«Ռուբեն Վարդանյանի՝ երեկ տարածած հայտարարությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչքան տագնապալի է վիճակը եւ ինչպիսի խայտառակ դրություն է տիրում Բաքվում արդարադատության առումով։ Եվ դա կոչ էր բոլորիս՝ թե հայ հանրությանը՝ սթափության ու համարժեք քայլեր ձեռնարկելու, եւ թե միջազգային հանրությանը՝ արդարադատությունը պաշտպանելու առումով»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը։
Նշենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների, որոնց թվում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով իր նկատմամբ շինծու քրեական գործին, ահազանգել է, թե ինչ խախտումներ են իրականացվում Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով դատավարությունը Բաքվում մեկնարկում է այսօր։
«Այն, ինչ երեկ տարածվեց լրատվամիջոցներով՝ Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ, վկայում է, որ մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուի, դա կոչ էր մեզ բոլորիս, որպեսզի կուլ չտանք Ադրբեջանի կողմից հերթական խայծը՝ էլ ավելի պառակտվելու, թուլանալու եւ խոցելի դառնալու»,- ասաց Նարինե Աղաբալյանը։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունը պետք է արդարադատության ու իր քաղաքացիների պաշտպանության առաջին պահանջատերը լինի, ինչը մենք չենք տեսնում։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ