Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյանը՝ ՀՀ կառավարությանը «Միասին» շարժման կողմից ներկայացված չորս պահանջների մասին

Հունվար 17,2025 19:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս ամբողջը համակարգված պայքար է․ նախընտրել ենք գալ ու հանձնել մեր պահանջագիրը ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Նիկոլ Փաշինյանին։ Միջազգային կազմակերպությունները պետք է գործեն, բայց ամենից առաջ պայքարը պետք է ուղղորդվի այս շենքից՝ ՀՀ կառավարությունից»,-ՀՀ կառավարության 1-ին շենքի առջև ի պաշտպանություն Բաքվում ապօրինի ազատազրկված հայ գերիների և պատանդառված անձանց իրավունքների բողոքի գործողության ժամանակ  հայտարարեց «Միասին» շարժման անդամ Նարինե Դիլբարյանը։

Նա ներկայացնելով շարժման պահանջագիրը՝ ուղղված ՀՀ կառավարությանը, ասաց․ «Մեր պահանջը հստակ է՝ չորս պահանջ ենք ներկայացրել։ Առաջինը հետևյալն է՝ անհապաղ դիմել ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին (ՄԽ) և բոլոր իրավական կառույցներին, պետությունների ղեկավարներին՝ ապահովել հրապարակային, բաց դատավարություն մեր գերիների, ապօրինի գերեվարված անձանց ազատ արձակման համար։ Հատկապես շեշտվում է ԵԱՀԿ ՄԽ երեք պետությունների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կարևորությունը, որոնք ուղղակի բանակցողներ են։ Հստակ ապացուցված է, որ ոչ մի հանցագործ Բաքվի բանտերում հայ ժողովրդից չկա։

Արցախի հակամարտությունը եղել է պայքար ազգերի ինքնորոշման համար, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի խախտել։ Երկրորդ խնդիրն այն է, որ ՀՀ կառավարությունը իրավունք չունի որևէ հայտարարություն կատարել ՄԽ-ի լուծարման վերաբերյալ, որն ուղղակի հանցագործություն է և Ադրբեջանի պահանջների կատարում։ Ոչ մի խաղաղության պայմանագիր չի կարող նշանակել, որ պետք է հրաժարվել ՄԽ-ից։

Հրաժարվելով այդ խմբից՝ մենք հանցագործ ենք դարձնում ոչ միայն այսօր Բաքվի բանտերում գտնվող անձանց, այլև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որը հատել է Արցախի սահմանները, որը պայքարել է ազգերի ինքնորոշման և իր հողի վրա ապրելու համար։ Այսինքն՝ ՄԽ-ին դիմելը և այն վերագործարկելը գերխնդիր է։ Նույնը նաև ՄԱԿ-ին դիմելն է։ Այս խնդրի հետ համախումբ միավորել ենք միջազգային դատարաններում  գտնվող միջազգային հայցերի խնդիրը։

Ունենք չորս հայց, և դրանցից հրաժարվելու վերաբերյալ պարտվողական հայտարարությունները նշանակում են ընդհանրապես դավաճանել հայկական ինքնության շահերի պաշտպանությանը։ Այնտեղ հստակ ապացույցներ ունենք և′ միջազգային քրեական դատարանում, և′ մնացած ատյաններում, որ մեր դեմ Արցախում, ինչպես նաև ՀՀ տարածքում կատարված հանցագործությունները որակվում են՝ իբրև հանցագործություններ մարդկության դեմ։ Այս պահանջները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները ոչ թե պիտի լռեն, այլ գործեն, եթե ոչ, պետք է գան նրանք, որոնք այդ իրադրությանը տեր են կանգնելու։

Ռուբեն Վարդանյանի ուղերձում կար մի կարևոր հայտարարություն՝ միավորել բոլոր դատերը։ Այդ դատերը պետք է միավորվեն, անձինք պետք է արդարացվեն և վերադառնան ՀՀ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031