Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ռազմագերիները կանգնելու են Բաքվի կեղծ ցեղասպանական դատարանի առաջ, չպետք է տրվենք տեղեկատվական գրոհին»․ Արտակ Բեգլարյան

Հունվար 17,2025 14:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այն անձինք, ովքեր ասում են, որ Արցախի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա, Արցախը հայկական է, դա նշանակում է, որ Իլհամ Ալիեւի ցեղասպանական ռեժիմի համար մենք բոլորս ահաբեկիչներ ենք։ Եթե մենք ահաբեկիչներ ենք, ուրեմն մենք եւս դատապարտվում ենք այնտեղ։ Դրա համար մենք բոլոր հնարավոր ատյաններում պետք է մեր ձայնը բարձրացնենք եւ առաջին հերթին ստիպենք, պահանջենք, ՀՀ իշխանություններից, որ տեղներից շարժվեն եւ առավելագույնը կատարեն՝ մեր պատանդներին հայրենիք վերադարձնելու համար, մեր արժանապատվությունը մեզ վերադարձնելու համար»,- այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նա շեշտեց, որ առաջին հերթին իրենց պահանջն ուղղված է ՀՀ իշխանություններին, որովհետեւ քանի դեռ մեր պետական ինստիտուտները մեր իրավունքների պաշտպանությամբ չեն զբաղվում, այլ պետություններն ընդհանրապես չեն զբաղվելու։

A protest against the illegal detention of Artsakh military and political leaders held in Baku prisons was held near the UN office in Yerevan, Armenia

Նշենք, որ Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների, որոնց թվում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով  իր նկատմամբ շինծու քրեական գործին, ահազանգել էր, թե ինչ խախտումներ են իրականացվում Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով դատավարությունը Բաքվում մեկնարկում է այսօր։

Արտակ Բեգլարյանն ասաց, որ առաջիկա շաբաթներին մեզ սպասվում է հերթական տեղեկատվական ու հոգեբանական գրոհը Բաքվից, չպետք է տրվել սադրանքներին։

«Մեր եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ ռազմագերիները կանգնելու են Բաքվի կեղծ ցեղասպանական դատարանի առաջ։ Եվ ես վստահ եմ, որ նվաստացուցիչ պատկերներ են ի հայտ գալու ադրբեջանական լրատվամիջոցներում, կոնտեքստից կտրված հայտարարություններ կամ, այսպես կոչված, ցուցմունքներ են հրապարակվելու։ Կամ խոշտանգումների եւ տարբեր բռնաճնշումների հետեւանքով նմանատիպ հայտարարություններ են լինելու, որոնց մենք չպետք է ուշադրություն դարձնենք։ Մենք բոլորս պետք է հիշենք՝ այնտեղ գտնվող մեր եղբայրներն իրավունք ունեն, ազատ են ասելու յուրաքանչյուր բառ, միայն իրենք ողջ վերադառնան հայրենիք։ Որեւէ մեկը՝ սովորական քաղաքացի կամ իշխանություն կրող անձ, իրավունք չունի թիրախավորելու, հարվածի տակ դնելու մեր եղբայրներին այնտեղ։ Իրենք այնտեղ են մեր երեսից, իրենք այնտեղ են եւ մեզ են ներկայացնում։ Եվ մենք այստեղ առավելագույնը պետք է անենք, որպեսզի որեւէ կերպ իրենք չթիրախավորվեն մեր հայրենակիցների կողմից, մենք ադրբեջանական թեզերը չպետք է բերենք հայկական տեղեկատվական տիրույթ, մենք ադրբեջանական նվաստացուցիչ պատկերները չպետք է բերենք հայկական տիրույթ՝ թե սոցիալական մեդիա, թե սոցցանցեր։ Իշխանություն կրող որեւէ անձ թող իրեն իրավունք չվերապահի որեւէ մեկին թիրախավորելու, որովհետեւ իրենք այնտեղ են իշխանությունների մեղքերի պատճառով, իրենք այնտեղ են իշխանությունների բացթողումների պատճառով։ Եվ այս առումով ես անձամբ հրապարակային թիրախավորելու եմ բոլոր անձանց, ովքեր կթիրախավորեն մեր եղբայրներին»,- հայտարարեց Արտակ Բեգլարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031