Բերդաձոր առաջին անգամ գնացի 1989թ․ օգոստոսի վերջին։ Մարտունու շրջանից 6 հոգի էինք։ Գորիսի օդանավակայանում միացանք մնացած տղաներին, ովքեր Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի(ԲԻԽ) նախագահ Անդրանիկ Հարությունյանի՝ Բերդաձորի Անդոյի հետ էին։ Սկզբում միասին հասանք Ստեփանակերտ, օրեր անց՝ Բերդաձոր։ Իհարկե, բազում վտանգների միջով անցանք։ Բերդաձորի Մեծ Շեն գյուղում մեզ դիմավորեց ԲԻԽ-ի փոխնախագահ Առնո Մկրտչյանը։
Հետագայում բաժանվեցինք ենթաշրջանի մյուս գյուղերում գործող շտաբների ենթակայության տակ։ Ընթացքում ծանոթացանք թե՛ տեղի, և թե՛ Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերից՝ Երևան, Թալին, Մարտունի, Սիսիան․․․ և Արցախի տարբեր շրջաններից, Ստեփանակերտից այստեղ եկած ազատամարտիկների հետ։ Եղցահող գյուղում էր Երևանի Նորագավիթ թաղամասից եկած ազատամարտիկ Ստեփան Մուրադյանը, ում պարզապես կոչում էին Եղցահողցի Ստյոպ։ Հերոս քաջորդին մշտապես էր Եղցահողում և հսկում էր գյուղի անդորրը։ Բոլորն էին սիրով ու հարգանքով լցված Ստյոպի հանդեպ։
1990-ի աշնանը Եղցահողում, չնայած պատերազմական իրավիճակին, հարսանիք եղավ։ Շատ էր ուրախացել Ստյոպը․ հավատում էինք հաղթանակին։ Հավատում էինք՝ կազատագրվի Արցախը, և Բերդաձորը կդառնար Մայր հայրենիքին կապող հիմնական օղակը։ Վերջին անգամ Ստյոպին հանդիպեցի 90-ի նոյեմբերի կեսերին։ Լարված իրավիճակ էր Բերդաձորում․ թշնամին այրել էր Տասի Վերստ՝ Ծաղկաձոր փոքրիկ գյուղի մի քանի տուն։ Իր տան մեջ դեռևս թշնամական Շուշիի ազերի ոստիկանները գնդակահարել էին 90-ամյա Նանաշ Ջոբանյանի, ապա այրել տունը։ Տատին օգնության էր հասել թոռը՝ Շիրակ Չոբանյանը, սակայն հանդիպել էր թշնամու կրակահերթին։ Բարեբախտաբար չէր տուժել, պատսպարվել էր և ձեռքի ինքնաշեն հրացանով կարողացել վիրավորել ոստիկանների հրամանատարին։ Ոստիկանները տարել էին վիրավոր հրամանատարին։ Օր առաջ էլ ազերիները տարել էին Եղցահող գյուղի սովխոզի ոչխարը՝ սպանելով հովիվ Եղիշե Ծատրյանին։
Նման իրավիճակում էինք այդ օրերին։ Իսկ թշնամին մեծ ուժեր էր կուտակել Բերդաձորի շուրջ և 4 կողմից անընդհատ հարձակման էր անցնում։ Ստեփանն իր ընկեր-ազատամարտիկների հետ մեկ Եղցահողում էր, մեկ՝ Մեծ Շենում, Տասի Վերստում։ Նոյեմբերի 21-ին մեծ հարձակում եղավ Լաչինի շրջանի Աղանուս-Թթու ջուր գյուղի կողմից։ Հին Շենի դիրքերը պաշտպանելիս նահատակվեցին Երևանից հատուկջոկատային Վաղինակ Զաքարյանը և Հին շենի բնակիչ Սամվել Խաչատրյանը։ Այդ օրերին Վ․ Սարգսյանի հրամանով Բերդաձորում էին Մասիսի, Արմավիրի, Երևանի և այլ վայրերի կամավորական ջոկատներ։ Ուղղաթիռով այստեղ եկավ նաև Վ․ Սարգսյանը։ 2 օր անց նույն ուղղաթիռով եկա Երևան։
Կարդացեք նաև
Ճիշտ է՝ տարածքում կային խորհրդային բանակի այսպես կոչված խաղաղապահներ, սակայն նրանց հիմնական անելիքն ադրբեջանցիների շահերը պաշտպանելն էր և հաճախ հայկական 4 գյուղերում անձնագրային ռեժիմի ստուգումն էր, ազատամարտիկների ձերբակալումը և այլ չարիք մեր հանդեպ։ 1991թ. հունվարի 17-ի երեկոյան Բերդաձորի մշտական պաշտպաններ նորագավիթցի Ստեփան Մուրադյանը, Սարգիս Յարամակյանը՝ Սաքոն՝ Մալաթիա-Սեբաստիայից, Խչոն (Խաչիկ Հովհաննիսյան)՝ Երևանից և Շիրակ Չոբանյանը Բերդաձորի ինքնապաշտպանության առաջամարտիկ, հրամանատար Առնո Մկրտչյանի եղբոր՝ Արմո Մկրտչյանի վարած «վիլիսով» Բերդաձորի Եղցահող գյուղից վերադառնում էին Մեծ Շեն: Եկել էին նոր եկած ազատամարտիկների անձնագրերում գրանցումներ կատարելու:
Լաչին-Շուշի ճանապարհը վերահսկող խորհրդային բանակի պարեկները գիտեին, որ հայկական գյուղերի բնակիչները մշտապես այցելում են միմյանց, և իրենց պարտականությունն էր նաև պաշտպանել նրանց: Այդ օրն էլ խորհրդային սպան ձեռքով նշան է անում, որ մեքենան առաջ ընթանա:
-Չանցած մի քանի մետր, -պատմել է Արմոն, -տարբեր զինատեսակներից կրակեցին մեզ վրա:
Մոտ 500 մետր առաջ է քշում մեքենան, սակայն հարյուրավոր գնդակներ քրքրում են երկաթյա մեքենան… Վիրավորվում են բոլոր տղաները, բացի Շիրակից, Սաքոն կորցնում է գիտակցությունը, իսկ Ստեփանը զոհվում է: Շիրակը հասցնում է մեքենայում եղած զենքերը հանել և թաքնվել մոտակա կամրջի տակ՝ ողջ գիշերը մնալով այնտեղ: Զինվորականներն ստուգում են մեքենան, բնական է՝ զենք չեն գտնում և վիրավորներին տեղափոխում սկզբում Շուշի, հետո՝ Ստեփանակերտի հիվանդանոց: Ստեփանակերտում, դերասանուհի և ազատամարտի առաջամարտիկ Ժաննա Գալստյանի կազմակերպմամբ, կարողանում են տղաներին փախցնել, որ հետագայում չդատապարտվեին որպես ահաբեկիչներ: Սաքոյին տեղափոխում են Երևանի օրթոպեդիկ հիվանդանոց, որտեղ բուժվում է երկար ժամանակ:
Մի քանի տեղից վիրավորված տղաները երկարատև բուժում ստացան, սակայն վերքերն իրենց ազդեցությունը թողեցին: 2013թ․ հոկտեմբերի 27-ին վախճանվեց մեր Սաքոն։ Անցած տարի վախճանվեց նաև Խչոն։ Այսօր էլ Արմոն կրում է պատերազմական վերքերի ծանրությունը: Խաղաղ տարիներին էլ, մինչև կյանքի վերջին օրը, Սաքոն մնաց հայրենիքի իսկական զինվոր: Արմատներով լինելով մուսալեռցի, լսելով տատի պատմածները, թե ինչ չարիքներ են գործել թուրքերը, խիզախ հայորդին երդվել էր վրեժխնդիր լինել հայրենակիցների համար: Քաջորդին անմասն չէր մարտական ընկերների հուզող հարցերին, ամեն գնով փորձում էր օգնել, ընդառաջել: Մենք՝ ԲԻԽ անդամ տղաներս, չմոռացանք իրար, կապը շարունակվեց հիմնականում Սաքոյի միջոցով՝ նրա հյուրընկալ ընտանիքում: Իսկ յուրաքանչյուր տարի հունվարի 17-ին տեղի էր ունենում այց Նորագավիթի գերեզմանոցում ամփոփված Ստյոպի շիրիմին։
Զոհրաբ Ըռքոյան