Դատելով իր իսկ պահվածքից՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ հեքիաթային դերի մեջ է մտել: Երևի շուտով Ֆեյսբուքում կգրի, թե սարերը դաշտերից պիտի բարձր լինեն: Անկասկած, այդ գրառման ներքո կհայտնվեն «ակո՜ւնք իմաստության»-ի կարգի մեկնաբանություններ:
Դառը կատակը՝ դառը կատակ, բայց իրականությունը դրանից այնքան էլ չի տարբերվում: Տեսեք, գրեթե օր չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքներում մի «դարակազմիկ» մտքափայլատակում չունենա: Մի օր էթիկայից է «փիլիսոփայում», մյուս օրը՝ հերոսության, հետո անցավ ավելի «հողեղեն» թեմաների՝ աղքատություն, աշխատանք, լավ ապրել ու էլի նման բաներ:
Իբր փիլիսոփայում է, էլի: Մեր մեծերը նմաններին բնորոշում էին որպես «ծակ փիլիսոփա»: Դե, փաշինյանական մտքերն էլ համապատասխան են: Օրինակ՝ լավ ապրելու համար պետք է աշխատել: Տես, է, ախր ո՞ւմ մտքով կանցներ: Մի խոսքով, Փաշինյանը, որ կարծում է, թե պարտությունն արդեն լրիվ հաղթանակի ու հպարտության ներքո «նաղդել» է, դրանից ոգևորված՝ պարզունակ, տրիվիալ արտահայտություններն ու բառակապակցություններն էլ որպես «փիլիսոփայություն» է երևի կամենում սաղացնել (իրացնել):
Բայց եթե նրա ասածների հնչերանգին ու բովանդակությանն ուշադրություն դարձնենք, օրինակ՝ երբ խոսում է աղքատության, դրա պատճառների, իբր՝ անբանության ու ծուլության ակնարկներով ու այդպես շարունակ, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը միտումնավոր ծաղրում է ժողովրդին, հատկապես իր՝ այսպես ասած՝ ընտրազանգվածին:
Կարդացեք նաև
Հիմա Փաշինյանն ասում է. մի՞թե մենք ենք պատասխանատու, եթե մարդը չի ուզում աշխատել: Իբր, ինքն ու իր կառավարությունն ամեն ինչ արել են, որ մարդիկ ոչ միայն ցանկանան, այլև հնարավորություն ունենան աշխատելու, հիմա դեռ մի բան էլ մուննաթ է գալիս: Ու սա այն Փաշինյանն է, որ նաև սոցիալապես անապահով մարդկանց հույզերն ու զգացմունքները չարաշահելով, ավելի ճիշտ՝ գողանալով, նրանց ուսերի վրա եկավ իշխանության, որից անմիջապես հետո հայտարարեց, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», այսինքն՝ իրենից էլ բան չուզեք, էլի, ինքն արդեն կուշտ է և հարուստ, բնականաբար, աղքատներին մանր է բրդելու, նրանց ականջներից էլ արիշտա է կախելու:
Չէ, բայց իսկապես. «լավ ապրելու» քարոզի պահով Փաշինյանը գործնականում ձեռք է առնում, ծաղրում է ժողովրդին: Թե բա՝ պիտի աշխատել, որ լավ ապրես:
Փաշինյանի իշխանավարման պայմաններում Հայաստանում մեծամասնությունն աշխատում է, ընդ որում՝ հաճախ նորմայից անհամեմատ «երկարօրյա», որ պարզապես ապրի: Հազիվհազ ծայրը ծայրին հասցնելով:
Ավելին, եթե Փաշինյանն է երկրի ղեկավարը, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաջորդ օրը քնելու և լուսացնելու է իր գյուղում, քաղաքում, տանը: Շատ հնարավոր է, որ քնեք ձեր գյուղում, իսկ առավոտյան Ֆեյսբուքից տեղեկանաք, որ բնակավայրը, ձեր տնով ու մահճակալով հանդերձ, արդեն սահմանազատված-հանձնված է թշնամուն:
Մյուս կողմից՝ ախր, ո՞վ է խոսում աշխատանքի մասին ու նման քարոզներ անում: Իսկ խոսողը Նիկոլ Փաշինյանն է. ղեկավարը մի խմբի, որ կոչվում է քպական վերնախավ, որը չի աշխատում, որը երկրի ու ժողովրդի համար պրոբլեմներից բացի ուրիշ ոչինչ չի ստեղծում, բայց որը ոչ միայն աշխատողների հարկերի ու կյանքերի հաշվին է ապրում, այլև ճոխ ու պարգևավճարյալ է ապրում:
Այնպես որ, եթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում