Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում հայերի դեմ «դատավարությունները» միտված են հավաքական նվաստացում ապահովելու ողջ հայ ժողովրդի դեմ. պահանջագիր ՀՀ կառավարությանը, ՄԱԿ-ի կառույցներին և անդամ պետություններին

Հունվար 17,2025 16:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պահանջագիր՝ ՄԱԿի կառույցներին և անդամ պետություններին՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով

Հաշվի առնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշված ու բնիկ ժողովրդի ամբողջական հայրենազրկումն ու բռնի տեղահանումը Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի կողմից,

Հիմք ընդունելով, որ միջազգային հանրությունը հավաքականորեն ձախողել է Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը,

Արձանագրելով, որ միջազգային հանրության տարբեր ազդեցիկ անդամներ գիտակցաբար աջակցել են Արցախի ու ընդհանրապես հայ ժողովրդի դեմ իրագործված միջազգային հանցագործություններին,

Հիշեցնելով, որ ուղիղ 35 տարի առաջ Բաքվի հայ բնակչությունը ենթարկվեց հերթական կոտորածների, որով փաստացի ավարտին հասցվեց Ադրբեջանի հարյուր հազարավոր հայ բնակչության ցեղասպանությունը,

Նկատի ունենալով, որ հայ ժողովրդի դեմ ցեղասպանական հանցագործությունները շարունակվում են առ այսօր՝ հայ պատանդների ապօրինի ազատազրկման ու շինծու «դատավարություններով», ադրբեջանական բռնազավթման ներքո հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ, Հայաստանի դեմ նոր ագրեսիայի աճող սպառնալիքներով, հայատյացության ահագնացող քաղաքականությամբ և այլ դրսևորումներով,

Խիստ մտահոգված լինելով Ադրբեջանական պատանդառության տակ գտնվող բոլոր հայերի, այդ թվում՝ քաղաքական բանտարկյալների, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց դեմ տեղի ունեցող վայրագություններով, շուրջ 80 բռնի անհետացած անձանց և հարյուրավոր անհետ կորածների ճակատագրերի ծանր անորոշությամբ,

Փաստագրելով, որ Ադրբեջանում հայերի դեմ տեղի ունեցած և ունենալիք բոլոր «դատավարությունները» ակնհայտորեն միտված են հավաքական պատիժ ու նվաստացում ապահովելու ողջ հայ ժողովրդի դեմ,

Ընդգծելով, որ նույնիսկ այս ամենից հետո ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցները և անդամ պետությունները շարունակում են իրենց անտարբեր ու անարդյունավետ գործունեությունը, որը չի կարող վերացնել հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների հետևանքները և կանխել նորանոր հանցագործությունների կատարումը,

Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ը համարվում է միջազգային հանրության հավաքական դեմքն ու ձայնը,

Հղում անելով միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին՝ ընդունված ՀՀ դիմումների հիման վրա 2021 թ. դեկտեմբերի 7-ին, 2023 թ. փետրվարի 22-ին, հուլիսի 6-ին և նոյեմբերի 17-ին՝

Պահանջում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից, առանձին կառույցներից և անդամ պետություններից հետևյալը՝

  1. Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացող բոլոր հայ պատանդներին:
  2. Նախքան ազատ արձակումը՝ ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում՝ կիրառելով թե՛ մշտադիտարկման և թե՛ պատժամիջոցների ողջ գործիքակազմը:
  3. Գործուն քայլեր ձեռնարկել բռնի անհետացած ու անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ:
  4. Գործարկել միջազգային մեխանիզմներ Արցախի մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության վիճակի մշտադիտարկման ու պաշտպանության համար:
  5. Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի ապահովման ուղղությամբ:

Պահանջագիր՝ ՀՀ կառավարությանը՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝

  1. Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացող բոլոր հայ պատանդներին:
  2. Նախքան ազատ արձակումը՝ բոլոր հնարավոր ձևերով ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն ադրբեջանական պատանդառության ներքո՝ զերծ մնալով նրանցից որևէ մեկին թիրախավորելու և հարվածի տակ դնելու արատավոր երևույթներից:
  3. Գործուն քայլեր ձեռնարկել բռնի անհետացած ու անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ:
  4. Գործարկել միջազգային մեխանիզմներ Արցախի մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության վիճակի մշտադիտարկման ու պաշտպանության համար:
  5. Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի ապահովման ուղղությամբ:
  6. Զերծ մնալ Արցախի և ընդհանրապես ողջ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը միտված միջազգային դատական հայցերից հրաժարվելու գործողություններից և նույնիսկ հայտարարություններից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մտքից:
  7. Հետամուտ լինել հատկապես Հայաստանի միջպետական գանգատների շրջանակներում ընդունված միջազգային դատական ակտերի պատշաճ կատարմանը, որոնք այժմ անտեսվում են ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի իշխանությունների կողմից:
  8. Դիմել Միջազգային քրեական դատարան՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և հայերի դեմ իրականացված այլ միջազգային հանցագործությունների հետաքննության ու պատժի մեխանիզմների գործարկման հայցով:

2025թ.հունվարի 17-ի հանրային հավաքի մասնակիցներ, ք.Երևան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031