Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ պետական դպրոցները կարող են ատեստավորել ուսուցիչներին պետության ներդրած ծրագրով կամ մշակել կարողությունների զարգացման գործիքակազմ և նախարարության հաստատումից հետո այն գործարկել»

Հունվար 17,2025 12:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ոչ պետական հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և կարևորել կրթական բարեփոխումների արդյունավետության համատեքստում պետության համագործակցությունը մասնավոր հաստատությունների հետ:

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ոչ պետական հանրակրթական հաստատություններում հանրակրթական պետական և առարկայական չափորոշիչների պատշաճ ներդրմանը:

«Թեև գործընթացը բարդ է և երկար ժամանակ է պահանջում, սակայն կարևոր է այն մշտական ուշադրության կենտրոնում պահելը, որպեսզի առավելագույն արդյունք ապահովենք: Հանրակրթության նոր չափորոշիչը փուլային եղանակով արդեն ներդրված է հանրակրթական դպրոցների 7 դասարաններում, հաջորդ տարի կներդրվի ևս 4 դասարաններում, և արդյունքում 11 դասարաններում ուսուցումը կկազմակերպվի նոր չափորոշչով: Բոլորիս սպասվող մեծածավալ աշխատանքներից ամենաառանցքայինն աշակերտակենտրոն մոտեցումների ապահովումն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նա նաև ընդգծել է՝ համաձայն միջազգային գնահատումների՝ հանրակրթության բարեփոխումների մի շարք ուղղություններում զգալի առաջընթաց է գրանցվել, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է միջին ցուցանիշներ ունեցող երկրների ցանկում:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է ոչ պետական դպրոցների կողմից իրականացվող հեղինակային կամ այլընտրանքային ծրագրերի՝ հանրակրթական չափորոշչի դրույթներին անպայմանորեն համապատասխանեցնելու հարցը:

«Ոչ պետական դպրոցներն առավել ճկուն են իրենց գործունեությունը կազմակերպելիս, սակայն հեղինակային կամ այլընտրանքային ծրագրերն անհրաժեշտ է նախապես ներկայացնել փորձաքննության և կիրառել միայն նախարարի հրամանով հաստատումից հետո: Անկախ հանրակրթական հաստատության կազմակերպաիրավական ձևից՝ կրթության օրենսդրության պահանջները պարտադիր են բոլոր դպրոցների համար»,- մեկնաբանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Օրակարգում ներառված էր նաև «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ ոչ պետական դպրոցների ուսուցիչների ատեստավորման վերաբերյալ հարցը: Այս առնչությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է, որ նշյալ դպրոցներն ունեն ուսուցիչների կարողությունների զարգացման գործընթացն իրականացնելու երկու տարբերակ. «Ոչ պետական դպրոցները կարող են ատեստավորել ուսուցիչներին պետության ներդրած ծրագրով կամ մշակել կարողությունների զարգացման գործիքակազմ և նախարարության հաստատումից հետո այն գործարկել»:

Արաքսիա Սվաջյանը հայտնել է նաև, որ ընթացքի մեջ է դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանման գործընթացը, որի շրջանակում դիտարկվում է նաև ոչ պետական դպրոցների փորձը:

Հանդիպման ավարտին մասնակիցները մի շարք հարցեր են ուղղել ոլորտի տարբեր խնդիրների վերաբերյալ: Դրանք, մասնավորապես, վերաբերել են հեղինակային կամ այլընտրանքային ծրագրերի փորձաքննությանը, մարզերում ոչ պետական դպրոցներ հիմնելու հնարավորություններին և այլն:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031