Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ-որ տեղ ֆոսֆորից անտառ էր այրվում (պատմվածք)

Հունվար 18,2025 17:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պուրակի պռնկին խշշում էր ծեր բարդին: Լիալուսնի առատ լույսի հեղումից ցոլացող տերևներն առկայծում էին կայծոռիկների պես: Դարիվեր աճած բնարմատավզի շրթաճաք, ընդարձակ փչակից լսվում էին շնաձագերի աշխույժ ձայները:

Աշնանամուտի վաղամեռիկ տերևների ու ավելածու քամու մեղմ սուլոցի մեջ կյանքի տրոփ կար, երջանիկ շնաձագերի սրտերի տրոփյունը: Շվաքի յոթնյակ ցայտաղբյուրների համանվագի մեջ էլ մորմոք կար՝ կսկիծով ու տրտմությամբ լի:

Ծառը շատ բան էր տեսել. ծառը հիշողություն ուներ. ծառը վտանգ էր զգում: Հուշաղբյուրն էլ քիչ բան չէր տեսել, հուշաղբյուրն էլ հիշողություն ուներ ու՝ տագնապ սրտում: Ինչ-որ տեղ ֆոսֆորից անտառ էր այրվում. անտոհմիկ որբի պես անզոր էր ծառը: Ինչ-որ տեղ բնիկ հետքեր էին քերվում. անզոր էր քարը: Վհատ էր բնիկն ահեղ գուպարում:

Դրոշակիր շենքի գլխավերևում`խավարի մեջ, չարագուշակ, միալար վզզում էր թշնամական անօդաչուն: Պուրակի պռնկին խշշում էր դարձյալ ծեր բարդին, անամպ երկնքից աստղերը թափվում էին կայծոռիկների պես, ցայտաղբյուրներն իրենց կսկիծն էին մորմոքում, շները՝ կլանչում պուրակի լուսնալույսի ստվերներում: Վզզոցի տակ լսվում էր և քաղաքի միալար մրափաձայնը:

Դրոշակիր շենքի ցերեկային ու երեկոյան եռքից հետո ոմանք ննջում էին աշխատանքային բազկաթոռների մեջ՝ ինքնաձիգները կողամերձ պատերին հենած: Գիշերապահ ոմանք կողանց հսկելով վարի զինապահեստը, պատրաստ արձագանքելու ֆաքս-հեռախոսներին, քնատ հորանջում էին մինչև լուսաբաց: Առաջին հարկի միջանցքները մինչառաստաղ լցված էին գործածված շորուշիրթերի հսկա հակերով։

Քաղաքի հարավային ծայրամասի ձորափեշին գտնվող դիահերձարանից վար ու վեր խռնված ավտոմեքենաները խցանել էին ճանապարհը։ Բակի հսկա սառնարան–կոնտեյների կողպեքափակ դռան մոտ կայանած զոհաբեր մեքենայից արյուն էր ծլլում։ Թանագույն ու կամկար վարորդը հաշիվ էր տալիս դատաբժշկին․

– Ցուցակից մեկը պակաս է։ Մարմինների միջից  տնքացող կար․ հանձնեցի Բերձորի բուժկետ։

Լսեց սա Վաղինակը որպես եռվորյակ մերկ ու պիրկ նյարդի կսմթված աղաղակ։ Նա զոհված եղբորն էր փնտրում, օրեր շարունակ՝ պարկ ու պատանում։ Մարմրող հույսը սարսռեց ու պեծկլտաց։ Ջնջխված մարմնազանգվածների մեջ եղբոր խլյակը գտնելու զարհուր փափագը կեղեքում էր հեկեկող հոգին։

Վաղինակի դեմքին նախասկզբնական մեղավորության համոզմունքի ցոլք ու թուլացած աստվածավախության դրոշմ կար։ Նա քառասունն անց ամուրի տղամարդ էր՝ բարձրահասակ, շիկահեր ու կապուտաչ։ Պապը հայտնի գիտնական էր՝ խելամտության պաշտամունքի կրող, հայրը՝ նույնպես, հաճախակի հղվող, գերիմացական տենչով բռնկուն։ Եղբայրն էլ ամուրի էր եղել՝ թուք ու մրի բեռներ կերած։ Նրանց հայրը, ով սեփական չորթանն  օտար արևի տակ էր բլիթել, վաղուց թոռան սպասումով տառապում էր անհույս։ Ժառանգորդ էր երազում։ Եվ ահա․․․ Օժտուն տոհմի սրտի բաբախը ոգեթափ հևքով մարում էր։ Մարում էր, ինչպես  ցեղի քունքազարկի թույլ տրոփ։ Արարչական սկզբի լատենտ վախճանի սպառնանքը խրախճանում էր բիրտ։ Այժմ էլ հազար–հազար լույս–կերոնների հանգչող մխանքն անբեղուն սրտերի քուրաներում հեծեծում են լալագին ու անողորմ։

–Ոչ՛, ոչ, ես այլևս չեմ կարող,– մղկտաց Վաղինակն ու քրտնահոտ շապիկի թեզանիքով սրբեց կարմրած ու արցունքոտված աչքերը։

Նա ատամնաբույժ էր ու ամռանն էր մի քանի իմպլանտ ատամներ բնավորել եղբոր ծնոտին։ Անճանաչելիորեն բզկտված զոհերի բազմաթիվ բերան–խոռոչների զննումից՝ այդ օրը նա ճանաչել էր իր աշխատանքը։ Հաջողել էր․․․

–Չեմ կարող,– այս անգամ աննկարագրելի հուսահատությամբ բղավեց ու ծնկած սկսեց անզուսպ հեկեկալ։

Բերանի խոռոչ զննելու զարհուրանքը նրան ափահան էր արել։

Նա այլևս ինքը չէր, ինքն այլևս չկար․․․

Վարդան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031