2025 թվականի մարզչական առաջին նիստում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը հավաքականների մարզչական կազմում տեղափոխություններ է կատարել։
Ազգային հավաքականը կգլխավորի Ռուդիկ Մկրտչյանը, իսկ 2-րդ մարզիչը կլինի Ռոբերտ Պետրոսյանը։ Բազմափորձ Կարեն Աղամալյանին վստահվել է երիտասարդական հավաքականի ավագ մարզչի պատասխանատու պաշտոնը, քանի որ գլխավորապես այս տարիքային խմբից է համալրվելու ազգային հավաքականը։ Կանանց մեծահասակների եւ երիտասարդական հավաքականները վստահվել են մեկ այլ փորձառու մարզչի՝ Վազգեն Բադալյանին, որը մրցաշրջան 2024-ում լրջագույն հաջողություններ է գրանցել երիտասարդ բռնցքամարտիկների հետ։ Աշիկ Գրիգորյանը կշարունակի գլխավորել ավագ տարիքի պատանիների, Արթուր Մելքումյանը՝ կրտսեր տարիքի պատանիների հավաքականը, իսկ Խաչիկ Խաչատրյանը կաշխատի ավագ եւ կրտսեր տարիքի աղջիկների հավաքականի հետ։
Առաջին անգամ Հայաստանի հավաքականները կունենան նաեւ համակարգող մարզիչ՝ Ալեքսանդր Լուկյանովը՝ Ռուսաստանի Դաշնությունից։
Aravot.am-ը այս թեմաների շուրջ զրուցել է ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ։
Կարդացեք նաև
-Պարոն Հովսեփյան։ Ինչո՞վ է պայմանավորված կադրային այս տեղաշարժը։
-Մարզչական խորհրդի նիստում ես մեր բոլոր մարզիչներին շնորհակալություն հայտնեցի լավ աշխատանքի համար։ Իրոք, նրանք լավ արդյունքներ են արձանագրել 2024 թվականին, թեեւ որոշակի խնդիրներ կային տղամարդկանց եւ կանանց տարբեր տարիքային խմբերի որոշ հավաքականներում։ Պիտի որ նկատած լինեք, որ մենք մեր մարզիչներից ոչ մեկին չենք անտեսել։ Բայց իմ կարծիքով ռոտացիան, մարզիչների փոխատեղումը նոր աշխուժություն կհաղորդի բռնցքամարտի առաջընթացին։ Այս փոփոխությունները միտված են մարզիչների առջեւ նոր առաջադրանքներ դնելուն։ Եվ այդ քայլին գնալով ես նրանց խնդրել եմ, որ ավելի հետեւողական ու պահանջկոտ լինեն։
-Հայաստանի հավաքականներն առաջին անգամ ունեն համակարգող մարզիչ։ Ո՞րն է դրա անհրաժեշտությունը։
-Դա ամենեւին էլ չի նշանակում, թե մենք ուզում ենք ինչ-որ նոր բաներ ընդօրինակել, որը չգիտենք։ Մեր մարզիչները տիրապետում են իրենց մասնագիտությանը։ Պարզապես, դա փորձի փոխանակման մի տարբերակ է, որն, անշուշտ, օգտակար կլինի։ Բռնցքամարտի սիրահարներին ասեմ, որ Ալեքսանդր Լուկյանովը երկար տարիներ աշխատել է Ռուսաստանի հավաքականում, եղել է լավագույն մարզիչներից մեկը, աշխատել է նրանց առաջատար բռնցքամարտիկների հետ եւ հարուստ փորձառություն ունի։ Վստահ եմ, որ նրա աշխատանքը Հայաստանում, նոր խթան կհաղորդի թե մարզիչներին, թե մարզիկներին։
-IBA «Չեմպիոնների գիշեր» պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտերին մասնակցած մեր բռնցքամարտիկները կշարունակե՞ն կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզահագուստը, թե՞ նրանց այլեւս տեսնել կարող ենք միայն պրոֆեսիոնալ ռինգում։
-Մեր տղաները մնում են Ազգային հավաքականի անդամներ։ Նրանք մեր ընտրանուն դեռ պետք են։ Հույս ունեմ, որ դեռ երկար կմնան հավաքականում։ Նրանք մասնակցելու են հունվարի վերջին մեկնարկող Հայաստանի առաջնությանը։ Դրա ավարտից հետո ձեւավորելու ենք կանանց եւ տղամարդկանց նոր հավաքականները, որոնք կլինեն մրցունակ եւ կնախապատրաստվեն մարտ ամսին կայանալիք կանաց եւ հունիսին՝ տղամարդկանց աշխարհի առաջնությանը, որի անցկացման վայրի հարցը ներկայումս դեռ քննարկվում է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ