Անգլերենով հրատարակվել է անվանի ջազային երաժիշտ, Chico and Friends ջազային խմբի հիմնադիր եւ ղեկավար, թմբկահար, հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցման հիմնադիր, հեռուստահաղորդավար Արմեն Թութունջյանի (ՉԻԿՈ) JAZZ IN ARMENIA գիրքը:
«Սա hայրիկիս կյանքի վերջին 10 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է: Իր կենդանության օրոք՝ 2015 թ․ գիրքը լույս էր տեսել ռուսերեն, իսկ իր մահից մեկ տարի անց ես իրականացրել էի հորս ցանկությունը եւ հրատարակել հայերեն: Այժմ «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսնում ջազի մայրենի լեզվով՝ անգլերեն, կարծում եմ՝ հայրս դա շատ կուզենար, չնայած նաեւ հայերենի վերաբերյալ էր ասում, որ պարտադիր գիրքը պետք է հայերեն լինի, որպեսզի ավելի մեծ լսարանի հասու լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Թութունջյանի որդին՝ Հայկ Թութունջյանը:
Նրա ձեւակերպմամբ, գրքի անգլերեն հրատարակությունը կարեւոր իրադարձություն է ջազային արվեստում, որովհետեւ այդպիսով հնարավորություն է ընձեռվում հայկական ջազի մասին ջազի լեզվով, այսինքն անգլերենով պատմելու միլիոնավոր մարդկանց՝ անգլախոս հասարակությանը:
Կարդացեք նաև
«Գիրքը եզակի է՝ իր տեսակի, ծավալի եւ ձեւաչափի մեջ, որովհետեւ պատմում է մեր ջազարվեստի ողջ պատմությունը, ժամանակագրությունը՝ սկսած 1930-ականներից մինչեւ մեր օրերը, հայրս ներկայացնում է, թե երբ ինչով է նշանավորվել մեր ջազային արվեստը, նաեւ գրքում կան ստեղծագործական դիմանկարներ՝ շուրջ 50 երաժիշտ-կատարողների, որոնք մեծ ներդրում ունեն հայաստանյան ջազի մեջ, ինչպես նաեւ շուրջ 80 կարճ ստեղծագործական կենսագրություններ են առկա գրքում:
JAZZ IN ARMENIA գրքում շուրջ 70 QR կոդեր կան՝ յուրաքանչյուր երաժշտի դիմանկարի, խոշոր ջազային միջոցառումների համար, որոնցով ընթերցողը հնարավորություն է ստանում ոչ միայն կարդալ, տեղեկանալ, այլեւ դիտել, ունկնդրել հայկական ջազի լավագույն նմուշները:
Գիրքը թարգմանվել է պրոֆեսիոնալ անգլախոս թարգմանչի կողմից՝ Ռութ Ադդիսոնը Անգլիայից կատարյալ տիրապետում է գրքի բնագիր լեզվին՝ ռուսերենին, նաեւ քաջատեղյակ է տարածաշրջանի արվեստին, մշակութային կյանքին: Իմ կարծիքով բավականին հաջող թարգմանություն է ստացվել»,-տեղեկացրեց Հայկ Թութունջյանը:
Նա ընդգծեց, որ գրքի հրատարակությանը աջակցել է ԿԳՄՍ նախարարությունը՝ գրքի հրատարակման հետ կապված ծախսերի մի մասը ապահովվել է նախարարության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով, որի նպատակը հայ մշակույթի հանրահռչակումն է օտար լեզվով, նախագծին աջակցություն են ցուցաբերել հայ-գերմանական NOAH հիմնադրամը, ՀԲԸՄ-ը, DiliJAZZ հյուրանոցային համալիրը, որը միշտ կանգնած է ջազային նախագծերի կողքին, իսկ գրքի հրատարակիչը «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ