Լրահոս
Օրվա լրահոսը

Չխաբվել դեղերի կեղծ գովազդներին

Հունվար 17,2025 20:33

Եթե Ֆեյսբուքում կամ այլ սոցցանցում տեսնում եք որեւէ հոդված, տեսանյութ կամ լուսանկար՝ որեւէ դեղի վերաբերյալ, անմիջապես զգուշացեք, քանի որ վերջին շրջանում չափազանց տարածված են կեղծ գովազդային նյութերը: Ստուգեք, թե ի՞նչ աղբյուրից է տվյալ  նյութը: Շատ ուշադիր եղեք, քանի որ արհեստական բանականության օգնությամբ այժմ հեշտությամբ հնարավոր է պատրաստել տեսանյութեր, հաղորդումներ, հոդվածներ, որոնք կպատմեն ինչ-որ հրաշագործ դեղերի մասին՝ ձեզ քաջ ծանոթ լրագրողի, բժիշկի կամ որեւէ այլ հեղինակավոր գործչի անունից, կամ ավելի վատ՝ հենց նրա տեսքով ու ձայնով:

Երկու ամիս առաջ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը բարձրաձայնեց, որ իր անունով, իր դեմքով եւ ձայնով պատրաստվել է deepfake (անգլերենով՝ deep-խորը, fake-կեղծ)` ամբողջությամբ կեղծ տեսանյութ, որում դեղամիջոց է գովազդվում: Այդ տեսանյութում օգտագործվել էր նաեւ հայտնի բժիշկ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի պատկերը, եւ ավելին՝ իբրեւ նա է հայտնագործել այդ դեղամիջոցը եւ այդ իսկ պատճառով մահափորձի է ենթարկվել:

Այդ օրերին տարածվեց մեկ այլ կեղծիք՝ Հ1-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանի deepfake-ով: Այս անգամ էլ՝ որպես բժիշկ ներգրավվել էին Ռուսաստանում հայտնի կարդիովիրաբույժ, հայազգի Բագրատ Ալեքյանի, ինչպես նաեւ՝ երգիչ Թաթա Սիմոնյանի պատկերները: Բժիշկը հանդես էր գալիս իբր Պետրոս Ղազարյանին հարցազրույց տվող, իսկ Թաթա Սիմոնյանը՝ հիվանդ: Այս կեղծիքը տարածվեց մի քանի եղանակով, այդ թվում իբրեւ news.am կայքում տեղադրված ռուսերեն հարցազրույց: 

Օգտագործված է news.am-ի լոգոն, սակայն հղումը լրիվ այլ, անհասկանալի էջի է՝ mx-designpoint.click

Վերը նշված երկու դեպքում էլ գովազդվում էր ճնշումը կարգավորող բուսական դեղամիջոց՝ Կարդինեո, որն, իբր ստեղծվել է Մոլեկուլյար կենսաբանության հայկական կենտրոնում (Հայաստանում նման կենտրոն չկա, կա ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ-հեղ.), եւ հրաշագործ ուժ ունի՝ յոթ շաբաթ օգտագործելուց հետո հինգ տարի զարկերակային ճնշումը 120/80 կլինի: Այնինչ կարճ ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ Կարդեինեոն արտադրվում է Ռուսաստանում՝ որպես BAD` սննդային հավելում: Ընդ որում, արտադրվում է տարբեր ընկերությունների կողմից: Ozon-ի կայքում այլ արտադրողի են նշում, Կարդինեոյի պաշտոնական կայքում՝ այլ: Նայեք՝ լուսանկարները:

2024 թվականի վերջին՝ դեկտեմբեր ամսին, ակադեմիկոս, բժիշկ Ալեքյանի պատկերը արհեստական բանականության միջոցով սկսեցին օգտագործել հիմա էլ մեկ այլ դեղի գովազդի համար, այս անգամ՝ դիաբետիկների համար նախատեսված: Ընդ որում, բժիշկ Ալեքյանը կարդիովիրաբույժ է, ոչ թե էնդրոկրինոլոգ, եւ պարզապես չէր կարող դիաբետի համար որեւէ բուժում խորհուրդ տալ:


 

Այս սննդային հավելումն էլ իր արտադրողի կայքում կարելի է ձեռքբերել ավելի քան 90% զեղչով, արդյո՞ք դա բավական հիմք չէ՝ կասկածելու եւ չվստահելու համար, առնվազն՝ արդյունավետությանը:

Այստեղ կարող եք տեսնել բժիշկ Ալեքյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը, որն, իբրեւ հեռարձակվել էր ռուսաստանյան 1-ին ալիքով: Ընդ որում, տեսանյութը ներբեռնվել է «Deep_AM_diabet_idiots_2.mp4» վերնագրով, որում միանգամից երկու հուշում կա, որ սա կեղծիք է՝ deep բառը՝ deepfake-ի հուշում, եւ idiots-ը՝ ուղղված, թերեւս, այս տեսանյութին հավատացողներին, որում բժիշկն իբր հիմարներ եւ ապուշներ է անվանում ընդունված դեղերով բուժվող մարդկանց: Բավականին փնթի ձեւով պատրաստված այս տեսանյութը մեկ ամսվա ընթացքում դիտել է 216 հազար մարդ:

Իրական բժիշկ Ալեքյանի իրական ֆեյսբուքյան էջում զետեղված է այս կեղծ տեսանյութի համար հիմք դարձած իրական տեսանյութը՝ բժշկի 70-ամյակի առթիվ ռուսական 1-ին ալիքը ռեպորտաժ էր պատրաստել, եւ կադրերը հենց այդտեղից են վերցվել: Ահա՝ իրական տեսանյութը:

Որոշ կադրեր էլ վերցված են nashaarmenia.info կայքից:

Այնպես որ, սոցցանցերում տարածվող ցանկացած գովազդային նյութ տեսնելիս, լինի դա դեղերի կամ որեւէ այլ ապրանքի գովազդ, որը չափից դուրս լավն է՝ իրական լինելու համար (շատ արագ է օգնում, շատ էժան է կամ անվճար, մի խոսքով՝ հրաշք), կամ ներդրում անելու կոչ, արագ շահույթ ստանալու այլ հնարավորություն (քիչ ներդրումով մեծ շահույթ, արագ եւ առանց որեւէ ջանքի ձեռք բերվող գումարի առաջարկ), միանգամից մի տրվեք գայթակղությանը, ստուգեք, վերստուգեք, վեր-վերստուգեք, խորը փորեք, որպեսզի խորը կեղծիքի (deepfake-ի) զոհ՝ idiot չդառնաք:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031