Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել։ Ի բնե իմ հանգամանքից և ծառայությունից ելնելով որևէ խորհրդի կազմում լինել չեմ կարող, բայց նմանատիպ բազմաթիվ խորհուրդներ կարող եմ օգնել, օժանդակել իմ հոգևոր խոսքով, հոգևոր խորհրդատվությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Քաղաքական գործունեությամբ ոչ ցանկություն ունեցել եմ զբաղվել, ոչ էլ ունեմ։ Ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականները, ակտիվ եմ գնահատականներ հնչեցնելու, վերլուծություններ անելու, կարծիքներ հայտնելու մեջ, բայց քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվելու, որևէ կառույցի չեմ կարող միանալ, չեմ միանալու, բայց ցանկացած կառույց, եթե ինձ դիմում է, ես իրեն կարող եմ օգտակար լինել՝ իմ հոգևոր խորհրդատվությամբ։ Իմ ներկայությունն այնտեղ այդքանով է»,- նշեց Միքայել Սրբազանը՝ ընդգծելով. «Ես որևէ մեկին չեմ միացել, ընդհակառակը՝ իրենք են ինձ միացել։ Իրենք ասել են, որ կիսում են իմ համոզումները, իմ ելույթները լսում են, համաձայն են իմ ասածների հետ, խնդրում են իմ՝ աջակցություն չասեմ, սատարում էլ չասեմ, խնդրում են իմ հոգևոր օժանդակությունը, հոգևոր խորհրդատվությունը։ Ես էլ ասել եմ՝ սիրով, եթե կարող եմ օգտակար լինել, կլինեմ։ Այդ Ազգ-Բանակ-Եկեղեցի կոնցեպտի իրականացման մեջ պատրաստ եմ օգտակար լինել, բայց որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ»։
Հեղինակ՝ Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում