«Առավոտի» ընթերցողներից մեկն արձագանքել է թերթի խմբագրի «Արժանապատվություն vs մանր վրեժխնդրություն» հոդվածին: Ստորեւ բերում ենք այդ արձագանքն ամբողջությամբ:
Ես կարդացի Ձեր սյունակը հայ հասարակության ֆիասկոյի մասին: Ամբողջությամբ կիսում եմ Ձեր ուղերձը եւ մտքերը: Միայն թե վախենում եմ, որ այլեւս գոյություն չունի այնպիսի էություն, ինչպիսին է հայ հասարակությունը: Չկա այն չափանիշը, որով կարելի է միավորել ազգը, ոչ թե էթնոսը, որպես հասարակություն:
Մինչեւ հեղափոխությունը նման միավորող չափանիշն էր 90-ականների հաղթանակների համար պատասխանատվությունը: Եվ ոչ միայն մարտի դաշտում. մենք պետականություն ենք ունեցել՝ ծուռտիկ-մուռտիկ, պրիմիտիվ, բայց ունեինք: Կային մարդիկ, որոնք ուզում էին դրան առնչվել եւ առնչվում էին: Նույնիսկ նրանք, ովքեր այն ժամանակվա իշխանություն ընդդիմությունն էին:
Հիմա այդ հանրությունը չկա եւ, վախենամ, այլեւս չի լինի: Երբ պատերազմից հետո ես «Առավոտում» ուզում էի գրել հոդված, սկսեցի նրանից, որ նիկոլական իշխանության իրական թշնամին արժեքներն են: Կարեւոր չէ, թե ինչպիսի՝ պահպանողական, ազատական, հայրենասիրական, թե կոսմոպոլիտական: Արժեքները (կամ սկզբունքները) այն են, ինչին մենք հետեւում ենք, երբ օբյեկտիվորեն, զուտ պրագմատիկ առումով դա ձեռնտու չէ:
Կարդացեք նաև
Հիմա մենք՝ նկատի ունեմ Ձեզ, ինձ, ինտելեկտուալների եւս ինչ-որ քանակություն, հետեւում ենք ինչ-որ բարոյական կանոնների: Դրանք ի հայտ են գալիս միայն ու միայն այն ժամանակ, երբ մարդ հարստանում է իմաստներով եւ ունակ է ռեֆլեքսիայի: Մեր հասարակությունը, որի մասին Դուք գրում եք, իմաստներ չի գիտակցում եւ ռեֆլեքսիայի ընդունակ չէ: Նիկոլը դա խրախուսում է՝ քաջ գիտակցելով, որ դա իր’ իշխանությունում գտնվելու գրավականն է:
Այլ կերպ ասած, մեր հասարակության մեջ կոնֆլիկտը դասակարգային է: Մարդիկ տեսնում են, որ դատաստան է իրականացվում իրենց դասակարգային թշնամիների, իրենց համար խորթ արժեքներ կրողների հանդեպ՝ այն մարդկանց հանդեպ, որոնց թույլատրված է ատել: Եվ նրանք ԱՏԵԼՈՒ ԵՆ: Ոչ միայն այն պատճառով, որ դա այսօր թույլատրված է, այլեւ այն պատճառով, որ ահա այս անասնացումն է այսօրվա մեյնսթրիմը:
Նիկոլն անկեղծ է: Նա սիրում է նրանց՝ ինչպիսին որ նրանք կան, եւ այդ սերը փոխադարձ է: Իսկ մենք այստեղ այլեւս անելիք չունենք: