«Առավոտը» շարունակում է հրապարակել Աղասի Հունանյանի հոդվածների շարքը «Ուղղական հոլով» խորագրով: Հոդվածները «Առավոտ» օրաթերթում լույս են տեսնում ամեն ուրբաթ, իսկ aravot.am կայքում տեղադրվում են շաբաթ օրերին:
Շարքի նախորդ հոդվածն՝ այստեղ:
Վրաստանում՝ Աջարիայի մայրաքաղաք Բաթումում, մի խաղահրապարակ կա: Սեւ ծովի ափին՝ հրաշալի քայլուղու հարեւանությամբ այս խաղահրապարակում տարին բոլոր, ամեն օր բազմաթիվ հայ, վրացի, ադրբեջանցի, թուրք, ուկրաինացի, լեհ, ռուս, հրեա, պարսիկ, հնդիկ, արաբ, կորեացի, չինացի ու էլի տարբեր ազգերի երեխաներ են խաղում: Նրանք իրար լեզու անգամ չեն հասկանում, բայց երբեմն ամեն մեկն իր լեզվով հրճվում, դիմացինին պատմում, նկարագրում ու բացատրում է էս խաղերն ու խաղալիքները: Էս էրեխեքը նույնիսկ չեն հրում միմյանց: Նրանց ծնողները, որ հետեւում, օգնում են ու երբեմն էլ իրենց ներկայությամբ, իբր, ապահովության երաշխիք են, բնականաբար, ինչ-որ ներքին լարում ունեն: Այս լարումն, իհարկե, ավելի մեծ կլիներ, եթե նրանք ինչ-որ մի տեղ հավաքվեին՝ առանց այս երեխաների: Իսկ նրանց մի մասն, իսկապես էլ, ինչ-որ պարբերականությամբ տարբեր մարտադաշտերում հավաքվում ու պատերազմում են միմյանց դեմ: Այո, պատերազմում են, սպանում միմյանց, զոհվում կամ կենդանի մնում ու, մեկ էլ տեսար, ինչ-որ ժամանակ հետո ինչ-որ քաղաքի ինչ-որ խաղահրապարակում էլի հավաքվում են: Մարդն, ի պատիվ իրեն, կարողանում է դեռ տաք, չավարտված պատերազմի ժամանակ մի ուրիշ երկրի, ուրիշ քաղաքում, թեկուզ հանուն երեխաների, խաղաղ գոյակցել մի ուրիշ մարդու հետ, որին դարձյալ հանուն երեխաների սպանում էր մարտի դաշտում: Ինչո՞ւ են մարդիկ սպանում միմյանց, եթե կարող են այսպես խաղաղ երեխա խաղացնել: Որովհետեւ անհրաժեշտ է պաշտպանել հայրենիքը, վերականգնել պատմական արդարությունը, ոչնչացնել ոսոխին եւ հաղթանակ տանել:
Միայն 2024 թվականին աշխարհում արձանագրվել է ավելի քան 100 զինված ընդհարում: Սա ռեկորդ է նախորդ 30 տարիների ֆոնին: Այս բախումների ընթացքում շուրջ 233 000 մարդ է զոհվել: Այս թիվը, սակայն, պետք է դիտարկել այն համատեքստում, որ ռուս-ուկրաինական պատերազմի կողմերն ունեցած զոհերի մասին իրական տվյալներ չեն ներկայացնում, եւ հաշվարկն արվում է՝ ելնելով բաց, ապացուցելի աղբյուրներից: 2023 թվականին (2024-ի տվյալները դեռ չկան) աշխարհում ռազմական նպատակով ծախսվող գումարի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 6,8 տոկոսով եւ դարձել 2,443 տրիլիոն դոլար: Սա նույնպես ռեկորդ է: Բնականաբար, հասկանալի է, որ 2024-ին էականորեն ավելի շատ գումար է ծախսվել պատերազմների վրա: Սակայն միայն 2023 -ին պատերազմների վրա ծախսած 2,445 տրիլիոն դոլարով կարելի է, օրինակ, աշխարհի տարբեր երկրներում կառուցել շուրջ մեկ միլիարդ բնակարան եւ դրանով իսպառ լուծել անտուն մարդկանց խնդիրը մոլորակի վրա կամ աշխարհի բոլոր դպրոցահասակ երեխաների համար պատվիրել ուսումնական նոութբուքեր եւ պլանշետներ՝ իրենց երկրների ուսումնական ծրագրերին համապատասխանող հավելվածներով:
Կարդացեք նաև
Արդյո՞ք պարզ զինվորականը գիտակցում է այս ամենը: Բնականաբար՝ ոչ: Հակամարտող բոլոր երկրներն էլ ամեն մեկն իր ձգտումների, ունակությունների ու պատերազմ հաղորդողների ազդեցության չափով քաղաքացուն տեղ են հասցնում, որ հաղթելու ենք, եւ որ հայրենիքն իր կարիքն ունի: Ավելին, բազմաթիվ պատերազմներում կիրառվող, այսպես ասած, աշխատող ասքեր կան, որ միանգամից գազանի են վերածում հայրենիքի զինվորին: Կողքի գյուղում հղի կին են մորթել… Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ պատերազմական այդ անիմաստ գեհենի մեջ սպանող մարդը դիմացինի մեջ հենց ինքն իրեն է տեսնում: Ռուսական դատարաններից մեկը բոլորովին վերջերս դատում էր մի ուկրաինացի սպայի, որն իր ծառայության ընթացքում դիտավորյալ սպանության փորձ էր կատարել գերեվարված ռուս սպայի նկատմամբ: Նա մի քանի անգամ դանակով հարավածներ էր հասցրել ռուս սպայի դեմքին: Վերջինս, սակայն, հրաշքով ողջ էր մնացել, հանգամանքների բերումով դարձյալ հայտնվել էր հայրենիքում, եւ ռուսական դատարանը նրան դատակոչել էր առերեսման: Ծնունդով Դոնեցկից ռուս սպան դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ իրեն սպանողի դեմ: Տարակուսած դատարանի՝ բա էդ դեպքում ո՞վ է մեղավոր հարցին, նա պատասխանեց՝ պատերազմն է մեղավոր, դատեք պատերազմին, եթե կարող եք… Սակայն ո՞վ կդատի մեկին, ում կերակրում է տարեկան 2,445 տրիլիոն դոլարով:
Տարեկան 2,445 տրիլիոն դոլարը ծախսելը նախեւառաջ, իհարկե, բիզնես է՝ աշխատավարձ, շահույթ, եկամուտ: Հետեւաբար, այո, բիզնես, աշխատավարձ, շահույթ ու եկամուտ է նաեւ պատերազմը: Պատերազմն, ուրեմն, ավելի շահութաբեր, եկամտաբեր բիզնես է, քան, օրինակ, շինարարությունը կամ IT տեխնոլոգիաները: Հակառակ պարագայում դժվար թե բիզնեսի լավ ու վատից կատարելապես հասկացողները հենց պատերազմ-բիզնեսով զբաղվեին: Այս, գուցե պարզունակ, եզրահանգումները կարող էին տրամաբանական լինել, եթե չլինեին հանուն հայրենիքի, փաստորեն, բիզնես նպատակների համար զոհված 233 000, իսկ իրականում այս թիվը էապես գերազանցող, երիտասարդ մարդիկ:
Կանցնի 10-15 տարի եւ Բաթումի խաղահրապարակի սիրուն, անմեղ, աստվածային էրեխեքը «բիզնես-պատերազմներում» կսպանեն, կհոշոտեն, կոչնչացնեն, կկործանեն իրար: Այնինչ կարող էին տներ ու դպրոցներ կառուցել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել, ճախրել երկնքում ու լողալ Սեւանի պես աննման ջրերում, կարող էին սիրել, բուժել, օգնել, փրկել միմյանց ու աշխարհը:
Սա, սակայն, բոլորովին այլ զրույցի թեմա է:
Աղասի ՀՈՒՆԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.01.2025