Դիտորդներն անդրադարձել են Հայաստանի ու ԱՄՆ միջև ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթղթին
Փաստաթուղթն ամերիկյան կողմից ստորագրած պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ կանոնադրության համաձայն ստեղծվելիք հանձնաժողովը հիմք է տալիս առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Դրանց թվում են տնտեսությունը, անվտանգությունն ու պաշտպանությունը, ժողովրդավարությունը և արդարադատությունը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ փաստաթուղթը կնպաստի Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը։
Կարդացեք նաև
Իր հերթին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, թե Երևանն ու Վաշինգտոնը հասել են գործընկերության կարևոր մակարդակի՝ բարդ միջազգային հարաբերությունների համատեքստում։ Միրզոյանը հայտնել է միջուկային ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության շուրջ բանակցությունների մեկնարկի և «Իսլամական պետության» դեմ համաշխարհային կոալիցիային միանալու մտադրության մասին։
Նշենք՝ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու նախաձեռնության օրինագծին։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում լրագրող Մարկ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ ստորագրված փաստաթուղթը պետք է դիտարկել թե՛ երկկողմ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների, թե՛ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, և ակնհայտ է, որ այն ունի երկարաժամկետ նպատակ։
«Այն ի զորու է ուժեղացնել Միացյալ Նահանգների ազդեցությունը [մեր] տարածաշրջանում, որտեղ իրավիճակը բարդ է։ Պաշտոնական Երևանն այսօր գտնվում է ոչ միայն Բաքվի և Անկարայի կողմից լուրջ ճնշման տակ, թեև Թուրքիան այստեղ ավելի շատ երկրորդ ջութակի դեր է խաղում։ Սա այն ճնշումն է, որը տեսանելի է անզեն աչքով։ Միաժամանակ, Երևանը ենթարկվում է Մոսկվայի ուժեղ ճնշմանը։ Այս ճնշումն ակնհայտ չէ, բայց անընդհատ զգացվում է։ Ռուսաստանում, տարբեր մակարդակներում, շարունակ կրկնում են՝ եթե փորձեք մեզ լքել, ձեզ համար ավելի վատ կլինի»,- ասել է Գրիգորյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ փաստաթուղթը նաև հարկ է դիտարկել Հայաստանի ներքաղաքական գործընթացների տեսանկյունից. «Առայժմ երկրում ոչ ոք այս մասին բարձրաձայն չի խոսում, բայց մեկուկես տարի անց խորհրդարանական ընտրություններ են մեզ մոտ, և իշխող կուսակցությունը կօգտագործի կանոնադրությունը որպես ապացույց, թե Հայաստանի գնում է դեպի Արևմուտք։ Այս կուրսին դեմ է ընդդիմությունը, որը մոսկովայամետ դիրք է գրավում։ Եվ այստեղ հարցն այն է, թե ինչ են մտածում Հայաստանի հասարակ քաղաքացիները՝ նրանք, ովքեր պետք է քվեարկեն: Այստեղ շատ որոգայթներ կան»,- նշել է Մարկ Գրիգորյանը:
Տարտուի համալսարանի Արևելյան հետազոտությունների կենտրոնի հետազոտող Բորիս Դոլգինի ներկայացմամբ՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը ինքնին չի կարող լուծել որևէ կոնկրետ խնդիր կամ հստակ երաշխիքներ տալ այն ստորագրած կողմերին, սակայն փաստաթուղթը հիմք է աշխատելու և կարևոր նշան, թե որ կողմ է շարժվում Հայաստանը։
«Միևնույն ժամանակ, արևմտյան գործընկերների կողմից [Հայաստանի] այդ ընտրությունն ընդունելու և այն աջակցելու պատրաստակամությունն, իսկապես, ամրապնդում է Երևանի դիրքերը, թեև դա հասկանալի զայրույթ է առաջացնում Ռուսաստանում, Իրանում, Ադրբեջանում և Թուրքիայում՝ չնայած այս պետությունների իշխանությունների դիրքորոշումներն տարբեր են։ Այդ ջղագրգռությունը կարելի է տեսնել ինչպես Բաքվի հռետորաբանության արմատականացման մեջ, այնպես էլ ռուսաստանցի պաշտոնյաների և պրոպագանդիստների արձագանքներում՝ սկսած արտգործնախարար Սերգեյ Լավրովից մինչև Вести недели հեռուստահաղորդման հաղորդավար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարությունը փորձում է չափազանց կտրուկ քայլերի չդիմել՝ շարունակելով խոսել ռուս-հայկական համագործակցության և ԵԱՏՄ կարևորության մասին»,- «Ամերիկայի ձայնին» ասել է Դոլգինը։
Փորձագետը նշել է, որ միաժամանակ ԵՄ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին այսօր Հայաստանի ուղղությամբ հնչող հայտարարությունները հիշեցնում են 2013 թվականին Կրեմլի համառ նախազգուշացումները Ուկրաինայի ղեկավարությանը՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման անթույլատրելիության մասին։ Թեև իրավիճակները շատ առումներով տարբերվում են միմյանցից, սակայն Ռուսաստանի ղեկավարության չկամությունը՝ մտածել փոխզիջումային տարբերակի մասին, պահպանվել է։
Ստորագրված փաստաթղթով Երևանը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ կարծիք է հայտնում Эхо Кавказа պարբերականի ներկայացուցիչ, քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։
«Մի կողմից, Հայաստանն, իսկապես, կցանկանար շատ հարցերում հնարավորինս հեռու մնալ Ռուսաստանից։ Մյուս կողմից, ինչը շատ ավելի կարևոր է, Մոսկվան գնալով բացահայտորեն բռնում է Բաքվի կողմը [հայ-ադրբեջանական] խաղաղ գործընթացում։ Եվ այստեղ Երևանը, կարծես, կամա թե ակամա պետք է համաձայնի այս գործընթացը գնալով երկկողմանի դարձնելուն»,- ասել է մեր զրուցակիցը
Դուբնովը շարունակեց, թե նման իրավիճակում Հայաստանի համար կարևոր է զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ։
«Այն ամենը, ինչը կարելի է անել [ԱՄՆ հետ] հարաբերություններում, խոշոր հաշվով, կարելի է անել, նաև առանց նման համաձայնագրի։ Ներդրումներ կատարել, աջակցել ատոմային էներգետիկայի ոլորտում։ Բայց նման խորհրդանշական գործողությունները պարտադիր են՝ նշելու, թե որ ակումբում ես դու: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերություն ունի Ղազախստանի հետ, Հայաստանը՝ Վրաստանի հետ և այլն»,- նշել է Դուբնովը։
Ըստ քաղաքական մեկնաբանի՝ Բաքվի տեսանկյունից նման քայլը ցանկալի չէր․ «Որովհետև Ադրբեջանի համար կարևոր է Հայաստանին հնարավորինս մեկուսացնել Արևմուտքից, կանխել Արևմուտքի հնարավոր աջակցությունը։ Միևնույն ժամանակ, ինձ թվում է, որ Բաքուն չունի հստակ տեսլական, թե ինչ է անելու հայկական ուղղությամբ»։
Ինչևէ, Հայաստանի նման քաղաքականությունը Ռուսաստանում դժգոհություն և երբեմն բացահայտ զայրույթ է առաջացնում: Հայտնի է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս մեղադրել է ռուսական պետական հեռուստաալիքներին երկրի դեմ քարոզչություն իրականացնելու, ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու մեջ։
Կրեմլի քարոզչության նման աշխատանքը այլևս հանգեցնում է դիվանագիտական սկանդալների։ Օրերս Հայաստանի արտգործնախարարություն հրավիրվեց Երևանում Ռուսաստանի դեսպանը, և նրան բողոքի նոտա հանձնեցին Вести недели հեռուստահաղորդման ժամանակ այն վարող Դմիտրի Կիսելևի խոսքերի առնչությամբ, որոնք ուղղված էին Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
«Պրոպագանդիստ Կիսելևին ակնհայտորեն հրահանգ է տրվել ավելի ցավոտ խայթել Հայաստանին, և նա փորձեց ամեն ինչ անել։ Բայց Մոսկվայում, ըստ երեւույթին, չեն հասկանում, որ նման քայլերով Հայաստանն ավելի են հեռացնում իրենցից»,- ասել է Մարկ Գրիգորյանը։
Ինչևէ, արդյունքը եղավ այն, որ Երևանում սկսեցին քննարկել Հայաստանի հանրային մուլտիպլեքսով Կիսելևի հաղորդումը արգելելու տարբերակը, ինչպես ժամանակին արեցին Կրեմլի մեկ այլ պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի հաղորդման պարագայում։