Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, Ուժեղ Հայաստան կառուցելու գործում․ հայտարարություն

Հունվար 18,2025 11:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձեւավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական եւ խիստ վտանգավոր:

Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ եւ ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում եւ վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից եւ ունենալով Թուրքիայի անվերապահ եւ ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով:

Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու եւ բավարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած  իբրեւ թե լավագույն մարտավարության էությունը պարտվողականությունն ու զիջողականությունն է հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու:

Պատրանքներ պետք չէ ունենալ. անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը:

Խաղաղությունը անշրջելի եւ կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման եւ ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում: Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա է եւ նոր պատերազմի սաղմնավորում:

Հայ ժողովրդի եւ նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել կապիտուլյացիա, թե պատերազմ կործանարար երկընտրանքից եւ հաստատել իրական՝ անշրջելի եւ արդար խաղաղություն: Իսկ մեր անժամանցելի իրավունքներից եւ կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղություն, այլ հայկական ինքնության եւ հայոց պետականության կորուստ:

Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու եւ Հայաստանի դիմագրաված գոյութենական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ձեւավորելով նոր որակի իշխանություն եւ հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ:

Հրատապ անհրաժեշտություն է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը՝ հետեւյալ առաջնահերթ ուղղություններով.

ա)  Հայկական ինքնության եւ հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժի իրականացում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետեւանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը եւ վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը:

բ) Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկա մարտահրավերների հաշվառմամբ:

գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձեւավորմանը եւ դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների եւ դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների եւ Արեւմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները:

Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության եւ լինելիության պայքարը պետք է շարունակվի:

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում:

Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները եւ պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի:

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031