Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին աղետի չվերականգնված գոտուց

Հունվար 18,2025 12:00

«Ալավերդի քաղաքում Դեբեդ գետի ափամերձ եւ զուգահեռաբար գտնվող գլխավոր Թումանյան փողոցը ջրհեղեղից տարբեր հատվածներում բավականին վնասվել էր եւ մինչեւ հիմա վերականգնված է մասնակի, շարունակելով ընթացող ավտոտրանսպորտի համար մնալ ռիսկային։ Ալավերդու Դեբեդ թաղամասի ավտոճանապարհը ջրհեղեղի ժամանակ այնպես էր թաղվել ջրհեղեղի բերած հողակույտով, որ այդ ճանապարհը դարձել էր անանցանելի։

Ճիշտ է, հիմա այն մաքրված է հողակույտից, բայց այդ մաքրված, փոսորակներով հարստացված ավտոճանապարհն այնպիսի վիճակում է, որ կապիտալ վերանորոգումն անհրաժեշտություն է։ Կանցնեն տարիներ, այս աղետն էլ կմոռացվի, բայց հերթական աղետի վտանգը չի վերանա։ Այդ պատճառով էլ ՀՀ ամենաջրառատ Դեբեդ գետը զգուշացնում է. կատարվածից ճիշտ հետեւություններ արեք»: Իմ կողմից բազմաթիվ ահազանգերից հետո («Դեբեդը զգուշացնում է. աղետից անցել է շուրջ հինգ ամիս», «Առավոտ», 24.10.2024) գրառում կատարեցի վարչապետի ֆեյսբուքյան էջում, Տեղեկատվական հարթակի միջոցով նամակ հղեցի ՏԿԵ նախարարին. ի վերջո 2024թ. նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին Դեբեդ գետի հունի կարգաբերման աշխատանքներ սկսվեցի՞ն:


2024թ. դեկտեմբեր ամսվա վիճակով հիմնովին կարգի է բերվել Թուֆենկյան հյուրանոցի եւ M6 մայրուղու միջեւ անցնող Դեբեդի հունի ռիսկային հատվածը: Հիմա գետն անցնում է իր հունի կենտրոնով, գետի մեջի մեծ ծավալի քարակույտերը հավասարաչափ բաշխվել են գետի երկու ափամերձ հատվածներում` ձեւավորելով հեղեղապաշտպան շերտ: Բայց Թուֆենկյանի կամրջից մինչեւ M6 – Մարցի ճամփաբաժին բաժանարար հատված էական աշխատանք կատարված չէ եւ այս պահով ոչ մի աշխատանք չի կատարվում: Նշված հատվածում մայրուղու ձախ մասի արգելապատնեշի առանձին հատվածներ ջրհեղեղից վնասվել են եւ հաջորդ վարարմանը կարող են պարզապես փլվել, պատճառ հանդիսանալով M6 -ի վնասմանը:

Մարց – M6 բաժանարար ճամփաբաժինը ջրհեղեղից ամբողջովին վնասվել էր, իսկ այդ հատվածի Դեբեդի ափամերձ արգելապատնեշի մի մասը փլվել: Մյուս շարունակություն հանդիսացող մասն էլ ներկա պահին գտնվում է թեքված, վթարային վիճակում եւ եթե ոչինչ չարվի, ապա գարնանային վարարման ժամանակ կփլվի եւ շարունակական կրկին կվնասվի նաեւ ջրհեղեղից հետո վերականգնված մայրուղու կից հատվածը:
 

Եթե Մարցի բաժանարար ճամփաբաժնից Դեբեդի հունի զննություն կատարելով շարունակեք իջնել մինչեւ Ալավերդի քաղաք եւ ավելի, ապա կնկատեք ափամերձ արգելապատնեշների մասնակի վնասումներ, գետի հունի կենտրոնում խոշոր քարաբեկորներ, նախորդ հեղեղից բերած տարատեսակ նյութեր, որոնք գետի հունը շեղել են կամ դեպի մայրուղի, կամ դեպի երկաթգիծ, կամ էլ դեպի Ալավերդու Թումանյան փողոց: Դե, Ալավերդի քաղաքում էլ 2024թ. դեկտեմբերին գետի հունի կարգաբերման որոշ աշխատանքներ կատարվեցին, բայց դեռ աշխատանքների կատարման բավականին ծավալ կա, իսկ այս պահին ոչ մի աշխատանք չի կատարվում:

– Արդյոք աշխատանքների արագ կատարման համար անհանգստանալու կարիք կա, – կհարցնի ընթերցողը:

– Այո կա, – կպատասխանեմ ես, – քանի որ ներկա պահին ՀՀ ամենաջրառատ գետն ամենասակավաջուր վիճակում է եւ մինչեւ մարտի կեսերը գետի հունի կարգաբերման աշխատանքների իրականացման համար ամենահարմար ժամանակն է: Դեբեդը մեծահոգաբար տրամադրում է այդ ժամանակային միջակայքը:

Իսկ հետո… հետո կսկսվեն ՀՀ ամենաջրառատ գետի անկանխատեսելի հերթական գարնանային վարարումները:

Մնացածն, ինչպես ասում են, կարող եք տեսնել իմ կողմից արված լուսանկարներով:

ԳԱԳԻԿ ՇՈԼԻՆՅԱՆ

Հ.Գ. «Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումներից մոտ 8 ամիս անց աղետի գոտում դեռեւս աշխատանքներ են տարվում, մասնավորապես մաքրվում են գետերի հուները՝ հետագա մեծ խնդիրներից խուսափելու համար»,-ասել է ՏԿԵ նախարարը: Նաեւ նշել է, որ ներկայումս հեղեղումներից տուժած բնակավայրերում չկան երթեւեկության համար փակ ճանապարհներ, ուղղակի որոշ լուծումներ դեռ վերջնական չեն։ Դավիթ Խուդաթյանը հավելել է, որ աղետի գոտում տուժածներին փոխհատուցումներ տրամադրելու համար պետբյուջեից ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի նախկին պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը. «մարդածին» այս երեւույթի մասին ասել էր. «Եթե Լոռու ու Տավուշի մարզերով հոսող գետերի ափամերձ տարածքներում ժամանակին կանխարգելիչ գործողություններ կատարվեին, կորուստներն այսքան մեծ չէին լինի» (30.05.24), դա համարելով կառավարության բացթողումը: Նա նկատել էր, որ գետերի մակարդակը մոտենում է վտանգավոր ելքերին: Գուցե օպերատիվ արձագանքեն այս անգամ մասնագետների խոսքին:

«Առավոտ» օրաթերթ
17.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031