Բեկման տարի
Այս նոր տարին էլ եկավ շնորհավորանքների, բարի մաղթանքների ընդունված իր կարգով: Եւ քանի որ դրսում բնակվող իմ ընկերների, բարեկամների մի մասը չկարողացավ տուն գալ, մենք էլ ստիպված՝ սկայպի, մեսինջերի, վոցապի այս դարում, գոնե համակարգչի էկրանին բաժակները թխկացնելով կարողացանք ամսի մեկին իրար կենաց խմել, մի քիչ էլ տարբեր բաներից խոսել:
ԻՄ լավ ընկերներից մեկը, որը նոր տարվա գիշերը մերի ժամանակով Հ1-էր միացրել և վարչապետի ուղերձ էր լսել, մեր կապի ժամանակ իրոք շատ դառնացած ինձ ասաց՝ լավ չեք կարողանում Ձեր վարչապետին խելքի բերել: 10 րոպե ուղերձն էր կարդում, բայց Հայ, Հայ ժողովուրդ բառերն անգամ չարտաբերեց, ոչ մի խոսք չասեց Սփյուռքի, ազգապահպանման, համախմբման հարցերի մասին:
Քանի որ հայրենիքի կարոտը հեռվից էլ էր զգացվում և իմ այդ ընկերը իրոք շատ ցավով էր խոսում, ես հաջորդ օրը զզվանքս մի կերպ հաղթահարելով, ծայրից ծայր լսեցի Փաշինյանի այդ ուղերձը:
Կարդացեք նաև
Իսկապես Հայ ժողովուրդ բառերը ոչ մի անգամ չհնչեց: Մի ամբողջ տարվա ուղեծրի ուղերձում ոչ մի խոսք չասվեց Սփյուռքի, մեր ազգային իղձերի, արժեքների, մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման անհրաժեշտության մասին:
Այդ կարգի պաշտոնյայի նոր տարվա ուղերձը ոտքի վրա, հենց այնպես չի կազմվում: Բոլոր կողմերից է չափվում, ձևվում: Եւ հասկանալի է, որ և իմ ընկերոջ, և շատերի մոտ էլ է հարց ծագել՝ ինչն է իրական պատճառը, որ մեր այսօրվա վարչապետը այդպիսի ուղերձով է հանդես գալիս:
Անձամբ ես համոզված եմ, որ առաջին հերթին նրա արդեն իսկ չափն անցած վախկոտությունն է, այլոց ապազգայնացման պահանջներին հլու հնազանդ ծառայելու արմատացած սովորությունն է դրա բուն պատճառը: Բավական է միայն հիշել թե 24 թվի ապրիլի 24-ի հնչեցրած իր հայտարարության մեջ ինչպես էր Էրդոհանը նրանից պահանջում որքան հնարավոր է շուտ կապերը խզել Սփյուռքի հետ:
Բայց կարծում եմ նաև, որ դա միակ պատճառը չեր: Աշխարհընկալման, մտավոր կարողությունների լուջ պակասն էլ է իր դերը խաղացել:
Թե կրթվածության, գիտելիքների, խորքային հարցերը քննելու ունակության պակասը իշխանավորների մոտ ինչի կարող է բերել՝ թույլ տվեք այստեղ իմ հոդվածներից մեկից մի մեջբերում անեմ:
«Մտավոր, վերլուծական կարողությունների պակասը, պատմության դասերը չսովորելը, զուգորդված վախկոտության, աթոռապաշտության հետ իրոք շատ կործանարար հետևանքներով է հղի:
Ցավոք բացի նիկոլականներից մեր քաղաքական դաշտում էլ դեռ կան այլ գործիչներ ևս, որոնք չիմացության և խորհրդային անցյալից ժառանգած կեղծ, անհիմն կարծրատիպերի պատճառով ազգային արժեքների պահպանմանման, ապազգայնացման դեմ պայքարի պահանջը բավարար չափով չեն արժևորում: Չեն էլ փորձում հասկանալ թե իրենց առանձնահատկությունները պահպանող, Դարերի, հազարամյակների մեջ ապրող ազգերին, ժողովուրդներին ինչ բացառիկ դեր է հատկացված և նշանակություն ունեն մարդկության քաղաքակրթության առաջընթացի ապահովման խնդրում նրանք:
Նույնիսկ չեն էլ ուզում հասկանալ, որ մրցակցությանը դիմանում, պատմության թատերաբեմից չեն հեռանում միայն այն ազգերը, այն ժողովուրդներն ու նրանց այն պետությունները, որոնք իրենց ինքնությունը, առանձնահատկությունները պահպանելով և դրանց արժեքը անընդհատ շեշտելով են որ կարողանում են միավորել, համախմբել գործի գցել իրենց մարդկանց գումարային ողջ ներուժը:
Եւ որ համախմբելու, օտարների ճնշմանը դիմակայելու համար, մեծ սփյուռք ունեցող մեր երկիրը ուղղակի պարտավոր է դառնալ ազգայինի տեղն ու դերը գնահատող, համազգային շահերով կառավարվող հանրապետություն>
Իրոք ցավալի է, որ մեր քաղաքական դաշտում դեռ կան այդպիսի, չհասկացող մարդիկ: Բայց իհարկե, բոլորովին անընդունելի է,որ մեր այսօրվա առաջին դեմքն էլ է ոչ միայն այդպիսինը, այլ այլոց հաճոյանալու համար, պատրաստ է ամեն առիթն օգտագործելով Հայրենիքի և Սփյուռքի մեջ սեպ խրել: Այս նոր տարվա շեմին էլ միտումնավոր ոչ մի խոսք չասելով մեր հայրենակիցներին, մեր ողջ Հայ ժողովրդի շահերին առնչվող հարցերի մասին, տարեկան կտրվածքով էլ է փորձում ապազգայնացմանը, օտարացմանը նպաստող գիծ որդեգրել:
Մենք բոլորս ենք մեղավոր, որ թույլ ենք տվել թերուս, վախկոտ, մերի, հայրենիքի սերը չզգացող, ավելին նաև աշխարհընկալման, աշխարհաքաղաքական տարական պատկերացումները չունեցող մեկին մեզանում վարչապետ դառնալ: Առավել ցավալի է, որ մեզ մոտ ժողովրդավարության այնպիսի պակաս կա, որ այդ մեկը կարողացել է իր ձեռքը վերցնել իշխանության բոլոր լծակները, փաստորեն դառնալ միապետ:
Իհարկե օր առաջ է պետք ազատվել այդ մեկից: Բայց նա այնքան ամուր է այդ աթոռից կառչել, որ առանց քաղաքացիական լուրջ բախումների նա չի հեռանա: Ցավալի է, որ մեր թշնամիները հենց այդպիսի բախումների են սպասում, որ կարողանան Հայաստանը վերջնականապես դարձնեն վիլայեթ կամ գուբերնյա:
Ինչ արած ստիպված ենք լավ նախապատրաստվելով, մինչև առաջիկա ընտրությունները մի կերպ դիմանալ:
Ցավալին այն է, որ մեր քաղաքական դաշտն էլ այժմ այնքան է տրոհված, հանրության և Սփյուռքի հետ նրա կապերը այնքան են խարխլված, նրա մասը կազմող ուժերն էլ այժմ այնքան քիչ հեղինակություն, ազդեցության լծակներ ունեն, որ առանձին վերցրած նրանցից ոչ ոք՝ իր ուժերին միայն ապավինվելով, առաջիկա ընտրություններում, չի կարողանա իշխանության գալ, բեկում մտցնել:
Լավն այն է, որ մեր ժողովրդի ճնշող մեծամանությունը արդեն այնքան է զզվել այս վարչապետից, նրա ուսապարկերից, խորհրդարանական կոչվող ընդդիմությունից, որ եթե ազգային արժեքները գնահատող, համախմբված, կարող ուժերի նախընտրական դաշինք ձևավորվի, մեր ընտրողները վազելով կգան, որ նրան ձայն տան:
Ելքի հնարավորությունը դեռ կա: Բավական ժամանակ էլ դեռ ունենք: Եւ պետք է, կարող ենք քայլեր ձեռնարկել, որ քաղաքական մեր դաշտը էապես թարմացվի, երիտասարդացվի և ձևավորվի համախմբած կարող միավորում:
Մենք բոլորս էլ այժմ պարտավոր ենք ջանքեր չխնայելով դրան նպաստել: Եւ համերաշխության, համագործակցության, փոխաջակցման ոգով՝ աջակցել
պայմաններ ստեղծել, որ նոր եկող այս տարին դառնա փրկության այդ դաշինքի կազմավորմանը Նախապատրաստվելու տարի:
Համոզված եմ, որ իրոք բոլոր նախադրյալները արդեն կան, որ կազմավորվի համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով ղեկավարվող, ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություն ունեցող նախընտրական այդ կարող դաշինքը:
Այլ ելք չունենք: Ստեղծված այս բարդ իրավիճակում, մենք պարտավոր ենք ազդեցության մեր բոլոր լծակներն օգտագործելով աջակցել նրա կազմավորմանը: Եւ կարծում եմ, որպես առաջին քայլ, պետք է հնարավորինս նպաստենք, որ քաղաքական մեր դաշտի հոգեբանական մթնոլորտը քիչ առողջացվի:
Հերիք է ինքնարդարացման մոլուցքով տարված այլոց միայն մեղադրենք: Բոլորս ենք մեղավոր, որ չենք հասկացել, խաբվել ենք, թույլ ենք տվել, հանդուրժել ենք, որ այդքան ծախու, անորակ, շահամոլ մարդիկ Ազգային ժողովը ծայրից ծայր գրավեն: Եւ հայրենին չգնահատող, հազարամյակների մեջ ապրող Հայ ժողովրդի արժեքը չիմացող, ծանծաղամիտ մեկին իրենց թագավոր կարգեն:
Այժմ գոնե խելքի գանք: Ամեն մեկս մեզ հասու բոլոր միջոցներով, պայքարենք, պահանջենք, պարտադրենք, որ մեր ապագայով իրոք մտահոգ ուժերը վերջապես հասկանան, որ համախմբվել է պետք: Պայմաններ ստեղծենք, որ նրանք հաջորդ քայլն էլ անեն: Եւ մի կողմ դնելով իրենց ընթացիկ տարաձայնությունները, փոխադարձ, հաճախ էլ անհիմն մեղադրանքները՝ գաղափարական, սկզբունքային հարցերի շուրջը համաձայնության գան: Եւ այս տարվանից արդեն քաղաքական նոր տիպի կառույցի, նախանախընտրական միաձույլ, հաղթող միավորման՝ նախընտրական ապագա դաշինքի կազմավորման հիմքերը դնեն:
Իհարկե առանձնապես կարևոր է, որ այդ հիմքերը շատ ամուր լինեն: Նորից սխալվելու իրավունք այլևս չունենք: Բոլորս ենք պարտավոր հետևել, որ մեր ազգակիցները տեսնեն ելքի ճանապարհը և ճիշտ ընտրություն կատարեն:
Իսկ դրա համար աժմյանից պետք է նախապատրաստվել: Պետք է կարող ուժերի կազմով ձևավորվի նախաձեռնող մի խումբ, որը մինչև նախընտրական դաշինքի պաշտոնական գրանցումը իր վրա կվեցնի կազմակերպչական պահանջվող աշխատանքների կատարումը:
Նախ հանրությունը կտեղայնացնի թե ինչ կողմնորոշմամբ, ինչ հիմնական խնդիրներ է դնելու իր առջև ձևավորման փուլում գտնվող այդ դաշինքը: Եւ ինչ սկզբունքներով, ինչ ընթացքով է այն հետագայում կազմավորվելու: Ինչպիսի պարտավորություններ պետք է դրվի մասնակից ուժերի վրա: Հանրության կարծիքը հաշվի առնելով, Ինչ կարգով, ինչպես պետք է կազմվի դաշինքի նախընտրական ցուցակը: Քննարկումների ինչ ընթացքով, ինչ բովանդակային պահանջներով, ինչպես պետք է կազմվի այն կառավարության գործունեության ծրագիրը, որը կձևավորի այդ դաշինքը՝ հաղթելու դեպքում:
Հաշվի առնելով, որ Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցությունը տարեսկզբին արդեն դիմել էր մյուս քաղաքական ուժերին վերը նշված տիպի նախանախընտրական միավորում ստեղծելու իր կոչ առաջարկով.
Կարծում եմ իրավունք ունեմ այստեղ անդրադառնալ այն հարցին, թե մեր կարծիքով ապագա դաշինքը իր նախընտրական ծրագիրը կազմելիս, իրավիճակի գնահատմանն ինչ հանգամանքներ, կողմորոշման ինչ խնդիրներ պետք է անպայման հաշվի առնվեն:
Նախ պետք է նկատի ունենալ, որ այս դարում ժողովուրդների, նրանց պետությունների ուժն ու կարողությունները առաջին հերթին որոշվելու են նրանց մարդկային կապիտալի գումարային արժեքով:
Եւ որքան էլ ցավալի է, բայց պետք է անպայման հաշվի առնվի այն, որ սակավաթիվ՝ 2,5 միլիոն բնակչությամբ, առավել ևս հնամաշ քայքայված տնտեսությամբ, մեր երկիրը՝ 44 օրյա պատերազմի և հետագայում թույլ տված սխալների պատճառով այնքան ծանր կորուստներ է կրել, որ առաջիկա տասնամյակում էլ, մեկ է միայն իր ուժերով ի վիճակի չի լինի բավարար չափով միջոցներ հատկացնել, կարգի բերել արդիականացնել պաշտպանական իր համակարգը և դուրս գալ կործանարար այս կախվածությունից:
Իսկ այդքան սպասել մենք չենք կարող.
Եւ ակնհայտ է, որ ստեղծված այս դժվարին պայմաններում՝ Ելքի, փրկության այլ ճանապարհ մենք պետք է ընտրենք: Եւ հեռանկարային ծրագրեր մշակելիս՝
Մենք պետք է նախ հաշվի առնենք, որ շարունակվող արտագաղթի պայմաններում, մեր ազգակիցների քանակը Սփյուռքում արդեն երեք անգամից էլ ավելին է դարձել, քան Հայաստանում են ապրում .
Եւ նկատի ունենանք, որ չնայած այսօրվա իշխանավորների կողմից տարվող «իրական Հայաստան» կոչվող սխալ, անընդունել քաղաքականությանը, մեկ է դրսում բնակվող, բավական բաձր գիտելիքների, կարողությունների, մարդկային կապիտալի տեր մեր հայրենակիցներից շատ շատերի մոտ ազգայինի արժեվորման, ազգասիրության զգացումը դեռ այնքան ուժեղ է, որ նրանք պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մայր Հայրենիքին:
Եւ այն, որ հեռակապի, հեռահաղորդակցման, հեռակարգավորման, հեռակառավարման միջոցները այս դարում այնքան են կատարելագործվել, որ մենք ռեալ հնարավորություն ունենք աշխարհով մեկ ձևավորել նպատակային գործունեության ունակ համազգային կառույցների այնպիսի մի միաձուլ համակարգ, իր կենտրոն Հայաստանով, որը ի վիճակի կլինի համախմբել, ուղղորդել, գործ գցել մեր այդ կապիտալի գումարային ողջ ներուժը:
Կարծում եմ ակնհայտ է որ ներկայումս, առանձնապես Արցախի էթնիկական զտումից, հայաթափումից հետո՝ շատ շատերի համար էլ է պարզ դարձել, որ մենք պետք է նախ հրաժարվենք Հյուսիսային կողմնորոշումից, նպաստավոր պայմաններ ստեղծենք, որ ստանանք Քաղաքակիրթ աշխարհի լիարժեք աջակցությունը և իհարկե, առաջին հերթին փորձենք աշխարհով մեկ ի մի բերել մեր ողջ Հայության գումարային այդ ներուժը: Որը այնքան էլ փոքր չէ:
Այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ Քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ստանալու և մեր ուժերի համախմբման խնդիրները փոխկապակցված են:
Իհարկե՝ Քաղաքակիրթ աշխարհն էլ իր շահերը ունի: Եւ որ Նրանց հիմա, հիմնականում հետաքրքրում է նոր աշխարհակարգի ստեղծման և աշխարհով մեկ ժողովրդավարական արժեքների տարածման հնարավորությունը:
Եւ բնական է, բացի Հարավային կովկասում հենակետ երկիր ունենալու հարցից, նրանց համար առանձնապես կարևոր է պարզել՝ Հայ ժողովուրդն ամբողջությամբ ինչ դիրքորոշում կորդեգրի: Կընկալի արդյոք ժողովրդավարական արժեքների դերը, նշանակությունը: Կնպաստի, որ ամենուր այդ արժեքները գնահատող կարգեր հաստատվեն:
Հաշվի առնելով, որ դրսում բնակվող մեր ազգակիցների մոտ ինչ խնդիրներ են հաճախ ծագում, կարծում եմ ակնհայտ է, որ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատ շատերը իրենք էլ խիստ շահագրգռված են, որ.
Իրենց մոտ էլ մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքները, , հիմնարար ազատությունները, օրինական շահերը պաշտպանվեն: Մայրենի լեզվին տիրապետելու, մշակույթային առանձնահատկությունները պահպանելու հնարավորությունը իրենց էլ տրվի: Գործունեության տեսակի ընտրության, աշխատանքի վարձատրման հավասար պայմաններ ապահովվի բոլորի համար:
Ինչից բնական է, հետևում է, որ եթե հնարավորություն լինի, Համազգային կարգավորող կառուցն էլ իրենց աջակցի, մեր ազգակիցները ամենուր եռանդով կնպաստեն, որ ժողովրդավարական արժեքները գնահատող իշխանություններ իրենց մոտ էլ ձևավորվեն:
Վերը նշվածիս էլ արդեն պարզ է երևում է, որ արմատական փոփոխությունների այս դարում, եթե մեզ մոտ ձևավորվի համազգային շահերով ղեկավարվելու, աշխարհով մեկ մեր ողջ ուժերը համախմբելու, ժողովրդավարական արժեքների տարածմանը ամենուր նպաստելու և այդ արժեքներով կառավարվելու պարտավորությունը ստանձնած նախընտրական մի դաշինք, որը կարողանա ընտրություններով իշխանության գալ, ապա.
Քաղաքակիրթ աշխարհի դռները մեզ համար բաց կլինի: Եւ մեր երկրի ինքնիշխանության պահպանման, զարգացման և աշխարհով մեկ մեր ուժերի համախմբման, ուղղորդման, ինքնապաշտպանության համազգային կառույցների կազմավորման հարցերում՝ նրանք մեզ էապես կօգնեն:
Հայեր, հայրենակիցներ. Հաղթող այսպիսի դաշինքի ստեղծման հնարավորությունը իրոք շատ ռեալ է, և հաջորդ անգամ ես կանդրադառնամ նախապատրաստական աշխատանքների որոշ մանրամասներին:
Արշակ Սադոյան