պատասխանն ուժ է ստանում այն բանից, որ մենք համառորեն մնում ենք այստեղ։ Մենք դեռ այստեղ ենք, համառորեն»:
Կարդացեք նաև
Էրարսլան Սաղլամն ընթերցել է Օսման Քավալայի նամակը, որը 2017 թվականի նոյեմբերից ապօրինի կալանքի տակ է պահվում: Քավալան ասել է. «Չնայած սպանություններին, կոտորածներին և բռնակալության բոլոր ձևերին, ես շարունակում եմ հուսալ, որ կգան օրեր, երբ խաղաղությունն ու արդարությունը կհաղթեն: Ես արդարություն եմ պահանջում Հրանտի և մեր բոլոր քաղաքացիների համար»։
Հիմնական ելույթ ունեցողը եղել է Դինքի ընկերներից Թագուհի Թովմասյանը։
«Ի՞նչ էր Հրանդ Տինքի մեղքը։ Կասկածի տեղ չկայ։ Մարդասիրութիւնը, ժողովրդավարութեան, մարդու իրաւունքներու, խօսքի ազատութեան հանդէպ հաւատքը եւ աւելին՝ երկու ժողովուրդներու միջեւ խաղաղութեան հաստատումը եւ Հայաստան-Թուրքիա սահմանին բացումը ցանկանալը։ Այդ բոլորին վրայ մէյմնալ իբրեւ Աստուածատուր շնորհք, խօսակիցները համոզելու կարողութիւնը»։
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի դիմաց սպանվեց «Ակոս»-ի գլխավոր խմբագիր, ստամբուլահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքը։ Տարիներ տևած դատական գործընթացների արդյունքում ձերբակալվել և ազատ են արձակվել ներկա ևնախկին զինվորականներ, ոստիկաններ, դատապարտվել են ազատազրկման տարբեր պաշտոնյաներ։ Սակայն Դինքի փաստաբանները շեշտում են, որ գլխավոր կազմակերպիչները բացահայտված չեն, իսկ դատարանի սահմանած պատժաչափերը շատ մեղմ են։
Լուսանկարը՝ Իշխան Էրտինչի