Արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն մարում կրքերը Բաքվի լրատվամիջոցներին Իլհամ Ալիեւի՝ հունվարի 7-ին տված հարցազրույցի շուրջ, որի ընթացքում նա հանդես էր եկել 2020-ից ի վեր Հայաստանի հասցեին, թերեւս, ամենառազմաշունչ հռետորաբանությամբ՝ մեր երկիրն անվանելով ֆաշիստական պետություն: «Անկախ հայկական պետությունը, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետեւ գրեթե 30 տարի այն ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, եւ նրանք այդ պետությունը ձեւավորել են իրենց կերպարին համապատասխան»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀՀ-ն սպառնալիք է տարածաշրջանի համար, որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է ստանձնել:
Ի՞նչ կարող են նշանակել Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունները, ագրեսիվ պահվածքը եւ սանձարձակ հոխորտանքները: Արդյո՞ք դրանք Հայաստանի դեմ նոր ռազմական գործողություններ ձեռնարկելու ազդագիր են: Այս առնչությամբ Հայաստանի ներքաղաքական դաշտում երկու տարբերակ է շրջանառվում. ա/ Ալիեւը, օգտվելով տիրող աշխարհաքաղաքական խառնաշփոթից, մտադիր է ռազմական հարձակման միջոցով նոր տարածքներ յուրացնել Հայաստանից եւ դրա համար հող է նախապատրաստում, բ/ Սա թատերականացված ներկայացում է՝ Փաշինյան-Ալիեւ փոխպայմանավորվածությամբ սարքված եւ հրապարակ նետված թեմա, որի նպատակը ժողովրդին պատերազմով վախեցնելն է ու Ալիեւի պահանջածը անաղմուկ հանձնելը:
Չպիտի զարմանալ, եթե տարիներ անց Փաշինյանը ինչ-որ առիթով խոստովանի, որ ինքը մեծագույն սխալ է գործել՝ ժողովրդին չի ասել, թե ինչպիսի ստոր միջոցներով է Իլհամ Ալիեւն իրենից «պոկոտել» ՀՀ տարածքները, տիրացել մեր ռազմավարական բնագծերին, ճանապարհներին, ջրերին: Մի խոսքով՝ ինչպես է խարդախությամբ, քայլ առ քայլ քանդել Հայոց Տունը: Բայց չշեղվենք՝ երանի այս կանխադրույթը սխալ դուրս գա: Ուշադրություն դարձնենք, թե ինչերի մեջ է Հայաստանին ու նրա պետական, քաղաքական այրերին, ռազմական գործիչներին, մեր քաջազուն զավակներին մեղադրում տեղով մեկ՝ ֆաշիստը, ցեղասպանը, ստախոս-կեղծարարը, աշխարհում փողով հարցեր լուծող եւ մինչեւ կոկորդը կոռուպցիայի մեջ խրված բռնակալը:
Իրեն ուղղված տարակուսանքներին ի պատասխան, թե ինչու համարժեք չարձագանքեց Ալիեւի պիտակավորումներին, Փաշինյանն ասել է, որ եթե ինքն էլ նրան ֆաշիստ անվանի, վեճը կարող է անընդհատ շարունակվել, թեժանալ, վերջում էլ մեծ պատմության վերածվել: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորների հետ հարաբերվելիս կամ վիճելիս՝ Փաշինյանն այդպես չի մտածում: Ալիեւի դեպքը ուրիշ է. նրան կես խոսքից հասկանում է: Ավելին՝ Փաշինյան-Ալիեւ զույգը բավական ներդաշնակ է գործում: Մենք տեսանք, թե ինչպես Ալիեւի սպառնալից ելույթից հետո Փաշինյանն իր ՖԲ էջում երկլեզու՝ հայերեն-անգլերեն, ներկայացրեց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իր տեսլականը:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ այդ «տեսլականի» բովանդակության մեջ «թարմ հետքերով» արդեն տեղ էր գտել Ալիեւի պահանջներից մեկը, այն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի լուծարումը: Այս անգամ Փաշինյանը դա «սղղացրել» էր որպես իր առաջարկ, ոչ թե Ալիեւի նախապայման: Թե ինչու է Ալիեւը ջանում հաշիվները փակել Մինսկի խմբի հետ՝ միանգամայն հասկանալի է, բայց անհասկանալի է, թե դրանում Փաշինյանի շահը ո՞րն է: Միգուցե՝ ստորացվածի իր դեմքը փրկե՞լը… Շատերին կարող է թվալ, թե Մինսկի խումբն իսկապես այլեւս իմաստազրկվել է, անելիք չունի: Դա խոր մոլորություն է: Այո, ԵԱՀԿ ՄԽ-ն կազմավորվել է բացառապես ԼՂ խնդրի լուծման համար, բայց չէ՞ որ խնդիրը լուծված չէ:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում