ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 15-ին ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով ներկաներին՝ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության հետ ձևավորած բազմաշերտ համագործակցության համար, կարևորել են համատեղ գրանցած շոշափելի արդյունքները, ընդգծել դրանք առաջիկայում ավելի համակարգային դարձնելու հեռանկարները՝ փոխգործակցության ընդլայնման միջոցով։ Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի գործիքակազմերին, արդի ծրագրային ապահովումներին և օրենսդրական դաշտի կատարելագործմանը։
Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ուժի կիրառման նոր ստանդարտի գործարկման, ծառայողների հատուկ պատրաստվածության և վերապատրաստումների վերաբերյալ հարցերը։
Կողմերն ընդգծել են նախարարության ենթակա մարմինների տարածքային ստորաբաժանումներում անձնակազմի կողմից հանրային հաղորդակցության և իրազեկման ապահովման կարևորությունը, ինչը բարեփոխումների համատեքստում ռազմավարական և առանցքային բաղադրիչներից է։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության տեխնիկական համալրվածությանը, անձնակազմի շարունակական վերապատրաստումներին և ծառայությանը վերաբերող հարցերին։
Քննարկվող թեմաների շրջանակում էին նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ինստիտուցիոնալացումը, թվային գործիքակազմերի և կատարողականի գնահատման մեխանիզմների ներդնումը։
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ