Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրո առարկա հանցագործությունների կատարմանը նպաստում են իրավապահ մարմինների տեխնիկական սուղ հնարավորությունները

Հունվար 17,2025 13:00

«Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի տարեվերջյան (հուլիս-սեպտեմբեր 2024 7-9) համարում ընդգրկվել էին. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ի.գ.թ. Հայարփի Զարգարյանի՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում ամուսինների գույքային իրավահարաբերությունների որոշ առանձնահատկությունները», ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնական, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Արման Բաբախանյանի՝ «Քրեական ենթամշակույթի տարածման միտումները Հայաստանի Հանրապետությունում», ի.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս Գեւորգ Իսրայելյանի՝ «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակությունների տիպային մեխանիզմները եւ կանխարգելման միջոցները Հայաստանի Հանրապետությունում» ուսումնասիրությունները: «Առավոտը» ձեզ է ներկայացնում իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս ԳԵՎՈՐԳ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակությունների տիպային մեխանիզմները եւ կանխարգելման միջոցները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունից մի հատված:

«Վիճակագրական տվյալները վկայում են, որ վերջին տարիներին քրեաբանական բացասական միտում՝ լայն տարածում են ստացել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակությունների դեպքերը (2021 թվականին արձանագրվել է 181, 2022-ին՝ 461, 2023-ին՝ 630 դեպք): Չնայած դրան՝ Հայաստանի Հանրապետությունում տվյալ խնդիրը գիտական մակարդակով ամբողջովին ուսումնասիրված չէ: Նշվածը պայմանավորում է սույն հետազոտության անհրաժեշտությունը, արդիականությունը եւ նորույթը: Հետազոտության նպատակն է ուսումնասիրել տեղեկատվության եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակությունների տիպային մեխանիզմները, դրա հիման վրա ներկայացնել կանխարգելման առաջարկություններ:

Հիմնական հետազոտություն

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակությունների տիպային մեխանիզմները

Քրեական գործերի՝ մեր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները հավաստում են, որ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակություններին բնութագրական են հետեւյալ տիպային մեխանիզմները.

  1. Տուժողի «Իդրամ» դրամապանակին հասանելիություն ստանալը

Հանցավորը, որը հաճախ քրեակատարողական հիմնարկի կալանավոր է, «Viber» եւ «WhatsApp» հավելվածներով զանգահարում է տարբեր անձանց՝ հայտնելով, թե իբրեւ սխալմամբ գումար է փոխանցել նրանց «Իդրամ» դրամապանակներին եւ խնդրում տրամադրել նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը: Դրանք ձեռք բերելուց հետո նա հասանելիություն է ստանում տուժողների «Իդրամ» դրամապանակներին եւ, համապատասխան տվյալը մուտքագրելով, նրանց անունից կնքում է վարկային պայմանագրեր:

  1. Տուժողի բանկային քարտի տվյալներին հասանելիություն ստանալը

Այս մեխանիզմն ընդգրկում է հետեւյալ եղանակները.

1) Անհայտ անձը «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատում քաղաքացու հետ՝ «List.am» կայքում տեղադրված նրա հայտարարության տվյալներով: Գումար փոխանցելու պատրվակով հանցավորն ուղարկում է «Հայ Փոստի» հղում, որտեղ տուժողը լրացնում է իր բանկային քարտի տվյալները, ինչից հետո անհայտ անձը հափշտակում է քարտին առկա գումարը:

2) «WhatsApp» հավելվածով կամ բանկի տարբերանշանով այլ բջջային հավելվածով կամ բանկի հեռախոսահամարով քաղաքացու հետ կապ հաստատած անձը ներկայանում է որպես տվյալ բանկի աշխատակից, հավելվածի անվտանգությունն ապահովելու պատրվակով խաբեությամբ տիրանում է տուժողի բանկային քարտի տվյալներին եւ հաշվեհամարից կանխիկացնում գումար կամ առցանց վարկ ձեւակերպում:

3) Պատիժը կրելու ընթացքում գումար հափշտակելու դիտավորությամբ քրեակատարողական հիմնարկից՝ իր կողմից ապօրինի օգտագործվող բջջային հեռախոսների միջոցով ստանալով համացանցի հասանելիություն՝ հանցավորը մուտք է գործում «Odnoklasniki.ru» կայք, որտեղ, բացելով անհատական էջ, ծանոթանում է տուժողի հետ, նրա հետ ստեղծում կեղծ մտերմիկ հարաբերություններ: Հետագայում, տուժողի վստահությունը չարաշահելու եղանակով՝ հանցավորը նրանից պահանջում է բանկային քարտի թվային տվյալները, որոնց միջոցով կատարում դրամական միջոցների հափշտակություն:

4) Հանցավորը սոցիալական կայքի միջոցով անձնական ծանոթություն է հաստատում տուժողի հետ, առաջարկում գնալ թատրոն եւ տոմսի համար վճարելու նպատակով նրան համոզում է բանկային քարտի տվյալները լրացնել իր կողմից ուղարկված՝ ֆիշինգային կայքում ստեղծված կեղծ վճարային համակարգի հղմանը: Տուժողը լրացնում է բանկային քարտի տվյալները, կատարում վճարում, սակայն ստանում է մերժում եւ առաջարկ՝ դիմել վաճառքը սպասարկող բաժին: Դիմելով այդ բաժին՝ տուժողից ճշտում են քարտին առկա ողջ գումարի չափը եւ, իմանալով դա, հափշտակում այն:

Այս մեխանիզմով կատարվող հափշտակությունների պարագայում հանցավորները, որպես կանոն, ձեռք են բերում կրիպտոարժույթ, որի շարժը վերահսկելի չէ, կամ հափշտակված գումարները փոխանցվում են հանցավորների կողմից տնօրինվող, սակայն այլ անձանց պատկանող բանկային քարտերին, որոնցից այնուհետեւ կանխիկացվում կամ փոխանցվում են Հայաստանում գործունեություն ծավալող բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին։

  1. Տուժողի գումարին հասանելիություն ստանալը

Այս մեխանիզմը եւս ներառում է տարբեր եղանակներ.

1) Հանցավորը «Facebook» կամ «Instagram» սոցիալական կայքով ներկայանում է որեւէ կազմակերպության, օրինակ՝ «Գազպրոմ» ընկերության մենեջեր կամ ֆինանսական խորհրդատու, ներդրումային կեղծ կայքերում ներդրում կատարելու եւ եկամուտի հետ միասին հետ փոխանցելու պատրվակով տուժողից պահանջում եւ փոխանցման միջոցով ստանում է գումար, սակայն փոխանցելուց հետո խաբեությամբ հափշտակում է այն:

2) Անհայտ անձը «Facebook.com» սոցիալական ցանցում, տուժողի՝ արտերկրում, որպես կանոն, ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում գտնվող ընկերոջ անունով եւ նկարներով ֆեյսբուքյան էջ է բացում ու խաբեությամբ տիրանում որպես օգնություն տուժողի կողմից «Թել-Սել» հավելվածով կամ այլ էլեկտրոնային եղանակով փոխանցված գումարին:

Ընդհանրացնելով վերոգրյալը՝ կարելի է փաստել, որ քննարկվող հանցագործությունների մեխանիզմում գլխավոր դերը, որպես կանոն, պատկանում է զոհային գործոնին: Այլ խոսքով՝ հիշատակված հանցագործությունների կատարումը գերազանցապես պայմանավորում է տուժողի անձնային, վարքային հատկանիշները, իսկ երբեմն նաեւ հանցավորի հետ փոխհարաբերությունների բնույթը: Տուժողներին բնութագրական անձնային հատկանիշներն են՝ դյուրահավատությունը, անշրջահայացությունը, թեթեւամտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու նվազ կարողությունները: Նշված անձնային հատկանիշներին համապատասխան՝ կոնկրետ իրադրությունում տուժողները, որպես կանոն, դրսեւորում են դասավորվող իրադրությունը ճիշտ գնահատելու անկարողություն, հայտնվում են մոլորության մեջ, երբեմն էլ անհեռատեսորեն հաստատում են վտանգավոր կապեր:

Զոհային գործոնից բացի՝ խնդրո առարկա հանցագործությունների կատարմանը նպաստում է իրավապահ մարմինների տեխնիկական սուղ հնարավորությունները:

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակությունների կանխարգելման առաջարկություններ

Հաշվի առնելով խնդրո առարկա հանցագործությունների կատարման առանձնահատկությունները՝ հատուկ կանխարգելման կազմակերպման ուղղությամբ առաջարկում ենք.

1) լուծել իրավապահ մարմինների տեխնիկական վերազինման, համապատասխան հավելվածներ հասանելիության հարցը, մասնավորապես՝ պարբերաբար համագործակցել «Chainalysis» ընկերության տարածաշրջանային ներկայացուցչության հետ՝ հատկապես «Reactor» ծրագրային ապահովումից օգտվելու ժամանակավոր արտոնագրեր ստանալու նպատակով, որի միջոցով հնարավոր է տեղեկություններ ստանալ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող կիրոպտոարժույթների վերաբերյալ,

2) իրականացնել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տիրույթի, մասնավորապես՝ դոմենային տիրույթի եւ հայտնի սոցիալական ցանցերի հայկական սեգմենտի մշտադիտարկում, օպերատիվորեն հայտնաբերել համացանցում անօրինական բովանդակությամբ համապատասխան տեղեկատվություն եւ համարժեք արձագանքել դրան:

Խնդրո առարկա հանցագործությունների կանխարգելման համար հատկապես արդյունավետ են զոհաբանական բնույթի կանխարգելիչ միջոցառումները: Նկատի ունենալով տուժողի անձնային, վարքային հատկանիշները, հանցավորի հետ փոխհարաբերությունների բնույթը՝ առաջարկում ենք իրականացնել զոհաբանական կանխարգելիչ հետեւյալ միջոցառումները.

1) բնակչության շրջանում անցկացնել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով կատարվող հափշտակությունների զոհաբանական հարցերով սեմինարներ, քննարկումներ եւ այլ միջոցառումներ,

2) նպատակաուղղված օգտագործել մեդիայի հնարավորությունները, օրինակ՝ իրականացնել մեդիահրապարակումներ զոհային վարքի ձեւավորմանը նպաստող գործոնների եւ հետեւանքների վերաբերյալ,

3) ուսումնական հաստատություններում կազմակերպել զոհաբանական դաստիարակության ուղղվածություն ունեցող պարապմունքներ,

4) իրավապահ մարմինների միջոցով բնակչության շրջանում անցկացնել իրազեկման միջոցառումներ այն մասին, թե ինչպես խուսափել զոհածին իրավիճակից, ինչպիսի վարքագիծ դրսեւորել համացանցային կասկածելի ծանոթությունների առաջարկ ստանալիս, ում դիմել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով հափշտակությունից տուժելու դեպքում, ինչպես նաեւ տեղեկատվություն տարածել նշված մեխանիզմով հափշտակություններ կատարողի անձի առանձնահատկությունների, հանցանքի կատարման արդի ձեւերի մասին»:

«Առավոտ» օրաթերթ
16.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031