«Պետությունը, ի դեմս դատախազության, քննչական մարմինների եւ դատարանի՝ մի քանի տարի շարունակ զբաղված է պետական ռեսուրս ծախսելով մի գործի վրա, որը վերաբերում է անձի վրա շշով ջուր լցնելուն»,- 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստի ժամանակ նշեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Պաշտպանական կողմը հանրային մեղադրողի եզրափակիչ ելույթից շատ ավելին էր սպասում, քան մեղադրական եզրակացության վերընթերցումը: Շատ հարցերի պատասխաններ մնացին օդում կախված»,-ի թիվս այլնի՝ հավելեց նա:
Վահան Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց, թե օբյեկտիվ նախաքննության կատարման պարագայում, երբ դեպքին ներկա են գտնվել զոհված զինծառայողների բազմաթիվ ծնողներ, նրանցից որևէ մեկը չի հարցաքննվել, իսկ Գարիկ Գալեյանին «հիշել» են, երբ երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին նա ակտիվություն է ցուցաբերել:
Փաստաբանն ասաց, որ ինչ-որ տեղ հասկանում է դատարանի կաշկանդվածությունը, որը պայմանավորված է պաշտպանության հակառակ կողմում գտնվող անձանցով. «Օրինակ` Հովիկ Աղազարյանի դեմ սկսված արշավը, ըստ մամուլի հրապարակումների, Ռոման Բաղդասարյանի պատվերով էր… Հասկանում եմ դատարանի մտահոգությունը՝ եթե իշխանությունն այդպես վարվեց իրենց պատգամավորի հետ, ապա ինչպես կվարվի այս գործին առնչվող անձանց հետ»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, Գարիկ Գալեյանի նկատմամբ կայացրեց մեղադրական եզրակացություն՝ կիրառելով եռամսյա տնային կալանքը: Գալեյանը նշված ժամանակահատվածում չի կարող լքել իր բնակարանը:
«Հաշվի առնելով երկրում կատարվող իրադարձությունները, այս ամենը սպասելի էր: Իրենք ուզում են բոլոր պայքարող տեսակներին լռեցնել: Անցյալ դատական նիստին էլ ես ներկայացրի, որ պատահական չէր տարվա սկզբին գեներալներին կալանավորելը, անդրադարձա, որ զոհվածների ծնողներին էլ կփորձեն լռեցնել, այսինքն` այն տեսակին, որը պայքարում է օրվա իշխանության վարած քաղաքականության դեմ»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. ՀՀ Դատական դեպարտամենտի Մամուլի եվ Հասարակայնության հետ կապերի ծառայության պետը տեղեկացնում է. «Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ այսօր՝ հունվարի 17 -ին հրապարակել է ամբաստանյալ Գարիկ Գալեյանի դատավճիռ: Գարիկ Գալեյանը մեղադրվում է ՀՀ նոր Քր. Օր 396 հոդվածի 1 մասի //առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը// և ՀՀ նախկին Քր.Օր. 258 հոդվածի 3 մասի 1 կետի / խուլիգանություն/ հատկանիշներով :
ՀՀ ՔՐ Օր. 258 հոդվածի 3 րդ մասի 1 կետով Գալեյանը դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, ՀՀ Քր. Օր. 396 հոդվածի 1 մասով՝ 1 տարի ազատազրկման: Հանցանքների համակցման և մասնակի գումարման արդյունքում նշանակվել է 2 տարի ազատազրկում, որից հաշվակցվում է անազատության մեջ գտնված 6 ամիս 21 օրը:
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի, իսկ չբացակայելու մասին արգելքը և գրավը թողնվել են անփոփոխ: