Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի անդամ պետությունները ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք այսօր համակարգային ձեւով անտեսվում են․ ամոթ ՄԱԿ-ին»․ Լարիսա Ալավերդյան

Հունվար 17,2025 14:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների, որոնց թվում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

A protest against the illegal detention of Artsakh military and political leaders held in Baku prisons was held near the UN office in Yerevan, Armenia

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով իր նկատմամբ շինծու քրեական գործին, ահազանգել էր, թե ինչ խախտումներ են իրականացվում Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով դատավարությունը Բաքվում մեկնարկում է այսօր։

A protest against the illegal detention of Artsakh military and political leaders held in Baku prisons was held near the UN office in Yerevan, Armenia

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր ելույթում ասաց, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ ՄԱԿ-ի անդամ պետությունները ոչ թե կարող են, այլ պարտավոր են իրականացնել որոշ գործողություններ, որոնք այսօր համակարգային ձեւով անտեսվում են։

«Ամոթ ՄԱԿ-ին։ Միջազգային հումանիտար իրավունքը պարտադրում է բոլորին, որ վերջ տան այն լկտի գործողություններին, որոնցով Ադրբեջանը ոչ թե ոտնահարում է մարդու իրավունքները կամ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլ հակադրում է իրեն։ Ցույց տվեք ինձ, ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, մեկ որոշում, որով հստակ կիրառում եք այս կամ այն պատժամիջոցը։ 2023 թվականի օգոստոսի 13-ին Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազն Արցախի շրջափակումը բնութագրել է որպես ցեղասպանական գործողություն եւ զգուշացրել է, որ այս մեթոդից հետո վրա են հասնելու ավելի կոշտ մեթոդներ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը չպատժվի, չկանխվի մարդկության դեմ հանցագործությունը։ Եվ այստեղ ՄԱԿ-ն ունի հստակ պարտավորություններ, մինչեւ անգամ այն կոնվենցիան, որը խոսում է ցեղասպանության կանխարգելման ու դրա համար պատժի մասին, հստակ պարունակում է հոդվածներ, որոնցով պարտադրում է կամ տրամադրում է այնպիսի իրավունքներ, որ ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն կարող է դիմել եւ պահանջել, որ իր հետ կապ չունեցող բոլորովին այլ պետությունում հարուցվեն քրեական գործեր։ Հայաստանն ուներ պարտականություն՝ այսպիսի դեպքերում՝ ագրեսիա, ցեղասպանություն, ինքը դիմել ՄԱԿ-ին եւ կարողանալ կանխել։ Բայց մենք գիտենք, որ արվել է հակառակը՝ հենց ՄԱԿ-ի նիստից առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ասել է, որ ոչ մի վտանգ չկա Արցախի ժողովրդի համար։ Այդ դեպքի համար է ՄԱԿ-ը, ՄԱԿ-ը չի կարող անտարբեր անցնել, եթե որեւէ պետություն չի կատարում միջազգայնորեն ճանաչած իր պարտականությունները։ Իսկ Հայաստանի պարտականությունները եղել են միջազգայնորեն ճանաչված՝ բոլորիս հայտնի Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ աշխարհում չի եղել մի այնպիսի կոնֆլիկտ, որտեղ ընդգրկված կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մեծամասնությունը։ Դա եղել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահները ՄԱԿ-ի երեք մշտական անդամ պետություններ են։ «Մենք պահանջում ենք չդադարեցնել Մինսկի խմբի աշխատանքը, դա տրված չէ ձեզ, դա հայեցողությամբ չէ։ Ես եւս մեկ անգամ այստեղ կանգնած բոլոր մարդկանց անունից պահանջում եմ հստակ գործողություններ, որոնք նշված են ՄԱԿ-ի կանոնադրությունում։ Մենք չենք պահանջում որեւէ այլ բան, քան ՄԱԿ-ի եւ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից իրենց պարտականությունների կատարումն է»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ազատագրական պայքարը, ինքնորոշված լինելու իրավունքի պաշտպանությունը նույնացնում է «տեռորիստական գործողությունների» հետ։ Հետեւաբար, մշտական գործողություններով պետք է ձայն բարձրացնել, այն, ինչ չի անում ՀՀ իշխանությունը, պետք է անի հասարակությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031