Հիշողություններ Գերմանիայի ու գերմանացիների մասին իմ անտիպ գրքից
Սպիտակի երկրաշարժից հետո ես ավելի հաճախ էի մեկնում Գերմանիա, հիմնականում՝ գերմանացի ընկերներիս հրավերով։ Երկրաշարժի արհավիրքները որոշ ժամանակով մոռացության տալու նպատակով, ընկերներս ինձ անընդհատ շրջագայության էին տանում։
Գերմանական երկու պետությունների վերամիավորումից հետո ես, սովորաբար, Բեռլինից գնում էի նախկին ԳԴՀ-ի Բիթթերֆելդ քաղաքի մոտակայքում գտնվող Ֆրիդերսդորֆ գյուղում բնակվող Մանֆրեդ Բարչի տուն։ Նա միշտ ինձ դիմավորում էր Բիթթերֆելդի երկաթուղային կայարանում, գաշտետում մի բաժակ գարեջուր հյուրասիրում, ապա տանում էր իր տուն։ Այդպես էլ այս անգամ։
Կայարանի սպասասրահում ես նկատեցի ոչ գերմանական արտաքինով տասնյակ երիտասարդների, ովքեր խառնիխուռն խմբերով նստած էին սրահի նստարանների թիկնակներին, ոտքերը դրած նստատեղերին ու, այստեղի բարքերին ոչ ընդունելի ձեւերով, բարձրաձայն զրուցում էին։ Այդ զրույցներն ավելի շատ գոռգոռոցի էր նմանվում, իսկ պահվածքներն անհանդուրժելի, որոշների մոտ՝ լկտի։
Կարդացեք նաև
-Ովքե՞ր են այս մարդիկ,- հարցրեցի Մանֆրեդին։
-Աֆղանստանցի փախստականներ են։ Ամերիկյան հարձակումների ժամանակ նրանք լքել են իրենց երկիրն ու հասել Գերմանիա։
-Իսկ նրանք երկա՞ր են մնալու այստեղ՝ Գերմանիայում։
-Չգիտեմ։ Մեր կառավարությունն առայժմ նրանց տեղավորել է փախստականների ճամբարներում՝ ապահովելով սննդով, հագուստով, գիշերակացով եւ, նույնիսկ նպաստներ վճարելով։ Հետագայում կորոշեն, թե նրանց հետ ինչպես են վարվելու,- պատասխանեց Մանֆրեդն ու ճամպրուկներս տեղավորելով իր ավտոմեքենայի մեջ, շարժվեցինք դեպի Ֆրիդերսդորֆ։
-Սպարտակ, Ձեր Հայրենիքում գիտեմ, հիմա նույնպես պատերազմ է ու ծայրահեղ ծանր իրավիճակ։ Կցանկանայի՞ր լքել Հայաստանն ու նման կարգավիճակով ապրել մեր երկրում։
-Սիրելի Մանֆրեդ, անգամ սարսափելի երկրաշարժի օրերին չեմ մտածել այդ մասին։ Ես Հայաստանը շատ եմ սիրում։ Եվ, եթե նույնիսկ ցանկանայի էլ, չէի կարող։ Երկրաշարժի ժամանակ զոհված հարազատներիս երեսունից ավել որբացած, խեղված ճակատագրերով, խեղանդամ, անօթեւան երեխաներ են ինձ սպասում ու իմ ամենօրյա օգնության կարիքն զգում,- սրտիս մխացող ցավը բացեցի Մանֆրեդի առաջ։ Նա արգելակեց մեքենան, մի պահ տխրամած աչքերով ինձ նայեց, ամբողջ մարմնով շրջվեց իմ կողմն ու ամուր գրկեց ինձ։ Հետո, կարծես փոքր-ինչ հանդարտվեց, ու շարժվեցինք։
Մանֆրեդի կինը՝ Էդիտան, տան դարպասների մոտ մեզ էր սպասում։ Նա ջերմորեն բարեւեց ինձ, ներս հրավիրեց ու ապսպրեց՝ արդեն մոտենալ իր պատրաստած սեղանին։
Մինչ այդ հնչեց տան հեռախոսազանգը։ Ալֆրեդն էր, գերմանացի իմ մյուս ընկերը։
-Այո, այո՛, Ալֆրեդ։ Մենք արդեն տուն ենք հասել,- հայտնեց Մանֆրեդն ու մոտեցավ սեղանին։
-Ալֆրեդը վաղ առավոտյան այստեղ կլինի։ Նա ասաց, իր ավտոմեքենայով գալու է քեզ Լեգելցհուղստ տանի,- «զեկուցեց» Մանֆրեդն ու սկսեցինք ճաշել։
Ալֆրեդը «գերմանական ճշտապահությամբ» ժամանեց։ Նախաճաշելուց հետո, շարժվեցինք դեպի Բադեն-Վյուրթեմբերգ։ Ճանապարհին Ալֆրեդը հարց ու փորձ էր անում Հայաստանի, Սպիտակի եւ իմ այն ընկերների մասին, ում հետ շփվել էր իր այցելությունների ժամանակ։
Ալֆրեդի տանը մեկ օր մնալուց հետո, ճանապարհվեցինք դեպի Սաառլանդ, որտեղ բնակվում էր Ալոյիսը։ Սաառլանդ տանող կարճ ճանապարհն անցնում էր Ֆրանսիայով։ Նախքան սահմանը հատելն, Ալֆրեդն ինձ առաջարկեց հանդիպել Քիլ սահմանամերձ քաղաքում վաղուց բնակություն հաստատած մի քանի հայերի, որոնց հետ նախապես պայմանավորվել էր։
Առաջին հայը, ում հետ ծանոթացա, Տիգրանն էր։ Չգիտեմ ինչո՞ւ, նրան Դիքրան էին անվանում։ Նա, ինչպես նաեւ նրա տանը գտնվող հայերը, ովքեր տանտիրոջ հրավերով եկել էին ինձ հետ տեսակցելու, բոլորը թուրքահայեր էին, հիմնականում՝ Ստամբուլից։ Նրանք միմյանց հետ թուրքերեն էին խոսում, իսկ ինձ հետ՝ ոչ վարժ հայերենով։ Մի քանի բառ փոխանակելուց հետո, Տիգրանն ինձ դիմեց իրենց բարբառով.
-Սբառդակ, դուն եգել ես հոս աբրելո՞ւ նբադագով։
-Ո՛չ, Դիքրան,- իմ փոխարեն պատասխանեց Ալֆրեդը։ -Նա միայն մեզ հյուր է եկել։
-Հաա՜, ես էլ մտածում էի մեզ մոտ աշխատանքի տեղավորել նրան,- ասաց Տիգրանը։
Ալֆրեդի հետ շուտով հրաժեշտ տվեցինք նրանց եւ ուղեւորվեցինք դեպի Ֆրանսիա։ Սահման չհասած, ճանապարհի աջակողմյան տարածքում նկատեցինք գնչուների մի մեծ թափառախմբի, որոնք, ինչպես երեւում էր՝ երկար ժամանակով էին հաստատվել այդտեղ։ Դա մենք հասկացանք տեղակայված բազմաթիվ վրանների առատությունից ու ինքնաշեն հարմարություններից։
-Նայի՛ր,- սրտնեղած ինձ դիմեց Ալֆրեդը։ – Դու նրանց շքեզ Մերսեդեսներին ու մյուս ավտոմեքենաներին նայիր։ Ես գիշեր ու զոր աշխատում եմ, բայց չեմ կարողանում նման թանկարժեք ավտոմեքենա գնել։ Նրանք ունեն, բայց նրանցից ոչ մեկը ոչ մի տեղ չի աշխատում։ Եվ ունե՛ն։ Ասա՛ ինձ Սպարտակ, որտեղի՞ց նրանց այս ամենը։ Գողացե՛լ են մեր երկրից, մեր ժողովրդից։ Գո-ղա-ցել են,- կոշտ շեշտադրությամբ, ինքն իր հարցին պատասխանեց Ալֆրեդը։ Նա ինձ ուղեկցեց մինչեւ Բիսթեն՝ Ալոյիսի տուն, ու մեկ ժամից հրաժեշտ տվեց մեզ։ Իսկ ես քսան օրից վերադարձա Սպիտակ։
Անցան տարիներ, որոնց ընթացքում ես նորից ու նորից այցելում էի ընկերներիս, եւ այդ ժամանակահատվածում ականատես էի լինում բազմաթիվ էմիգրանտների, նաեւ տեղեկանում Եվրոպայում արդեն միլիոնավոր փախստականների գոյության մասին։ Էմիգրանտների «հորդացող» ներհոսքն սկսվեց քաղաքական նոր կատեգորիա ստացած «Արաբական գարուն»-ից, որն սկսվեց 2010 թ., հյուսիսային Աֆրիկայից՝ Թունիսից, տեղափոխվեց Եգիպտոս, հետո՝ Լիբիա եւ հասավ մինչեւ Սիրիա։ Միլիոնավոր փախստականներ Միջերկրական ծովով, անապահով մակույկներով, տեղափոխվում էին եվրոպական երկրներ։ Թեեւ դժկամությամբ, սակայն այնտեղ ընդունում էին նրանց։ Ամենից շատ՝ Գերմանիան։
Մերձավոր Արեւելքում միլիոնավոր փախստականներ մնացել էին անօթեւան, «օրվա հաց ու ջրի կարոտ»։ Նրանք խմբերով սկսեցին շարժվել դեպի Թուրքիա, այնտեղից Եվրոպա տեղափոխվելու ակնկալիքով։ Որպեսզի նրանց հոսքը դադարեցվի, Եվրամիությունն առաջարկեց Թուրքիայում ստեղծել փախստականների ճամբարներ եւ դրանց պահպանման համար տրամադրել, ոչ ավել, ոչ պակաս՝ վեց միլիարդ եվրո գումար, սկզբից վճարելով երեք միլիարդը։ Թուրքերն, իրենց հատուկ խորամանկությամբ, ընդունեցին առաջարկն ու ստացան առաջին երեք միլիարդը։ Բայց իմ խորին համոզմամբ, այդ գումարի «առյուծի բաժինը» «սեփականաշնորհեցին», իսկ փախստականներին անթույլատրելի ձեւով՝ ծովային խարխուլ նավակ-մակույկներով, գաղտագողի ճանապարհեցին դեպի «հին աշխարհամաս», հասկանալով, որ նրանց մեծ մասը ճանապարհին ջրահեղձ են լինելու։ Համոզված եմ, որ Եվրոպա հասած փախստականների մեջ հազարավոր ահաբեկիչներ ու մարդասպաններ են եղել։
Եվրամիության առաջարկած երկրորդ երեք միլիարդը փոքր-ինչ ուշ ստանալու համար, թուրքերը խնդիրներ ստեղծեցին։ Անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին սպառնալով, թե՝ զգույշ պահեք ձեզ, այլապես գիշերները հանգիստ չեք կարող քնել ձեր տներում։ Հասկանալի չէ՞, որ այնքան մեծ քանակությամբ թուրքեր են լցվել Գերմանիա, որ Էրդողանն արդեն սպառնում է կանցլերին, դրանով իսկ հաստատելով նաեւ, որ ինքը կապված է փախստականների խմբերի կազմում Եվրոպա ներխուժած ահաբեկիչների հետ։
Այդ սպառնալիքները ոչ միայն Եվրոպայի տնտեսության, արդյունաբերության լոկոմոտիվ Գերմանիային, այլ ողջ Եվրոպային էր ուղղված, որն անարձագանք մնաց։ Նման անթույլատրելի լռակյաց պահվածքները հետեւանքներն ունեցան Եվրոպայի մի շարք երկրներում՝ Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլուր կատարված ահաբեկչությունները, որոնցից «ամենահնչեղներից» մի քանիսը տեղի ունեցան Փարիզում։ 2015թ. հունվարի յոթին, ֆրանսիական Շառլի Հեբդո երգիծական ամսագրի խմբագրություն ներխուժած երեք զինված մահմեդական ծայրահեղական-ահաբեկիչների խումբն անարգել գնդակահարեց տասներկու մարդու, որոնցից՝ երկու ոստիկանի։ Այս կերպ նրանք վրեժ էին լուծել խմբագրության լրագրողներից՝ ամսագրում տպագրված մարգարե Մոհամեդի ծաղրանկարների համար։ Փարիզում դեռ հիշում են լրագրողների դեմ կատարված մի քանի հաշվեհարդար-դանակահարություններ։
Գերմանիայում, Սուրբ Ծննդյան տոների օրերին, գազազած ու սրբապիղծ ներգաղթյալներից մեկը, անասնական բնազդով բռնաբարել էր դեռատի աղջնակին ու փախել։ Այդ օրերին, փախստականների դեմ բողոքի մեծ ցույցեր տեղի ունեցան եւ որոշ ժամանակ անց, մարեցին։
Տարիներ առաջ էլ, նեոնացիստները (հաղորդագրությունների մեջ այդպես էր նշված) Գերմանիայի ներգաղթյալների ճամբարի մի ողջ տարածք էին կրակի մատնել, որը շղթայական ռեակցիայի նման բռնկվեց ողջ երկրով մեկ, սակայն պետության կողմից ձեռնարկված միջոցառումների հետեւանքով, դադարեցին նաեւ այդ գործողությունները։
***
Գերմանիայի պետական կառույցների կողմից աշխատանքային հրավերով այնտեղ աշխատող ու բնակվող որդուս հրավերով, հաճախ եմ այցելում նրանց։ Այդ ընթացքում, իմ ամենապաշտելի զբաղմունքը թոռնուհիներիս հետ շփումներն են։ Նրանց ինքս եմ ուղեկցում դպրոց կամ մանկապարտեզ։ Երբ մանկապարտեզից վերցնում էի թոռնուհուս, նկատում էի, որ գերմանցին մեկ երեխա է տուն տանում։ Իսկ ահա մի փոքրամարմին այլազգի կին, սայլակին երկու երեխա նստեցրած, մեկի ձեռքը բռնած, երկու երեխա էլ մանկապարտեզից է վերցնում։ Ես տեղեկացել էի, որ նա, որպես ներգաղթյալ, նույնիսկ մանկապարտեզի վարձ չի վճարում։
Երեկոներն զբոսնելու ընթացքում, ոչ հաճախ սրճարաններ մտնելով, ականատես էի լինում, որ այնտեղ իրենց հանգիստն անց կացնող այցելուներից մեկ կամ երկու գերմանացի հաճախորդներ են նստած։ Դրան հակառակ, հարեւան սեղաններն զբաղեցնում են տասնյակ օտարազգի ներգաղթյալներ։
Տարիներ շարունակ Գերմանիա ներգաղթյալներ ընդունելու կամ բացառելու գործընթացը, մեր օրերում, արդեն դարձել է Բունդեսթագի ընտրությունների ժամանակ «ձայներ հավաքելու խաղաթուղթ»։
Կարծում եմ, ժողովրդավարական երկրների նմանատիպ քաղաքականությունը նպաստում է ոչ միայն պետությանն այլազգիներով վերաբնակեցմանը, այլ հարվածում է տվյալ ազգի գենոֆոնդի պահպանմանը, այդ պետության ազգային միասնականությանը, ազգային մտածելակերպին եւ վերջապես՝ զարգացման հեռանկարներին, որքան էլ դրանք ամուր ձեռքերում լինեն։
Հայցելով եվրոպացի ժողովրդի ներողամտությունը, կարծում եմ՝ օրեցօր ահագնացող ներգաղթյալների հոսքը վտանգում է իրենց իսկ պետությունների անվտանգությանը, որքան էլ պաշտպանական առումով ապահովված լինի դա։
Թող նացիստական գաղափարախոսություն չհամարվի իմ մասնավոր կարծիքը, սակայն, այն ամենն, ինչ նկարագրված են եւ կատարվում են եվրոպական երկրներում, դրա վառ ապացույցն է։
Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ
«Առավոտ» օրաթերթ
16.01.2025