Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլհամը մի հատ շվվացնում է, ամբողջ Ադրբեջանը հորինված Խոջալու է ողբում, իսկ մեր իշխանությունները մեր կողքին չեն կանգնում»․ Մարիամ Ավագյան

Հունվար 18,2025 13:50

«1988-1992-ին 100 հազար մարդ է սպանվել Ադրբեջանի վերահսկողության տակ կամայականորեն հայտնված հայկական բնակավայրերում։ Տարօրինակ ձևով, կներեք կենցաղային բառամթերքով ասեմ, Իլհամը մի հատ շվվացնում է, և ամբողջ Ադրբեջանը հորինված Խոջալու է ողբում, իսկ հայկական իշխանություններն անգամ մեր կողքին չեն կանգնում, որ Բաքվի ջարդերի 35-ամյակը հիշատակենք»,-Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղադրված Բաքվի հայության ցեղասպանության խաչքարի մոտ անցկացվող բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը:

Նա փաստեց՝ հայերի կոտորածը սկսվել է 1988-ի մարտից, որը մերթընդմերթ ակտիվանում էր։ Մեծ ալիք էր 1988-ի նոյեմբերին, երկրորդ ալիքը 1989-ի օգոստոսից հետո էր, երրորդ ալիքը 1989-ի դեկտեմբերին սկսեց և վերջացավ 1990-ի հունվարի 19-ին․ «Երբ թուրք ցեղասպանը հստակ իր թիրախի տակ առավ Բաքվի ռուսական ազգաբնակչությանը, միայն այդ ժամանակ այսպես կոչված խորհրդային իշխանությունները տեղերից շարժվեցին, և տանկերի տակ կանգնեցրին ռուսների կոտորածը: 1988-ի փետրվարից մինչև 1922 թվական, Ադրբեջանից փախել են ավելի քան 820 հազար հայեր, 300 հազար ռուս, 140 հազար հրեա, 70 հազար պարսկական ժողովուրդ»։

Անդրադառնալով Բաքվում ընթացող, այսպես կոչված, դատավարություններին՝ Մարիամ Ավագյանը նշեց․ «Ինչո՞ւ Բաքուն դա դեկտեմբերին չարեց, փետրվարի սկզբին կամ հունվարի վերջին չարեց։ Ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ կարողանում է հայությանը ոչ միայն ֆիզիկապես վերացնել, այլև նսեմացնել։ Պատանդառված հայերի դատական գործընթացով այնտեղից նորից ուղարկում են մեզ ազդակներ, որ տեսեք՝ Բաքուն արել ենք, չենք պատժվել, էլի ենք անելու, էլի ենք անելու, Արցախ ենք ցեղասպանել, չենք պատժվել, հիմա էլ այս թատերական  բեմականացումը կանենք, որ ապացուցենք՝ ՀՀ-ն ֆաշիստական պետություն է։ Տարօրինակ է, որ հայ փախստականների վերադարձի հետ կապված ամեն անգամ ասել ենք՝ ունենք իրավունք վերադարձի Ադրբեջան,  բայց քանի որ Ադրբեջանը ֆաշիստական պետություն է, մինչև դենացիֆիկացիա չլինի, չենք  վերադառնա։ Այսօր Իլհամը մեր օգտագործած բառամթերքն է օգտագործում, բայց մեր իշխանությունները մեր բարձրացրած թեզերը չեն կիրառել երբևէ, գոնե այնպես չեն արել, որ ավելի բարձր հնչի մեր խոսքը, իսկ Իլհամը մեր բարձրացրած թեզով հակադարձում է ՀՀ-ի նկատմամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031