ԱՄՆ-ի հետ կնքված ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրման թեման ակտիվ քննարկման առիթ է դարձել։ Ու իշխանությունների, առավել ևս՝ նրանց սատելիտ արևմտամետների կողմից դրա նշանակությունը ծայրահեղացված գերագնահատելու միտում կա։ Դրա համար էլ դեռ կանոնակարգի ստորագրումից առաջ նրանք ինտենսիվ տարածում էին, թե՝ տեսեք ինչ «աշխարհացունց» փաստաթուղթ է ստորագրվելու, փրկվելու ենք, մեր դիվանագիտությունն «աննախադեպ» հաղթանակ է կերտում և այլն, և այդպես շարունակ:
Այն, որ այդ ամենը, շատ մեղմ ասած, ծայրահեղականացված է, չի էլ քննարկվում: Բայց դա էլ մի կողմ: Նախ՝ մի շարք հարցեր է առաջացնում փաստաթղթի ստորագրման ժամանակը։ Ի մասնավորի, եթե Վաշինգտոնում իսկապես Հայաստանի ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ այդքան շահագրգռված էին, ապա ինչո՞ւ, օրինակ, այդպիսի փաստաթուղթ չստորագրվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանը ներխուժում էր ՀՀ տարածք։ Դա իսկապես լուրջ ազդակ կլիներ նաև տարածաշրջանային խաղացող Թուրքիային, որն առաջ է մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման թեման։ Իսկ հետո կարող էին պաշտպանական համագործակցության ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովել, ինչպես կատարում են Հունաստանի դեպքում, հզորացնում այդ երկրի պաշտպանողական կարողությունները, որպեսզի դիմակայի Թուրքիայի ագրեսիվ գործողություններին։
Մյուս հարցն այն է, թե ինչու Բայդենի վարչակազմը նման փաստաթղթի ստորագրմանը ձեռնամուխ եղավ հատկապես այն ժամանակ, երբ նրանց պաշտոնավարմանն ընդամենն օրեր են մնացել։ Պարզ է, որ փաստաթուղթը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև է, բայց դրա իրականացումը դրվելու է արդեն Թրամփի վարչակազմի վրա։ Փաստացի, ամեն ինչ կախված է նրանից, թե ՀՀ իշխանություններն արդյոք կկարողանա՞ն հարաբերություններ կառուցել Թրամփի վարչակազմի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանից անընդհատ դրական ազդակներ են ուղարկվում Թրամփի նախագահության հետ կապված, ու Ալիևն էլ առիթը բաց չի թողնում Բայդենի վարչակազմին քննադատելու համար։
Մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ, ճիշտ է, Հայաստանին ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ տալու գործընթացի մեկնարկի մասին է հայտարարվում, բայց հարց է, թե այն ինչքանով կարտացոլի իրական գործընկերության խորությունը, քանի որ ստորագրված փաստաթղթում ուղղակի որոշակի նպատակադրումներ են ներկայացված, բայց կոնկրետ չափելի գործողությունները բացակայում են։ Ուստի, այս համատեքստում է, որ մտահոգություններ են հնչում, որ հակառուսական գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ պահանջներ կարող են դրվել՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ու Վրաստանի հարաբերությունների մակարդակը վերջին շրջանում բավական իջել է։
Կարդացեք նաև
Անգամ մի շարք արևմտյան վերլուծաբաններ առաջարկում են Հարավային Կովկասում ավելի շատ հենվել Հայաստանի վրա, բայց եթե մեր երկիրը չկարողացավ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համադրել ու տեղափոխվեց հակառուսական տիրույթ, ապա շատ բարդ իրավիճակում կարող է հայտնվել։ Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում է, իսկ ԱՄՆ-ը՝ հազարավոր կիլոմետրեր հեռու, և պետք եղած ժամանակ կարող է թողնել Հարավային Կովկասը։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում