Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում իրականացվող կեղծ դատավարությունները իրավական չեն. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Հունվար 17,2025 15:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Բաքվում մեկնարկում են գերեվարված Արցախի հայ ռազմաքաղաքական գործիչների կեղծ դատավարությունները, որի մասին մեկ ամիս առաջ հայտարարություն էր տարածվել:

Երեկ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարություն է փոխանցել նաև Ռուբեն Վարդանյանը՝ ահազանգելով մի շարք դատավարական խախտումների մասին:

Մասնավորապես.

  1. Վարդանյանի ստորագրությունները կեղծվել են անհայտ բովանդակությամբ ցուցմունքների և այլ ընթացակարգային գործողությունների համար։
  2. Ճնշումներ են գործադրվել նաև փաստաբանի և թարգմանչի նկատմամբ այդ փաստաթղթերը ստորագրելու համար
  3. Վարդանյանին և նրա փաստաբանին հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը և հասկանալի լեզվով գործի նյութերին ծանոթանալու համար չի տրվել ողջամիտ ժամանակ։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման հանգամանքները և բաց աղբյուրներում առկա այս և մի շարք այլ տեղեկություններ փաստում են, որ տեղի ունեցողը բացառապես քաղաքական հետապնդում է։

Ապացուցված խոշտանգումների, հայատյացության ընդհանուր կոնտեքստի և ողջամտորեն չհերքվող այլ հիմնարար իրավունքների խախտման համատեքստում որևէ պարագայում չի կարելի իրավական համարել Բաքվում ընթացող դատավարությունները։

Պետք է նկատի ունենալ, որ քաղհետապնդման ենթարկվող գործիչների կողմից նախկինում, ներկայում կամ ապագայում կորզվելիք որևէ ցուցմունք չի կարող արժանահավատ համարվել, քանի որ այն բխում է խոշտանգումից կամ դրա անմիջական սպառնալիքից։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ քաղաքական հետապնդում պետք է համարել ոչ միայն գերեվարող պետության կողմից խոշտանգումների և դատավարական իրավունքների խախտումները, այլև քաբանտարկյալների քաղաքացիության երկրի՝ Հայաստանի Հանրապետության կողմից իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների տրամադրումից հրաժարումը։ Այն դեպքում, երբ պետությունը չի գործարկում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ այդ թվում միջազգային իրավական գործիքակազմը, հիմնավոր պետք է համարել նաև Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքական հետապնդում իրականացնելու կասկածը։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ Բաքվի ռեժիմը վերածելու է այդ գործընթացը հակահայկական քարոզչական շոուի՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում լրատվամիջոցներին, մեկնաբաններին, սոցիալական հարթակներում ակտիվ օգտատերերին.

  • Առավելագույնս զգուշությամբ լուսաբանել գործընթացը, որպեսզի ակամա չնպաստել ադրբեջանական կողմի հակահայկական քարոզչական ուղերձների լրացուցիչ տարածմանը;
  • Հնարավորինս մանրակրկիտ կերպով ստուգել դատավարության վերաբերյալ՝ ադրբեջանական, ինչպես նաև ոչ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված լուրերը, զերծ մնալ կասկածելի որևէ նյութ տարածելուց;
  • Զերծ մնալ հայ քաղբանտարկյալների լուսանկարները, տեսանյութերը տիրաժավորելուց՝ հասկանալով, որ ադրբեջանական կողմը դաշտ է բաց թողնելու միայն այնպիսի տեսաձայնային նյութեր, որոնք կարող են մեկնաբանվել ի վնաս հայ բանտարկյալների։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031