ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցած՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստին այսօր հարցաքննվող դասակի հրամանատար Տիգրան Մանասերյանը պատմեց, որ գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը սեր ուներ թմրամիջոցների հետ: Նա պատմեց, որ վերջինիս հետ նույն վարձակալած բնակարանում են ապրել, մի օր արթնացել է արտասովոր հոտից ու գնացել բնակարանի հյուրասրահ, այնտեղ տեսել Հակոբյանին «պիպետկայով» թմրամիջոց քաշելիս:
«Իրեն էլ որ տեսնում էի, հիմնականում անջատված էր լինում: Ես էլ եմ տեսել, որ օգտագործում էր»,- ասաց վկան:
Վկան հիշեց, որ Ռազմական ոստիկանությունից էլ են եկել, ինչ-որ խոտեր հայտնաբերել, Հակոբյանը կամաց քթի տակ ասել է, որ իրենն է, բայց ոչնչացրել են: Այս հարցի շուրջ Եղիշե Հակոբյանն ու հարցաքննվող վկան վիճեցին, Հակոբյանը պնդում էր, որ ոչ թե ինքն է ասել՝ իրենն է, այլ զինվորներից մեկինն է եղել, վերջինս էլ արձագանքել է, որ իրենն է:
Կարդացեք նաև
Վկան հայտնեց, որ տեղեկացված է եղել, որ զինվորներից ոմանք հաշվառված են եղել թմրամիջոցի օգտագործման մասով, անալիզ հանձնողներ էլ են եղել, այդ թվում Հակոբյանն է հանձնել, բայց թե ինչու է անալիզների պատասխանը մաքուր եկել, ինքը չգիտի: Թեեւ ավելի ուշ վիճաբանության ժամանակ ասաց՝ դրա պատասխանն էլ գիտի, բայց չմանրամասնեց դատարանում:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` կապիտան Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել` այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ