ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցած՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստին այսօր հարցաքննվող դասակի հրամանատար Տիգրան Մանասերյանն անդրադարձավ նաեւ դեպքի օրը տված իր սկանդալային հարցազրույցին, թե այդ վայրում բենզին չի եղել, չգիտի՝ որտեղից է հայտնվել: Վկան պարզաբանեց, որ լարված է եղել ու այդպիսի բաներ է ասել, բայց հիմա պնդում է, որ բենզին իրականում եղել է:
Տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հեռախոսով միացրեց նրա տված հարցազրույցն ու հարց ուղղեց՝ ի՞նչ նկատի ունեք ասելով, որ լարված եք, շփոթված եք, այսինքն՝ ձեր հարցազրույցն այդպիսի մարդու տպավորությո՞ւն է թողնում, ո՞ր հարցից եք շփոթված եղել:
«Հոգեբանական վատ վիճակ էր մոտս, չէի ուզում հավատալ, որ 4 տարի ռազմական համալսարան ավարտած, երկու պատերազմների մասնակից սպան կարող էր նման բան անել: Սուբյեկտիվ պատճառներն էլ նկատի ունեի՝ դիվերսիոն գործողություններ, հոսանքից էլ կարող էր լինել, կրակի առաջացման լիքը պատճառներ կարող են լինել»,- բացատրեց վկան:
Կարդացեք նաև
Այրված զինվորներից մեկի հայրը վրդովվեց վկայի այս պատճառաբանություններից, հարց ուղղեց՝ քանի՞ ժամ հետո է «դոզան» թողել:
Զոհված զինվորներից մեկի ծնողն էլ հիշեցրեց դեպքին հաջորդող իրենց զրույցները, որոնք վկան հերքեց:
Վկան պատմեց, որ վառելիքի պահպանման համար ավտոկայանատեղիում հատուկ տեղ կար: Հարցին, թե բենզինն ինչո՞վ էր պահվում, վկան չմտաբերեց, բայց մտաբերեց՝ դիզվառելիքն ինչով էր պահվում: Ծնողների կողմից եղան ռեպլիկներ, թե ձեռք չի տալիս, որ հիշի: Վկան ասաց, որ վառարանը ջեռուցվել է փայտով ու ածուխով:
Մեղադրող դատախազը հիշեցրեց, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 հատ 5 լ բենզինով լցված տարաներ, իսկ ըստ ապրանքագրերի՝ ստորաբաժանմանը հատկացվել է 80լ բենզին. այ ինչումն է կայանում այս հակասությունը փաստաթղթային ու իրական պահեստավորման հետ: Վկան պատասխանեց՝ չի կարող ասել: Ըստ նրա՝ դիզվառելիքը ինքը չի ստացել, չգիտի՝ ով է ստացել, ոնց է պահեստավորել:
Հաջորդ հարցին, թե տեղյա՞կ է եղել, որ ինժեներասակրավորային ծառայության վաշտում կամ դրա հետ առնչություն ունեցող որեւէ սպայի կողմից իրականացվել է հատկացված վառելանյութի վաճառք, վկան պատասխանեց՝ չէ:
Անդրադառնալով կացարանի հակահրդեհային անվտանգությանը՝ մեղադրողը հարց ուղղեց՝ մինչեւ դեպքը, ե՞րբ է ինժեներասակրավորային ծառայության վաշտը հակահրդեհային անվտանգության դասընթաց, հրահանգավորում, վերապատրաստում անցել, վկան պատասխանեց՝ չի հիշում, չի եղել ոնց որ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ