Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան:
Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին:
Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում:
Կարդացեք նաև
Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի հետ կապված հարցերը:
Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակի հետ կապված հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ:
Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն:
Զորակոչիկների առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և, ընդհանուր առմամբ, զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմ ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ:
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել ԹԵԺ ԳԻԾ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ