Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակները պարզ են՝ արցախցիների հավաքական վերադարձի ապահովում, մշակութային ժառանգության պաշտպանություն․․․»․ արցախցիները միավորվել են հանուն Արցախի

Հունվար 19,2025 16:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հանուն Արցախի» միավորումն այսօր համաժողով անցկացրեց։ Մասնակցում էին Արցախի ու արցախցիների ճակատագրով մտահոգ անհատներն ու արցախյան ՀԿ-ները։ «Պետք է լինենք միասնական, որ անպայման վերադարձնենք մեր Արցախը»,- ասաց Արցախի «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Սայիդա Պողոսյանը։ Ըստ նրա՝ ոչինչ կորսված չէ, ամեն ինչ դեռ առջեւում է․ «Արցախի ժամանակավոր կորուստ ունենք, բայց պետք է պայքարենք, յուրաքանչյուրս մեզ վրա պետք է մի փոքր պատասխանատվություն վերցնենք ու առաջ գնանք»։

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց․ «Ես կարծում եմ, որ այս համաժողովը նոր գործընթացների սկիզբ է, հասարակական կազմակերպությունները հրապարակելու են հուշագիրը, որտեղ արձանագրված են այն նպատակները, որոնց շուրջ համախմբվել են ՀԿ-ները։ Այդ նպատակները պարզ են՝ Արցախի պետական ինստիտուտների պահպանում, արցախցիների հավաքական իրավունքների պաշտպանություն, մշակութային ժառանգության պաշտպանություն, արցախցիների սոցիալական խնդիրների լուծում»։

Անդրադառնալով հարցին, թե վերադարձի ի՞նչ հնարավորություններ են տեսնում, Սերգեյ Շահվերդյանը պատասխանեց․ «Վերադարձի հնարավորության տարբերակներն արդեն հանրայնացվել են արցախյան ավելի քան 200 ՀԿ-ների կողմից։ Այնտեղ կան պայմաններ, որոնք ապահովելու դեպքում մենք պատրաստակամ ենք վերադառնալ Արցախ։ Այդ պայմանների ապահովումն առաջին հերթին ՀՀ կառավարության ֆունկցիան է՝ միջազգային տարբեր կառույցների միջոցով»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ Յան Բորգին ուղղված նամակում նաեւ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմական բռնազավթումը անօրինական է, եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր մանդատին համաձայն պետք է շարունակի գործունեությունը։

«Հանուն Արցախի» միավորումը համախմբել է արցախյան հասարակական կազմակերպություններին ու անհատներին։ Այսօր քվեարկության դրված եւ հավանության արժանացած հուշագրում նշվում է․

«Գիտակցելով առկա ծանրագույն իրավիճակում Արցախի ժողովրդի ճակատագրի համար մեր բաժին պատասխանատվությունը, մենք ընդունում ենք «Հանուն Արցախի» միավորման անդամների համագործակցության հուշագիրը՝ նպատակ ունենալով համախմբված ու համակարգված գործունեություն ծավալել մեր միասնական նպատակների ուղղությամբ։

Նպատակներն են՝

  1. Արցախի ժողովրդի հավաքական վերադարձ Արցախ եւ նրա անվտանգ, արժանապատիվ, ինքնորոշված ու կայուն կյանքի ապահովում իր պատմական հայրենիքում։
  2. Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն ու սոցիալական խնդիրների կարգավորում Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում։
  3. Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների մեղավորներին անհատական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկում։
  4. Ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանություն»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031