«Դիմակայունություն բոլորի համար» ծրագիր Արդյունքների առաջխաղացման ուղին․ հյուրընկալող համայնքների և փախստականների դիմակայունության ամրապնդում
Երևան, 17 հունվարի 2025թ․ – Այսօր Մատենադարանում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ձեռքբերումներին: Այս նախաձեռնությունը, որը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալության (NORAD) ֆինանսական աջակցությամբ, նշանակալի առաջընթաց է գրանցել՝ բարձրացնելով ավելի քան 115,000 փախստականների և նրանց հյուրընկալող համայնքների դիմակայունությունը Հայաստանում:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդը, և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, դիվանագիտական կորպուսի, միջազգային զարգացման համայնքի, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է ծրագրի շրջանակներում ԱԺ մշտական հանձնաժողովների ներգրավվածության կարևորությունը։ Նա հատկապես նշել է ազդակիր համայնքների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տալիս համատեղ մշակելու այնպիսի քաղաքականություն, որը ոչ միայն արդյունավետորեն կարձագանքի առկա մարտահրավերներին, այլև կապահովի անաչառություն և կնպաստի փախստականների արժանապատիվ ինտեգրմանը հյուրընկալող համայնքներում։
Կարդացեք նաև
Ծրագրի հաջողությունը վկայում է Հայաստանի կառավարության, ՄԱԶԾ-ի և միջազգային գործընկերների, ինչպիսին է Նորվեգիան, համատեղ ջանքերի մասին։ Դեսպան Բերգլյոտ Հովլանդն ասել է. «Դիմակայունություն բոլորի համար» ծրագիրն եզակի է, քանի որ հոգում է ինչպես փախստականների, այնպես էլ հյուրընկալող համայնքների կարիքները: Մեր աջակցությունը ներառական է, ազդեցիկ և կայուն»: Նա ընդգծել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավելի քան 6150 փախստականներ բարելավել են տեղական օրենսդրության և տեղական ժողովրդավարության մասին իրենց ըմբռնումը և բարձրացրել են իրենց մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացներին, համայնքային, աղետների ռիսկի գնահատման գործողություններին:
Իր բացման խոսքում Նաթիա Նացվլիշվիլին նշել է. «Նորվեգիայի կառավարության աջակցությունը կարևոր է եղել Հայաստանում թե՛ փախստականների, թե՛ հյուրընկալող համայնքների դիմակայունությունը և ինտեգրումը ապահովելու համար։ Սա ներառում է փախստականների և քաղաքացիական հասարակության հետ Ազգային ժողովի ներգրավվածության ուժեղացում, ինչպես նաև 350 փախստականներին անվճար իրավաբանական օգնության տրամադրում՝ արդարադատություն ապահովելով առավել խոցելի խավերի համար։ Բացի այդ, մենք վերապատրաստել ենք 1500 տեղական պաշտոնյաների 70 համայնքներում՝ աջակցելու փախստականներին և հյուրընկալող բնակչությանը՝ ներառական փորձնական ծառայությունների և տեղական որոշումների կայացմանն ավելի լայն ներգրավվածության միջոցով: 2025 և 2026 թվականներին ՄԱԶԾ-ն կշարունակի աջակցել կառավարությանը՝ տնտեսական հնարավորություններ ստեղծելու և փախստականների լիարժեք ինտեգրումն ապահովելու համար իրենց նոր համայնքներում»:
Միջոցառման ընթացքում բանախոսները ներկայացրել են ծրագրի կարևոր ձեռքբերումները.
- Ռազմավարական համագործակցություն. ՀՀ Ազգային ժողովն ամրապնդել է իր կապերը փախստականների խմբերի, քաղաքացիական հասարակության և գիտակրթական շրջանակների հետ՝ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը ներառելով օրենսդրական դաշտ։ Ծրագրի շրջանակում իրականացված նախաձեռնությունների շնորհիվ ավելի քան 6000 փախստական ակտիվորեն մասնակցել է տեղական մակարդակի որոշումների կայացման գործընթացներին։
- Արդարադատության մատչելիության բարելավում. խոցելի խմբերը, ներառյալ փախստականները, օգտվել են բարելավված իրավական աջակցության համակարգերից, ինչպես նաև ազգային իրավապաշտպան հաստատությունների և դատական համակարգի կարողություններից։
- Թվային փոխակերպում. Ծրագրի շրջանակում նախաձեռնվել է հասցեավորման համակարգի թվայնացում Հայաստանում՝ օպտիմալացնելով ծառայությունների մատուցումը թե՛ փախստականների, թե՛ հյուրընկալող համայնքների համար։
- Կարողությունների զարգացում և իրազեկվածություն. ծրագիրը հզորացրել է 430 ներկայացուցիչների կարողությունները և իրականացրել հանրային իրազեկման արշավ՝ խրախուսելու նոր թվային ծառայությունների օգտագործումը և նպաստելու 150,000 անձի շրջանում իրազեկվածության բարձրացմանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև ծրագրի հաջողությանն իրենց ներդրումն ունեցած անհատների և համայնքների պարգևատրման արարողություն: Հավաստագրեր են հանձնվել ինչպես երիտասարդ փախստականներին` վերապատրաստման դասընթացներն անցնելու համար, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` համայնքի կառավարումն ամրապնդելու համար:
«Դիմակայունություն բոլորի համար» ծրագիրը, անցնելով հաջորդ փուլ, կշարունակի ուղղված լինել սոցիալական համախմբվածության ամրապնդմանը, տեղական կառավարման զարգացմանը և կայուն տնտեսական աճի խթանմանը: Դիմակայունության և ներառականության սկզբունքներին հավատարմությունը մնում է անփոփոխ:
Ծրագրի մասին
«Դիմակայունություն բոլորի համար» ծրագիրը, որը նախաձեռնվել է ի պատասխան Լեռնային Ղարաբաղից փախստականների ներհոսքի, հիմնված է չորս հիմնական ուղղությունների վրա՝ արտակարգ իրավիճակներին արձագանքում, կառավարության հիմնարար գործառույթների ապահովում, ներառական տնտեսական աճի խթանում և սոցիալական համախմբվածության ամրապնդում։ 2024 թվականի համար նախատեսված 2,28 միլիոն դոլար բյուջեով ծրագիրն ունի առանցքային նշանակություն՝ միաժամանակ լուծելով հրատապ կարիքներն ու ստեղծելով երկարաժամկետ դիմակայունության հիմքեր։