Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը դատապարտում է զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները․ հայտարարություն

Հունվար 19,2025 22:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔԻՀԿ հայտարարությունը զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին  

Մեկ շաբաթվա ընթացքում նույն վարույթով երկրորդ անգամ ձերբակալվել է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայր Արմեն Գալստյանը։ Սա այն դեպքում, երբ առաջին ձերբակալումը ճանաչվել էր ոչ իրավաչափ և զինվորի հայրն ազատվել էր ապօրինի ձերբակալումից, սակայն երկու օր անց կալանավորելու նպատակով կրկին ձերբակալվել է. այս մասին ահազանգել է փաստաբան Վարդուհի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը խտրական դատավարության արդյունքում դատապարտվել է 2 տարվա բանտային ազատարկման։ Ավելին, թեպետ Գալեյանի պաշտպանները բողոքարկելու են վճիռը, և վերաքննիչ դատարանը դեռ պետք է որոշի, թե արդյոք այն կմնա անփոփոխ, սակայն դատավորի մեկ այլ որոշմամբ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի՝ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը։

Այսպիսով, հաշվի չառնելով այն, որ ազատազրկման վերաբերյալ վճիռը կարող է ուժի մեջ և չմտնել, Գալեյանի ազատությունն արդեն սահմանափակել են տնային կալանքով։

2023թ. հակաիրավական քրեական որակումների և առերևույթ քաղաքական ճնշումներով ուղղորդվող քրեական վարույթի արդյունքում դատապարտվել էր նաև զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը (Մարտիրոսյան):

2022թ. սեպտեմբերի 21-ին ոստիկանության կարմիրբերետավոր ծառայողները բիրտ ուժ են կիրառել Եռաբլուրում խաղաղ ակցիա իրականացնող զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների նկատմամբ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 6 ծնող տուժող էր ճանաչվել, սակայն երկու տարի անց բռնություն կիրառած ոստիկաններից ոչ ոքի մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել։

Ուսումնասիրելով վերոնշյալ դեպքերն ու հայտարարությունները՝ ՔԻՀԿ-ն արձանագրում է, որ հիմնարար իրավունքների խախտման, անարդարացի դատավարության և խտրական քրեական վարույթների թիրախում, ինչպես նաև ոստիկանական բռնության գործերի թերի քննությունների տուժող կողմում են հայտնվում քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող ծնողները, որոնք հանդես են գալիս սուր քննադատությամբ և 2020թ. պատերազմի ընթացքում կոնկրետ դեպքերով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն դատապարտում է զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները՝ միաժամանակ արձանագրելով, որ դրանք մեդիատիրույթում ուղեկցվում են տարբեր դերակատարների կողմից զոհված զինծառայողների ընտանիքների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններով։

Կոչ ենք անում իրավապահ և դատական մարմիններին իրենց լիազորություններն իրականցնելիս առաջնորդվել բացառապես օրենքով և մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներով՝ զերծ մնալով խտրականությունից և քաղաքական իշխանության ուղղորդումներին ենթարկվելուց։

ՔԻՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031