«Մեղադրում եմ հայկական իշխանություններին ոչ միայն Արցախի հայերի ցեղասպանության համար, այլև ահաբեկված եմ, որ ցեղասպանությունը շատ սահուն, փափուկ կմտնի ՀՀ-ից ներս, և մենք որևէ պաշտպանական համակարգ չենք ունենա մեր ժողովրդին պաշտպանելու համար»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղադրված Բաքվի հայության ցեղասպանության խաչքարի մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը:
Նա փաստեց՝ պաշտպանության միակ գործիքը պետությունն ու պետականությունն են։ Սակայն ըստ նրա՝ ունենք պետականություն, բայց այդ գործիքը լիարժեք կիրառող ուժեր այսօր ցավալիորեն չկան։ Մարիամ Ավագյանը ահազանգեց․ «Այսօր սելավ է մեզ սպասվում, իսկ մեր քաղաքական վերնախավը ոչինչ չի անում։ Ապշահար եմ, որ այս օրերին պարզում է՝ Անիի կողմից ՀՀ-ն չունի խրամատներ, սահմանապահ լիարժեք զորքեր, քանի որ ՌԴ-ն է կանգնած։ Արարատի կողմից, որտեղ ռուսական զորքերն են, մի խրամատ չկա, չկա պատշաճ զենք, զինվորական հագուստ։ Եվ հայ իշխանությունները լուռ են այսօր»։
Ըստ Մարիամ Ավագյանի՝ հիբրիդային մեթոդով այսօր փորձում են մեր դիմադրողականությունը կոտրել․«Բայց մենք չենք լռելու։ Եթե չխոսենք, մեր երիտասարդությունը չի իմանա, թե իրեն ինչ սպառնալիքներ են սպասվում։ Այդ խաղաղության բանակցային գործընթացը, որը կարծես հայության հիպնոսացման գործընթաց է, դա էլ է մեր դիմադրողականությունը կոտրելու հիբրիդային պատերազմի մի բաղադրիչ։ Կոչ կանեմ մեր իշխանություններին մի քիչ ավելի սթափ նայեն, իրենց օրական ծախսերից մի բաժին հանեին և մի ծաղկեփունջ դնեին Բաքվի հայերի ցեղասպանության խաչքարի կողքին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ