Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտախցից՝ նորից տնային կալանք․ փոխվել է Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը

Հունվար 18,2025 17:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը, որն անցած տարվա դեկտեմբերի 11-ին երկու ամսով երկարացրել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը, երեկ փոխել է նրա խափանման միջոցը․ 80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նորից տնային կալանքի ենթարկելով։

Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատել են « Բալասանյան դաշինքից»։

Հիշեցնենք՝ Խաչատուր Բալասանյանը, որն անցնում է իրենց ընտանիքին պատկանող «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու  քրեական վարույթով, ի սկզբանե 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքի էր ենթարկվել, սակայն անցած տարվա նոյեմբերի 15-ին դատարանն անսպասելիորեն փոխել էր նրա խափանման միջոցը՝  պատիժը կրելու համար ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ։

Նրան պահում էին խիստ ռեժիմի ներքո՝ բացի կնոջից, ընտանիքի մյուս անդամներին արգելելով տեսակցել։

Հիշեցնենք, որ  այս գործով մեղադրյալների թիվը 5-ն է, այդ թվում Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում։

Տնային կալանքի մեջ է գտնվում նաև Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը, այս գործով անցնում է նաև Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը՝ Սամվել Բալասանյանի քրոջ ամուսինը, որն ազատ է արձակվել երկրից չհեռանալու պայմանով վերցված ստորագրությամբ և Սիրեկան Մկոյանը։

Քրեական այս գործը պատճառ դարձավ Գյումրիում իշխանափոխության․ ճնշումների ներքո քաղաքը կառավարող «Բալասանյան դաշինքը» հրաժարական ներկայացրեց, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն անցկացրեց «փրայմերիզ»՝ ներկուսակցական նախնական ընտրություն՝  քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Սարիկ Մինասյանին։

Մարտի 30-ին Գյումրիում նշանակված են ՏԻՄ ընտրություններ,  Բալասանյանների հեռանալու արդյունքում ՔՊ-ին մրցակցության լուրջ հայտ են ներկայացրել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Չի բացառվում, որ Սամվել Բալասանյանի որդուն կալանավայրից տուն են ուղարկել՝ հաշվի առնելով Գյումրիում թեժացող նախընտրական կրքերը․ վերջիվերջո  հանրապետության երկրորդ քաղաքը 2012 թվականից կառավարող գործարար, մեծահարուստ Բալասանյաններն էլ  մեծ շրջապատ ու կայացած թիմ ունեն, և եթե ցանկություն հայտնեն  ընտրություններում թեկուզև ներքին ձևով խոչընդոտել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, դա այնքան էլ դժվար չի լինի նրանց համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031