Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը
Իշխանության յուրացման նախապատրաստության գործով մեղադրյալ Արմեն Մնացականյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու հարցով հրավիրված դատական նիստի ընթացքում քննիչի 40 րոպեանոց և պաշտպանի 1 ժամանոց ելույթներից (բացատրություններից) հետո դատավոր Տաթևիկ Մուրադյանի մոտ ընդամենը մեկ հարց առաջացավ․ ինչո՞ւ է պաշտպանը գլխարկով։
Փոխարենը՝ Արմեն Մնացականյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարաձգելու միջնորդության քննությունն առաջին անգամ ստանձնած դատավորը շատ կարճ ժամանակում հասցրեց ուսումնասիրել ահռելի ծավալ ունեցող միջնորդությունն ու կից նյութերը և կայացնել որոշում՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու մասին։
Ըստ դատավորի՝ եթե կան որոշակի փաստական տվյալներ առ այն, որ մարդը հրապարակավ հայտարարել է Հայաստանը դավաճաններից մաքրելու անհրաժեշտության մասին, ապա միանշանակ ու աներկբա առկա են իշխանության յուրացման նախապատրաստության հատկանիշներ։
Ասել ու ասելու եմ՝ վկաները, ըստ որոնց Արմեն Մնացականյանն ու այլք իրենց նախապատրաստում էին Հայաստանում իշխանություն յուրացնելուն կամ զավթելուն, իրենց ֆիզիկական տվյալներով ունակ չեն ոչ միայն Հայաստանում իշխանություն, այլ անգամ կանանց գեղեցկության սրահ զավթելու։