Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան․ Ռուբեն Վարդանյանի ուղերձից կարելի է եզրակացնել, որ Բաքվի բանտերում բոլոր արցախցի գերիներն են միևնույն վիճակում գտնվում․ «Ազգ»

Հունվար 18,2025 10:49

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Azg.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

-Տիկի՛ն Հովհաննիսյան, Բաքվում մեկնարկել է ապօրինաբար Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով նախապատրաստական ​​դատական ​​նիստը։ Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ իշխանությունների շարունակական լռությունը, հայ գերիների պաշտպանությանը և հայրենիք վերադարձին նպաստելու քայլերի իսպառ բացակայությունը։

-Հայաստանի Հանրապետությունն այն երկիրն է, որը պետք է իրավական խնդիրները թե՛ միջազգային դատարաններում, և թե՛ տարբեր ատյաններում բարձրացնի։ Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ պետությունը ստանձնել է տարբեր երկրներում բնակվող ազգությամբ հայ անձանց հովանավորչությունը, նրանց խնդիրների բարձրաձայնումը՝ հատկապես Արցախի հետ կապված խնդիրների՝ միջազգային ատյաններում արծարծումը։

Դա փաստաթղթավորված պարտավորություն է, որը Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է, բայց մենք այսօր տեսնում ենք, որ այդ պարտավորությունը չի կատարվում, և այն, ինչ պետք է առաջին հերթին բարձրաձայնվեր, բոլոր հնարավոր խողովակներով ջատագովվեր, իրավունքի բոլոր հարթություններում պարզապես տեղ չթողնվեր, որ արցախցի ռազմագերիների ապօրինի դատավարություններն ու ապօրինությունները կետ առ կետ մատնանշվեին, բայց մենք այդ նախանձախնդրությունը և հետևողականությունը չենք տեսնում։ Երբեմն հակառակը՝ տեսնում ենք զգուշավորություն, «չխոսենք՝ չբորբոքենք», «չբարձրաձայնենք, ցույց տանք, թե չենք տեսնում» տրամաբանությամբ պահվածք։ Սա, սակայն, որևէ կերպ չի կանխարգելելու հետագա ագրեսիաները. հակառակը՝ եթե դու հրաժարվում ես քո իրավունքից, քո հանդեպ է՛լ ավելի մեծ ագրեսիաների և հարձակումների պարարտ հող ես նախապատրաստում։

–Տիկի՛ն Հովհաննիսյան, կցանկանայի առանձին գնահատեիք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որտեղ վերջինս հայտարարում է, որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծիք են, և որ իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա ճնշում են գործադրել՝ ստորագրելու փաստաթղթերը հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծված արձանագրությունները:

-Իրականում Ռուբեն Վարդանյանի ուղերձում հստակորեն ձևակերպված է ճնշումների այն համակարգը, որն առկա է գերու կարգավիճակում գտնվող անձի նկատմամբ։ Եթե անգամ ուղերձը միայն Արցախի նախկին պետնախարարի անունից է, միևնույն է՝ կարելի է եզրակացնել, որ Բաքվի բանտերում բոլոր արցախցի գերիներն են միևնույն վիճակում գտնվում, և այն փաստաթղթերն ու վկայությունները, որոնք կհայտնվեն, ակնհայտ է, որ ձեռք են բերվել ոչ թե մարդու իրավունքների պահպանման և միջազգային իրավունքի՝ ռազմագերիների համար նախատեսված փաստաթղթավորված իրավունքների դաշտում, այլ կորզվել են կտտանքների, խոշտանգումների, ճնշումների, Ադրբեջան պետության բռնարարքների արդյունքում։

Այս ամենի մասին վկայում է անձամբ Ռուբեն Վարդանյանը, և մենք վաղը-մյուս օրը կարող ենք ականատես լինել մյուս գերիների վկայությունների։ Այդ մարդկանց վկայությունները կարող են դիտարկվել միայն որպես բռնի ուժով կորզված խոսքեր՝ հասկանալով, որ դրանց տակ ռազմագերիները ստորագրել են ճնշումների ներքո։ Այս ամենը գերազանց կերպով ցույց է տալիս Ադրբեջանում իշխող բռնի համակարգի իրական դեմքը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031