Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից եւս մեկ անգամ հաստատեց կամ բացահայտեց այն մեծ ճշմարտությունը, որի մասին իրավապաշտպան համայնքը խոսում էր»․ Գեղամ Ստեփանյան

Հունվար 17,2025 13:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցան բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն Բաքվի բանտում գտնվող հայ գերիների, որոնց թվում է նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով իր նկատմամբ շինծու քրեական գործին, ահազանգել էր, թե ինչ խախտումներ են իրականացվում Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով դատավարությունը Բաքվում մեկնարկում է այսօր։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուզում են միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այս կարեւոր եւ բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա եւ հնարավորինս մեծ միջազգային ճնշում գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանը ու հայրենադարձմանը։

Բաքվի դատախազությունը ՀՀ իշխանություններին կոչ էր արել համագործակցել իրենց հետ։ «Այդ հայտարարությունը Բաքվի կողմից վարվող անօրեն քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Եվ ես դա առհասարակ աբսուրդ եմ գնահատում։ Հույս եւ ինչ-որ առումով վստահություն ունենանք, որ նման բան չի կարող լինել»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Անդրադառնալով Ռուբերն Վարդանյանի՝ Բաքվի բանտից արված ուղերձին,  Գեղամ Ստեփանյանն ասաց․ «Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից եւս մեկ անգամ հաստատեց կամ բացահայտեց այն մեծ ճշմարտությունը, որի մասին այս ամբողջ ժամանակահատվածում իրավապաշտպան համայնքը խոսում էր։ Այն է, որ սա որեւէ ձեւով չի կարող համարվել իրավական գործընթաց, որ այս գործընթացում պահպանված չէ մարդու ամենատարրական իրավունքների պաշտպանությունը, մարդիկ բառի բուն իմաստով խոշտանգվում են Բաքվի բանտերում։ Գալով միջազգային հանրությանը՝ միջազգային հանրությունը ոչինչ չի անի, մինչեւ հստակ պահանջներ չձեւակերպվեն թե Հայաստանում, թե Հայաստանի իշխանությունների կողմից, թե Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից։ Պետք է միջազգային կառույցներում օրակարգային դարձնել այս հարցը, միայն դրանից հետո է հնարավոր, որ միգուցե Ադրբեջանի նկատմամբ ճնշումները կաճեն։ Միջազգային ճնշման բազմաթիվ միջոցներ ու գործիքներ կան,որոնցից որեւէ մեկն այս պահի դրությամբ Ադրբեջանի նկատմամբ կիրառված չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ցույցի մասնակիցները նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին։ Նամակով, ի թիվս այլ պահանջների, պահանջում են ՄԱԿ-ից ու միջազգային կառույցներից առավելագույն ճնշում գործադրել ալիեւյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացող հայ պատանդներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031