Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյունիկ Աղաջանյան. «Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատանդառված է Ադրբեջանում, ինչը միջազգային պատերազմական հանցագործություն է, միջազգային իրավունքի անպատվություն»

Հունվար 17,2025 17:09

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված համաձայնագրի հետեւանքների մասին՝ ասաց. «Մեր զիջումների համար հերթական գլուխն է բացվել, որը տրամաբանորեն հստակ գծված է արեւմտյան ուժային կենտրոնների կողմից եւ իրենք քայլ առ քայլ մեզ մոտեցնում են մեր պետության համար ողբերգական փուլի: Այն, ինչ մենք տեսնում ենք, ունի մի քանի շերտավորում. սկսվել է շինծու դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ: Նրանք պատանդառված են Ադրբեջանում, ինչը միջազգային պատերազմական հանցագործություն է: Այն փաստարկները, որ իրենք փորձելու են բարդել սեփական ինքնությունը, գոյությունը եւ հայրենիքը պաշտպանելու ուղղությամբ այդ մարդկանց կատարած գործողությունների վրա, դա միջազգային իրավունքի եւ դրա սահմանած նորմերի անպատվություն է: Դրանք ամրագրված են ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, այլեւ Հելսինկիի եզրափակիչ ակտում:

Բայց պետք է հասկանանք, որ այդ երկրի ղեկավարությանը ուժ ու հիմք են տվել մեր իշխանության ղեկին նստած անձի գործողությունները, որոնք ուղղակի ջնջեցին Արցախի ինքնորոշման իրավունքի քննարկումը բանակցային գործընթացում եւ ուղղակի նոյեմբերի 9-ի փաստաթղթում որոշակի ձեւակերպումներով արդեն ոչնչացրեցին Արցախը որպես քաղաքական միավոր դիտարկելու հնարավորությունը:

Նույն շրջանակներում պետք է դիտարկել այսօր Մինսկի խմբի գործընթացը դադարեցնելու պահանջը, ինչը նպատակ ունի վերացնելու այն միջազգային ձեւաչափը, որը լիազորված էր բանակցելու: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը փորձում է հնարավոր բոլոր օղակներից ջնջել մի միջավայր վերականգնելու, վերակազմելու հնարավորությունը, որտեղ Արցախի խնդիրը եւ արցախահայերի վերադարձի խնդիրը կարող է դառնալ լեգիտիմ քննարկման առարկա: Նաեւ չմոռանանք, որ Մինսկի խումբը, ոչ թե համանախագահությունը, միակ այն ձեւաչափն էր, որտեղ Արցախը մասնակցում էր որպես առանձին բանակցող կողմ:

Այսինքն, մենք տեսնում ենք խնդիրը ընդհանրապես քաղաքական դաշտից ջնջելուն ուղղված քայլեր, որին համաձայնել է մեր երկրի ղեկին նստած անձնավորությունը, ինչը պատահական չէ: Առաջին իսկ օրվանից վարած քաղաքականության արդյունքում նա փորձել է Արցախի ինքնիշխանությունը եւ ինքնուրույնությունը ոտնահարել: Ամենապարզ դրվագը, երբ որ դեռ նախապատերազմյան շրջանում Արցախի նախագահին ընդունելուց ուղղակի Արցախի դրոշը չէր դրվում, իրենց իսկ հովանավորության տակ գործող տարբեր կազմակերպություններ Արցախի նախագահին որպես մարզպետ էին դիմում եւ հակահարված չէին ստանում: Եվ ավելին, Հայաստանի անվտանգության հայեցակարգի մեջ Արցախի Հանրապետություն ձեւակերպումը ուղղակի վերացավ: Այդպես, իրենք Արցախի Հանրապետության նշաձողն իջեցրեցին ի կատարում իրենց հանձնառությունների: Այսինքն, մենք չպետք է մոռանանք այն համատեքստը, որում այս ամենը տեղի է ունենում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031