«Մեր ընկերները գտնվում են Բաքվի բանտերում միայն նրա համար, որ մենք տարիներով սխալ քաղաքականություն ենք վարել, հիմա էլ չենք ուզում իրական գնահատականներ տալ։ Նրանք չեն հայտնվել այնտեղ որպես Ղարաբաղի պարզ քաղաքացի, նրանց տարել են այնտեղ, որպեսզի եւ Արցախի Հանրապետության դեմ, եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի դեմ դատական շինծու գործեր սարքելով՝ մեզ թուլացնեն, ոչնչացնեն։ Այսինքն՝ հատկապես Հայաստանի պետության եւ հայ ժողովրդի դեմ շինծու գործեր սարքելու համար են տարել այնտեղ։ Այս մարդիկ դատվում են որպես հայ, հետեւաբար, սա պետք է վերաբերի բոլոր հայերին, եւ այս հարցում բոլոր հայերը պետք է լինեն միահամուռ»,- ԱԳՆ շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը՝ կոչ անելով հայ ժողովրդին ոտքի կանգնել։
Նա հավելեց․ «Բանը հասել է նրան, որ ֆաշիստը խաղաղ մարդկանց անվանում է ֆաշիստ։ Ընդ որում, ֆաշիստ անվանում է ոչ միայն Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այլ ամբողջ հայ ժողովրդին։ Հայաստանի իշխանության եւ հայ ժողովրդի կողմից այդ ֆաշիստական կոչերի պատասխանն անհամարժեք է։ Մենք ոչ Հայաստանի իշխանություններից, ոչ հայ ժողովրդից չենք տեսել ադեկվատ պատասխան Ալիեւի ֆաշիստական հայտարարություններին։ Այս պատճառով մենք ոչ կարողանալու ենք մեր գերիներին այնտեղից ազատել, ոչ էլ կարողանալու ենք մեր ապագայի հարցը լուծել»։
Ըստ Հայրյանի՝ «այսօր Ղարաբաղի հարցը չի լուծվում, այսօր Ալիեւը Հայաստանի պետականության հարցն է լուծում»։ Ասում է՝ «Հայաստանը ֆաշիստական պետություն է, պետք է վերանա», իսկ մենք լուռ ենք, չենք խոսում։
Նշենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների, որոնց թվում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով իր նկատմամբ շինծու քրեական գործին, ահազանգել է, թե ինչ խախտումներ են իրականացվում Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով դատավարությունը Բաքվում մեկնարկել է այսօր։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ