Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար սպասում է գործադիր մարմնի վերջնական որոշմանը։ Առաջիկա մի քանի օրվա ընթացքում ՀՀԿ-ն կհայտնի իր դիրքորոշումը՝ մասնակցելու- չմասնակցելու, մասնակցության դեպքում նաև ձևաչափի մասին։
Ըստ նրա, նախնական քննարկումների արդյունքում կուսակցականները եկել են այն եզրահանգման, որ դասական ընդդիմություն համարվող կուսակցությունը ունի բոլոր հնարավորությունները Գյումրու ՏԻՄ ընտրություններում արդյունքներ գրանցելու։
«Որպես 30 և ավելի տարիների փորձ ունեցող կուսակցություն, քաղաքական դաշտում կայացած կուսակցություն, պատմականորեն զարգացած կուսակցություն՝ մեր հստակ դիրքորոշումը հայտնելու ենք, Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, որտեղ մենք հստակ դիրքորոշում ունենալու ենք, թեև ոմանք երազում են, որ չմասնակցենք։
Լուրեր են տարածում, թե ՀՀԿ-ն անմասն է մնալու Գյումրու ՏԻՄ ընտրություններին, բայց հիասթափեցնելու ենք, ՀՀԿ-ն՝ որպես կայացած կուսակցություն, իր հստակ դիրքորոշումը կհայտնի, կհայտնի՝ ի շահ քաղաքի, ի շահ երկրի ու ընդհանրապես քաղաքական դաշտում իր ունեցած կարևորագույն դերակատարումն ապացուցելու համար»,-ասաց Նարեկ Միրզոյանը։
Մեր ճշտող հարցին՝ ովքե՞ր են լուրեր տարածում, մտավախություն կա՞, որ ՀՀԿ-ն զգալի ձայներ կտանի՞՝ մեծ տեղ գրավելով Գյումրու քաղաքային իշխանությունում, Նարեկ Միրզոյանը պատասխանեց․ «ՀՀԿ-ն նույնիսկ այն ծայրագույն իրավիճակում, երբ ժողովրդի մեծամասությունը խաբված էր, հստակ քվեն ստացել է, եզակի քաղաքական ուժերից է, որն անցել ու ընտրվել է Գյումրու ավագանու կազմում, ներկայացված է եղել ընդդիմադիր շարքերում, ընդդիմադիր դիրքերում, բնականաբար երեք տարվա աշխատանքները, ինչ մենք ենք արել քաղաքի կառավարման, ժողովրդի խնդիրների լուծման համար, ևս իրենց արդյունքները տալու են։ Մենք այստեղ որևիցե խնդիր չունենք, թող մտածեն այն ուժերը, որոնք ոչ մի բան չեն արել, նոր-նոր փորձում են քաղաքական դաշտ մտնել»
Կարդացեք նաև
Ո՞վ կգլխավորի ցուցակը, մեկ խոսվում է նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի, մեկ գործարար Գագիկ Ադամյանի մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Բավական շատ ժամանակահատված կա, մենք քննարկում ենք լավագույն տարբերակը, այսինքն այն տարբերակը, որը որ առավելապես բխելու է քաղաքի շահերից։ Երբ որ համապատասխան թեկնածուի վրա կանգ առնենք, մեր դիրքորոշումը կհայտնենք։
Այստեղ ոչ թե թեկնածուի, այլ քաղաքական կայացած թիմի ներկայացվածության և իր դիրքորոշումը հստակ հայտնելու խնդիրն է, մենք ծրագրային լուրջ հարցեր ունենք առաջադրած, քաջատեղյակ ենք այս երեք տարիների ընթացքում քաղաքում ծառացած բոլոր խնդիրներին, ոչ թե թեկնածուի անձն է խնդիրը, այլ քաղաքական թիմի ծրագիրը, բովանդակությունը և հանդես գալը»։
Նարեկ Միրզոյանն ասում է՝ ժողովուրդը համոզվել է, որ անհատներից քիչ բան է կախված, այդ պատճառով սկսել է ուշադրություն դարձնել քաղաքական թիմերի ծրագրերին։
Նա շեշտում է՝ ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որը 2018 թվականից ի վեր ՔՊ-ի հետ բացառել է որևիցե համագործակցություն և արմատական ընդդիմության դիրքերից հանդես գալով՝ և սկզբունքայնորեն շարունակում է բացառել հետագա համագործակցությունը։
Մեր այն հարցին էլ, թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասնակցության դեպքում դժվար չի լինելո՞ւ մրցակցությունը, քանի որ նրա դաշտ վերադառնալով՝ ընտրապատկերը փոխվում է, նա քիչ, թե շատ կայուն ընտրազանգված ունի, Նարեկ Միրզոյանը ասաց․ «Ցանկացած թեկնածուի մասնակցությունն իր սեփական իրավունքն է, ցանկացած թեկնածու որևէ մեկին քննադատելու, առավելություններ ստանալու խնդիր չպիտի ունենա, սա ծրագրերի, քաղաքական պայքար է, որտեղ քաղաքական ուժերը, որոնք ունեն անցյալ, ունեն քաղաքական ճանապարհ, իրականցված որոշակի ծրագրեր, կարող են մասնակցել ընտրությունների, և ժողովուրդը իր գնահատականը կտա։ Որևիցե մեկին առանձնացնելու, որևիցե մեկին դրական կամ բացասական վերաբերմունք արտահայտելու խնդիր մենք չունենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ