«Կան ուսումնասիրություններ առ այն, որ նման գործողություններն օգուտ չեն բերի ոչ միայն մեր տնտեսությանը, այլև մարդկանց»,- «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն նախաձեռնությանը, որով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ, 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։
Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։
Ըստ Վահան Քերոբյանի՝ իրական ընկերությունների փոքր մասն է հետևում օրենքի տառին՝ աշխատանքային շաբաթվա ճիշտ պահպանմանը․ «Այդ օրենսդրական նախաձեռնության առաջ բերելը այդ փոքրաթիվ ընկերություններին դնելու է էլ ավելի անհավասար պայմանների մեջ այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք այդքան էլ ուշադիր չեն այդ կարգավորումների նկատմամբ»։
Կարդացեք նաև
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարն ասաց՝ Հայաստանի տեսակի երկրներից որևէ մեկում աշխատանքային շաբաթը 40 ժամից պակաս չէ․ «Մենք վերլուծություն ենք արել։ Օրինակ՝ Թուրքիայում 45 ժամ է։ Այս միջակայքում 36 երկիր կա, նրանից ոչ մեկում աշխատանքային շաբաթը 40 ժամից պակաս չէ․․․ Աշխատաժամանակի կրճատելն ի՞նչ կտա, մենք չենք տեսնում՝ ինչ կտա, տեսնում ենք՝ ինչ կկորցնենք։ Բիզնես համայնքի կոնսենսուսն այն է, որ այդ կարգավորումներն այս պահին անելը ժամանակավրեպ է։ Կարևոր է աշխատել տնտեսական աճի, մարդկանց դիմադրողականության ավելացման ուղղությամբ»։
Թեև նախագծով առաջարկվում է աշխատաժամանակի կրճատում կկատարվի՝ պահպանելով աշխատավարձը, սակայն Վահան Քերոբյանը նկատում է․ «Եթե աշխատաժամանակը կրճատվի, ապա ընկերությունները, եթե տարեկան մի ինչ-որ տոկոսով աշխատավարձ բարձրացնում են, դա չեն անի հաջորդ երկու-երեք տարվա մեջ․ կբերեն մեկ ժամվա միջին աշխատավարձի ժամանակին։ Ի վերջո մարդիկ իրենց սեփական եկամուտների հաշվին պիտի փակեն իրենց՝ քիչ աշխատելու խնդիրը, նույնիսկ, եթե այսօր կարգավորումները լինեն այնպիսին, որ պարտադրեն՝ մարդկանց աշխատավարձն իջնի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ