«Իրանն այսօր». Իրանն ու ՌԴ-ն այսօր «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին 20-ամյա պայմանագիր» են ստորագրելու: Ի՞նչ է սա ենթադրում:
➡️Թեհրանն ու Մոսկվան դեռ 2001թ. 10 տարի ժամկետով «ՌԴ և ԻԻՀ միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագիր» էին ստորագրել: Հետագայում այն ավտոմատ երկարաձգվել է:
➡️2021 թվականին՝ դեռ Հասան Ռոհանիի կառավարության օրոք, ռուսական կողմին առաջարկվել է ընդլայնել և ավելի մեծ ժամկետ սահմանել այդ պայմանագրի համար: Բանակցություններն հիմնականում ընթացել են Էբրահիմ Ռայիսիի կառավարության օրոք՝ նոր թափ ստանալով Ուկրաինայում պատերազմից հետո:
➡️Նախորդ պայմանագիրը բաղկացած էր 21 հոդվածից, նորը՝ 47: Սա լիովին բնական է՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ՌԴ-ն ու Իրանը ամենատարբեր ոլորտներում զարգացրել են իրենց համագործությունը, և հենց այդ ընդլայնված ոլորտներն էլ, ըստ էության, արտացոլվել են նոր հոդվածներում (օրինակ՝ Իրան ռուսական գազի մատակարարում և փոխադրում, Հյուսիս-Հարավ միջանցքում համագործակցություն և այլն):
Կարդացեք նաև
➡️Իրան-Չինաստան 25-ամյա համագործակցության փաստաթղթի նման, սա էլ ճանապարհային քարտեզ է լինելու. փաստաթղթում հիշատակված ոլորտներում համագործակցության համար կողմերը դեռ պետք է առանձին բանակցություններ անցկացնեն ու պայմանագրեր կնքեն: Այս առումով փաստաթուղթն ավելի շատ ամրագրում է երկկողմ համագործակցության ընթացիկ մակարդակն ու դրա հետագա խորացման պատրաստակամությունը:
⏺️Հատկանշական է նաև, որ Արևմուտքի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու փորձերի ֆոնին՝ իրանական կողմը փորձում է «փարատել» այս փաստաթղթի շուրջ հնարավոր մտահոգությունները. Իրանի արտգործնախարարը հայտարարում է, որ պայմանագրում շեշտը դրված է տնտեսական ոլորտի վրա և այն ռազմական դաշինք չի ենթադրում, նախագահ Փեզեշքիանն էլ հարցազրույց է տալիս ամերիկյան NBC-ին ու ընդգծում, որ Իրանը պատրաստ է բոլոր երկրների հետ, այդ թվում՝ եվրոպական կողմի հետ նման պայմանագրեր կնքել: